f

Անկախ

Մրցույթը բաց է, բայց գաղտնի


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հունվարի վերջին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարել: Մարտի 4-ին մրցույթը կայացել է: Այդ կապակցությամբ զանգահարեցինք նշված նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն, որպեսզի իմանանք արդյունքների մասին:

Մեզ տեղեկացրին, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ մարդ, սակայն ոչ ոք չի հաղթել: Հարցրինք՝ ովքե՞ր են այդ հինգ հոգին: Պատասխանեցին, որ չեն կարող հայտնել, դրա համար պետք է վերցնեն տվյալ անձնավորությունների համաձայնությունը: Ապշեցինք: Չէ՞ որ խոսքը բաց մրցույթի մասին է, ոչ թե պետական գաղտնիքի: Պնդեցին՝ կարգն է այդպիսին: Լավ, հիմա ի՞նչ պիտի արվի, գրադարանը տնօրեն չի ունենալո՞ւ: Պատասխանեցին, որ դեռ ոչինչ պարզ չէ, քանի որ հավակնորդներից երկուսը բողոքարկել են մրցույթի արդյունքները, պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի պարզվի, թե որքանով են այդ բողոքարկումները հիմնավոր: Դրանից հետո նախարարությունն իր անելիքը կորոշի: Լավ, գոնե այդ բողոքարկողների անունները կարելի՞ է իմանալ: Ոչ, չի կարելի,- պատասխանեցին:

Փորձեցինք մեր օրենսդրության մեջ գտնել ԿԳՄՍ նախարարության այս գործելակերպի հիմնավորումը: Չգտանք: Դրան հակառակ հայտնաբերեցինք ՀՀ կառավարության 25.01.2005 թ. N224-Ն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» գործող որոշումը, որում ամրագրված է, որ տնօրենները նշանակվում են բաց մրցույթով, մանրամասն գրված է, թե ինչպես է կատարվում այդ բաց մրցույթը, և ոչ մի խոսք չկա հավակնորդների անունները գաղտնի պահելու մասին: Տարրական տրամաբանությունն էլ հուշում է, որ եթե խոսքը բաց մրցույթի մասին է, ապա բաց պետք է լինի ամեն ինչ, ընդհուպ հավակնորդների անունները: Մանավանդ եթե խոսքը պետական կարևոր, առանցքային գիտամշակութային, հետևաբար համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հաստատության մասին է:

Փաստորեն սա է «Նոր Հայաստան» հորջորջված մեր երկրի իշխանությունների գործելակերպը, «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այստեղ  «3 միլին վարչապետ կա», այսինքն՝ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ընդհուպ ո՛ր դատավորը մնա կամ չմնա Սահմանադրական դատարանում, բայց ժողովուրդը չպետք է իմանա, թե ով է հավակնում դառնալու Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն: Դա հույժ գաղտնի տվյալ է: Ինչքան հասկացանք, ԿԳՄՍ նախարարությունում կարծում են, որ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն դառնալու ցանկությունը խիստ անձնական, մարդու մասնավոր կյանքին պատկանող տվյալ է, հետևաբար հրապարակման ենթակա չէ:

Մեր ունեցած աղբյուրներից տեղեկացանք, որ հինգ հավակնորդներն են՝ Աբգար Ափինյան (գրականագետ), Վարդան Գրիգորյան, Անահիտ Ասատրյան (Չարենցի տուն-թանգարանի տնօրեն), Հրաչյա Սարիբեկյան (արձակագիր, գրականագետ, ներկայումս գրադարանի տնօրենի պաշտոնակատար), Արմեն Ավանեսյան (գրականագետ):

Փաստորեն քննությունը չի հաղթահարել նաև ներկայիս տնօրենի պաշտոնակատարը, որը էական առավելություն ուներ մյուսների նկատմամբ, քանի որ պետք է ավելի հարուստ գիտելիքներ ունենար գրադարանի կառուցվածքի, գործառույթների, գործի կազմակերպման սկզբունքների և այլ հանգամանքների մասին: Նշենք, որ ըստ հայտարարված մրցույթի պայմանների՝ դիմողի կողմից ներկայացվող փաստաթղթերի թվում պարտադիր է եղել նրա մշակած «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգը:

Մեզ տեղեկացրին, որ Ազգային գրադարանում այժմ ջանասիրաբար ստորագրահավաք է կազմակերպվում մրցույթի արդյունքների դեմ, ստորագրողները կարծում են, որ անարդարություն է տեղի ունեցել: Հարցրինք՝ բոլո՞րն են ստորագրում, եթե ոչ բոլորը, ապա ովքե՞ր: Պարզվեց, որ հիմնականում ստորագրում են այն անձինք, որոնց այս մեկ տարվա ընթացքում գրադարան է բերել տնօրենի պաշտոնակատարը, մի մասն էլ ստորագրում է վախից, որ հանկարծ աշխատանքից չհեռացնեն:  

«Առհասարակ գրադարանում մինի մոդելով կատարվում է այն, ինչ այսօր կատարվում է ողջ հանրապետությունում: Գրադարանում աշխատանքի անցած մարդը վեց ամիս անց նշանակվեց տնօրենի պաշտոնակատար, այդպես էին որոշել նախարարությունում: Գուցե նա լավ գրականագետ է և լավ գրող, բայց ոչինչ չի հասկանում գրադարանային գործից և չի էլ փորձում սովորել, խորանալ, հասկանալ: Փոխարենը դրսից բերում է մարդկանց, որոնք նույնպես ոչինչ չեն հասկանում և նշանակում է առանցքային պաշտոններում, ավելին, նրանց հավելավճարներ է նշանակում և անտեսում «հնաբնակներին»: Եթե փորձենք հակաճառել նրա այս կամ այն վիճելի որոշմանը, միանգամից կդառնանք persona non grata և մեր գլխին կկախվի աշխատանքից ազատվելու վտանգը: Մենք էլ լռում ենք: Սա է վիճակը»,- ասում են մեր աղբյուրները:

Մենք հակված չենք կարծելու, որ մեր ձեռք բերած տեղեկությունները 100 տոկոսով ճիշտ են, բայց դրա պատասխանատվությունն արդեն մերը չէ, այլ նախարարությանը:

 

մշակույթ Հայաստանի ազգային գրադարան ԿԳՄՍ նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org
Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Տիգրան Ավինյան
Թուրքիան ամբողջությամբ դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը
Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ոստիկանություն․ քննարկել են կորոնավիրուսի և ընտրությունների հարցերը
Ավելին
Ավելին