Ես Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններն ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, որոնք խստացված տուգանքներ են նախատեսում ԶԼՄ-ներում զրպարտության եւ վիրավորանքների համար: Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դրանով, ըստ նրա, ճնշում է գործադրվում ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների եւ քաղաքացիների վրա:
«Սահմանված փոխհատուցումներն անտրամաբանական են եւ միայն մի նպատակ ունեն՝ լռեցնել բոլոր ընդդիմախոսներին»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նաեւ հավելել է, որ խորհրդարանում քվեարկությունից հետո փաստաթուղթն ուղարկել է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաեւ՝ տարբեր իրավապաշտպաններին եւ լրագրողական կազմակերպություններին:
Քաղաքական գործիչը կարծում է, որ իշխանությունների՝ խոսքի ազատությունը ճնշելու փորձին պետք է համապատասխան կերպով արձագանքել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանը հաստատել էր Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխությունները, համաձայն որի վիրավորանքի համար փոխհատուցման չափը 1 միլիոն դրամից 3 միլիոն է դառնում, իսկ զրպարտության համար՝ 2-ից 6 միլիոն դրամ: