Եվրամիության երկրները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի ներկայացրած պատվաստման կանաչ հավաստագրի նախագծին, սակայն այն կյանքի կոչելու համար երկրները պետք է մեծ աշխատանք տանեն։
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։ Ըստ Եվրահանձնաժողովի նախագծի՝ պատվաստման նոր կանաչ հավաստագիրը կամ «կանաչ թվային անցաթուղթը» միավորելու է միաժամանակ 3 փաստաթուղթ է՝ պատվաստման հավաստագիրը, Covid-19-ով հիվանդացած լինելու մասին փաստաթուղթը, որի արդյունքում մարդը բնական միջոցով է ժամանակավոր իմունիտետ ձեռք բերել, ինչպես նաև վերջին թեստերի մասին վկայականը։
Կանաչ հավաստագրի թեման քննարկվելու է ԵՄ ղեկավարների մարտի 25-26-ի տեսակոնֆերանսում։ Ըստ Շեֆչովիչի՝ «կանաչ անցաթուղթը» նախատեսվում է մտցնել մինչև հունիս, իսկ բնակչության գոնե 70%-ին հնարավոր կլինի պատվաստել օգոստոսի վերջից ոչ շուտ։ Ընդ որում, ըստ Շեֆչովիչի՝ այդ ցուցանիշն էլ երաշխավորված չէ, քանի որ պատվաստանյութերի մատակարարները միշտ չէ, որ հստակ պահպանում են առաքման ժամկետները։ Նշվում է, որ եթե ԵՄ կանաչ անցաթուղթը չափից ավելի մեծ արտոնություններ կտրամադրի ԵՄ պատվաստված քաղաքացիներին, հատկապես՝ ամառային արձակուրդների շրջանում զբոսաշրջության և ուղևորությունների ոլորտում, դա կարող է սոցիալական սուր հակասություններ առաջացնել։ Շեֆչովիչը նշել է, որ ԵՀ-ն որևիցե դեպքում թույլ չի տա, որ ԵՄ-ում պատվաստման հատկանիշով խտրականություն առաջանա։