f

Անկախ

Պոեզիան ինձ համար գլխապտույտ սիմֆոնիա է, որ լցվում է երակներիս մեջ, ապա կաթիլ առ կաթիլ հոսում գրչիս նեղ ակոսով… Նարինե Ավագյան


Նարինե Ավագյանը բանաստեղծական աշխարհում իր խոսքն ասել է վաղուց` հեղինակելով մի շարք գրքեր: Գյումրիում, մտավորականի ընտանիքում ծնված Նարինեն  ավարտել է հարազատ քաղաքի մանկավարժական համալսարանը: Նա  վեց  գրքի հեղինակ է, «Տիր» գրական-մշակութային ակումբի, ինչպես նաև ԱՄՆ հայ գրողների միության անդամ:

Այժմ աշխատում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ որպես Ֆրանկոֆոնիայի բաժնի վարիչ։ Բացի մասնագիտական զբաղվածությունից` հետաքրքրված է փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ:

Բանաստեղծի ներաշխարհում մեծ տեղ ունի հայրենիքի, սիրո և երջանկության թեման։ Առաջին ժողովածուն՝ «Ես՝ առանց ինձ», լույս է տեսել 2012 թվականին։ Բանաստեղծությունների այս շարքը հիմնականում սիրային բովանդակությամբ է։ Նկարազարդ այս գիրքը  պարունակում է 81 բանաստեղծություն, որում երևում է հեղինակի սերը կյանքի, բնության և մարդկության հանդեպ։

Երկրորդ ժողովածուն լույս է տեսել 2014 թվականին՝ «Լռության խորհուրդը» խորագրով` առաջաբանը՝ գրականագետ Անի Փաշայանի։ Ժողովածուն բաղկացած է 8 շարքից, որտեղ դրսևորվում է մարդու ներաշխարհը,  ապրումները, տարբեր հոգեվիճակներ՝ լի լավատեսությամբ  և կենսասիրությամբ։

2015 թվականին լույս է տեսել  «Մանկության մորորակը» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ 2016 թվականին լույս է տեսել «Նուռը» պատմվածքը, 2017 թվականին՝ բանաստեղծությունների «Չլրացված տողերի լուսանցքներում» ժողովածուն, 2018 թվականին՝ «Զրույց անցած կայարանների մասին» ընտրանին։

Ն. Ավագյանի ստեղծագործությունները տպագրվել են գրական պարբերական մամուլում։

Վերջերս նրա գործերը թարգմանվել են ռուսերեն և տպագրվել ինչպես համահեղինակային ժողովածուներում, այնպես էլ Մոսկվայում լույս տեսնող պարբերական գրական մամուլում։

Ժամանակակից  հայ գրող,  բանաստեղծ, մանկավարժ Նարինե Ավագյանի  հետ  «Անկախ»-ը  զրուցել  է  գրքի  ու գրականության, ստեղծագործական կյանքի թեմաներով։

 

 Գրելն  աշխարհի  հետ  հարաբերվելու  ձև  է, բայց   նաև  առանձնանալու:Կպատմե՞քթե ինչպես  ծնվեց  Ձեզ մոտ  գիրք գրելու  գաղափարը։

–Ստեղծագործել եմ դեռ դպրոցական տարիներից։ Գրականությունն ու գրողն ինձ համար միշտ երկնքի դարպասներից մի ոտնաչափ ներքև են եղել, այդ է գուցե եղել պատճառը, որ երբևէ չեմ մտածել՝ հնարավոր է մի օր ես էլ գիրք ունենամ, տպագրվեն իմ ստեղծագործությունները։ Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար։ Առցանց հարթակներում տեղադրված գործերս գտան իրենց ընթերցողներին, որոնց թիվը հետզհետե աճեց, և մի օր հասկացա, որ հասունացել է պահը։ Այդպես ծնվեց իմ առաջին հոգեզավակը՝ «Ես առանց ինձ» ժողովածուն։ Մինչ օրս նրան հաջորդել են ևս հինգ գրքեր։ Այսպիսով, այսօր 6 գրքի հեղինակ եմ։

 

  Իզուր չէ, որ Գյումրին կրում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը: Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է, արհեստի ու արվեստի քաղաք է: Ինչպիսի՞ տեղ  և  դեր ունի այս  քաղաքը  Ձեր  ներաշխարհում:

– Սիրելի, սիրելի իմ Գյումրին․․․Ամեն անգամ, երբ գծագրվում է ծննդավայրիս պատկերը, հոգիս թարմանում է: Գյումրին ինձ ծնունդ է տվել, մորս է նվիրել ինձ: Նրա հողից են կառչում արմատներս: Գուցե դա է պատճառը, որ հենց նրա երկնքի խորություններն են այնքան լավ արտացոլվում աչքերիս մեջ: Որքան էլ խավար լինի շուրջս, նրանից ժառանգած անկոտրում ոգին վիթխարի ուժ  է տալիս, և աչքերիս առաջ բացվում են հիշողությունների դռները...  Սկսում եմ բերկրանքից ճախրել միասին ապրած կյանքի երկինքներում: Գյումրին հավերժի գույնն է ինձ համար:

 

Հաճախ եք գրում  Ձեր մոր մասին: Կխոսեք  ձեր ընտանիքի մասին, ու՞ր են տանում Ձեր արմատները:

Արմատներս գալիս են Արևմտյան Հայաստանից, ավելի կոնկրետ՝ Մուշից և Ղարսից։ Ես ինձ գյումրեցու ավանդական ընտանիքի հետնորդ եմ համարում, քանզի և մայրական, և հայրական կողմից ինձ բաժին հասած դաստիարակությունն ու ընտանեկան սովորույթները խիստ հայեցի են եղել։ Մեր հերթին մենք էլ՝ ես և ամուսինս, մեր նման ապրելակերպով օրինակ ենք մեզ շարունակողների համար։ Մայրս ինձ համար ամեն ինչ է. բարություն, ապավեն, խորհրդանիշ, ուժեղ կնոջ կենդանի օրինակ։ Կյանքի տարբեր բնագավառներում դրսևորած իմ վերաբերմունքը գալիս է այն օրերից, որոնք մորս աչքերով են ինձ ժպտում այսօր էլ... 

 

 – Իսկ  ինչպե՞ս ծնվեց կամ արթնացավ սերը դեպի  մանկավարժությունը:

Մանկավարժությունն ինձ գենետիկորեն փոխանցված մասնագիտություն է։ Հայրական կողմից ընտանիքում բոլոր կանայք մանկավարժներ են եղել՝ տատիկիս գլխավորությամբ, ով իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին էր նաև։ Նա է սերմանել իմ մեջ խորին հարգանքն ու մեծագույն սերն առ մայրենի լեզու։ Եթե արդեն սեփական տեսանկյունից փորձեմ բնութագրել՝ մանկավարժությունն ինձ համար տարերք է, երեխան՝ անբացատրելի հրաշք՝ մի մեծ ու խորունկ աշխարհ: Նրան բացահայտելն ու նրա կայացման գործում անմիջական մասնակցություն ունենալն ինձ համար գերագույն հաճույք է: Իմ սաներից, ինչպես նաև սեփական երեխաներից, նաև սովորում եմ: Կարծում եմ, որ հատկապես հայ աշակերտի նկատմամբ տածած մեծ պատասխանատվությունն ու սերն էլ իրենց ներդրումն ունեն նաև իմ՝ որպես գրող, կայացման գործում:

 

 – Պոեզիան մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա  պոեզիան... Ըստ  Ձեզ մեր ժամանակներում գրողի կոչումը  ո՞րն  է:

 –Կարծում եմ, որ ոչ միայն մեր ժամանակներում, այլ առհասարակ, գրողը նախ և առաջ պիտի լինի իր ժամանակի հայելին: Հենց սա է իր առաքելությունը...Բացի այդ, նա, ինչպես և ցանկացած այլ մասնագիտության տեր մեկը, հասարակության մեջ մեկ անչափ կարևոր կոչում պիտի ունենա. դա մարդ լինելու և այդպիսին մնալու կոչումն է...Եթե անդրադարձ կատարենք նաև հատկանիշներին, ապա կարևորներից մեկն  անկեղծությունն է: Էլ  չեմ խոսում գրագիտության, արհեստավարժության, անշահախնդրության մասին, թեպետ այս հատկանիշները ոչ պակաս կարևոր են:

 

Հանրահայտ անգլիախոս բանաստեղծ Օդենը այսպես է բնորոշել պոեզիան. «Դա դժնախառն զգացմունքների պարզ արտահայտությունն է»: Իսկ Ձեզ  համար ի՞նչ է պոեզիան:

Պոեզիան ինձ համար գլխապտույտ սիմֆոնիա է, որ լցվում է երակներիս մեջ, ապա կաթիլ առ կաթիլ հոսում գրչիս նեղ ակոսով…Իսկ ընդհանուր առմամբ պոեզիան իմ ներսերում, լռության մեջ հնչող երաժշտություն է, առանց որի իմ լինելիությունը թերի եմ համարում։

 

Ըստ  Ձեզ  այսօրվա գերքաղաքականացված կյանքում պոեզիան ի՞նչ կշիռ ունի:

Ես անգամ այսօր էլ, Ձեր ասածի պես այս գերքաղաքականացված կյանքում, ոչ մի ընդհանուր բան չեմ տեսնում այս երկու հարթությունների միջև։ Նրանք չունեն հատման կետ, և փառք Բարձրյալին։ Պոեզիան հեքիաթ է, որտեղ կաթի մեջ կապույտ մանուշակներ են բացվում…Երանի մեզնից յուրաքանչյուրն իմանա այդ հեքիաթը զուլալ պահելու ձևը։

 

 –Ձեր  պոեզիայում կինը հանդես է գալիս որպես  քնքուշ,զգայուն  էակ,բայց դրան զուգահեռ ուրվագծվում են ուժեղ անհատականության կողմերը: Իսկ  ի՞նչն եք առաջին հերթին կարևորում գրական ստեղծագործության մեջ:

Անչափ կարևորում եմ բառը՝ որպես գերագույն արժեք այս պարագայում, տեղին ասված բառը։ Գիտեք, այն հզոր ուժ ունի, մեծ էներգետիկա է փոխանցում, և բառին հարկավոր է մեծագույն հարգանքով վերաբերել։ Գրական ստեղծագործության մեջ անկեղծությունն է այն ուժը, որ դիպչում է ընթերցողին՝ ինչպես որ է։

 

 –Մեզ  մոտ  վերջին  տարիներին  մարդիկ  սկսել  են  շատ  կարդալ, սիրել  գիրքըԸստ  Ձեզ  գրականությունն ի՞նչ կարևորություն  ու  դերակատարություն  ունի  արժեհամակարգի ձևավորման  հարցում:

Առաջնային, իհարկե։ Գիտեք, մանկավարժությունից զատ, սիրում եմ նաև փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ զբաղվել: Հեռու չեմ խոհանոցային մշակույթից: Բայց իմ ամենամեծ հոբին Գիրքն է: Հիմա խոսում եմ որպես ընթերցող։ Կոնկրետ իմ՝ որպես անհատ կայացման գործում ինձ շրջապատող կարևորագույն մարդկանց կողքին և հավասար ինձ գրքերն են կերտել։ Համամիտ եմ, որ վերջին տարիներին գիրն ու գրականությունը մեկ այլ փուլ են թևակոխել, դարձել են գնահատված և կարևոր, և սա անչափ հաճելի փաստ է, որ ինքս էլ արձանագրում եմ ինձ համար։

 

Այնուամենայնիվ, մարդիկ այսօր իրենց ազատ ժամանակի հիմնական մասն անցկացնում են սոցցանցերում: Ըստ Ձեզ՝ մարդկանց և գրականության միջև խզո՞ւմ կա, մարդիկ հեռացե՞լ են գրականությունից:

Գրքից՝ գուցե, բայց գրականությունից՝ ոչ։ Հիմա մարդիկ համեմատաբար քիչ են գիրք գնում։ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ քիչ են կարդում, կամ չեն կարդում։  Պարզապես ընթերցելու ձևն ու տարածությունը փոխվել են վաղուց։ Հայ երիտասարդը կարդում է, պարտադիր չէ, որ գիրք լինի ձեռքին: Սոցցանցերում այսօր հասանելի է գրականության շատ ավելի լայն շրջանակ, քան եղել է տարիներ առաջ՝ միայն գրքի տեսքով։ Անձամբ ինձ համար գիրքը կուռք է: Քանի շարունակում եմ ապրել, ես գիրք եմ գնելու, հարստացնելու եմ առանց այն էլ մեծ գրադարանս: Բայց մարդիկ գումար չեն ծախսում մի բանի վրա, որն անվճար հասանելի է համացանցում: Արդեն սա ապրելակերպ է: Տարօրինակն այն է, որ երբ նվիրում ես գիրքը, ոչ ոք չի հրաժարվում, ընդհակառակը՝ ընթերցողն ինքն է խնդրում ընծայագրել և նվիրել: Անձամբ ես դա անում եմ մեծագույն սիրով։

 

Բազմաթիվ  հաջողված  ժողովածուներ, տպագրված   գործեր լրատվական կայքերում, գրական մամուլում, հեղինակային գրքեր, ինչպես նաև հրաշալի ընտանիք... Ո՞րն  եք  համարում  Ձեր  գլխավոր  ձեռքբերումը:

Այս ամենի ամբողջականությունը։ Վերը թվարկած գործոններից ցանկացած մեկի բացակայության դեպքում արդեն չէր լինի այն, ինչ կա։ Ընտանիքը հասարակության հիմնաքարն է, հայկական ավանդույթներն ու նիստուկացը  իրենից հետո եկողներին փոխանցող ընտանիքը՝ հայ հասարակության և հայկական մշակույթի գոյատևման և շարունակականության հիմնասյունը։ Անչափ կարևորում եմ նրա դերն իմ կյանքում։ Ամուսնուս և զավակներիս հետ մեկ ամբողջություն ենք։ Սա թելադրում է և ապրելաոճ, և գրելաոճ։ Իմ գլխավոր ձեռքբերումն այս կյանքում համարում եմ սիրելու ունակությունը, այստեղից է սկսվում ամեն ինչ, հավատացեք։

 

 –Որքանո՞վ  է պարտավորեցնող  ընթերցողների հետաքրքրությունը  Ձեր  պոեզիայի հանդեպ:

Մեկ անգամ էլ եմ առիթ ունեցել արտահայտելու տվյալ ձևակերպումս․ես թատրոն շատ եմ սիրում, անչափ, բայց մի պահ պատկերացնենք թատրոնն առանց հանդիսատեսի: Ինչպիսի՞ն կլինի այն… Ինձ համար ընթերցողը նույնն է, ինչ թատրոնի համար՝  հանդիսատեսը: Նրանց լինելիությունն իմ կյանքում և ստեղծագործական դաշտում կարևոր նախապայման է, կարելի է ասել՝ կարևորագույններից մեկը։ Իհարկե, գրելու պահին դու այլ հարթությունում ես, չես մտածում՝ քեզ կընթերցեն, թե ոչ, բայց արդեն լույս աշխարհ եկած ստեղծագործության համար ընթերցողը կնքամայր է կամ կնքահայր։

 

Ներկայում  ստեղծագործական  ի՞նչ  փուլում եք, ի՞նչ աշխատանք եք կատարում:

Անցած՝ 2020 թվականը մեծ ձեռքբերումների տարի էր ինձ համար։ Նախ՝ Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացա «Տարվա հայուհի» կոչմանը՝ կրթության և մշակույթի ոլորտում։ Գրող, թարգմանիչ Արա Գևորգյանի ձեռամբ թարգմանված իմ ստեղծագործությունների մի մեծ շարք տպագրվեց Մոսկվայում լույս տեսնող պարբերական մամուլում, գրական կարևոր ամսագրերում։ Իմ երկու գործեր ընդգրկվեցին Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տարեգրքում, որ լույս տեսավ կրկին Մոսկվայում։ Այժմ բուռն շրջան է ինձ համար գրական դաշտում։ Տպագրվում եմ պարբերական մամուլում, տարեգրքերում, հյուրընկալվում եմ ռադիո և հեռուստահաղորդումներում։ Անձամբ զբաղված եմ երկու ժողովածուներիս լույսընծայման աշխատանքներով։ Շուտով ընթերցողի դատին կհանձնեմ նոր հոգեզավակիս։

 

 – Որպես ժամանակակից  գրողմանկագիր ի՞նչ խորհորդ կտայիք կարդալ մեր ընթերցողներին:

Խորհուրդ եմ տալիս հաղորդ լինել նախ և առաջ մեր կողքին ապրող և ստեղծագործող մարդկանց գործերին, այլ կերպ ասած՝ ընթերցել ժամանակակից գրականություն՝ դասականին զուգահեռ, ծանոթանալ համաշխարհային գրականությանը, կարդալ, շատ կարդալ, կարևոր չէ՝ որ ժանրն է նախընտրելի։ Պարտադիր է գրքի առկայությունը յուրաքանչյուրիս առօրյայում, եթե ուզում ենք առողջ և կիրթ հասարակության անդամներ լինել։ Ինքս էլ անտարբեր չեմ իմ ժամանակակիցների գրի հանդեպ: Ամեն նոր գրի  ծանոթանալուց հետո անմիջապես զգում եմ՝ ի՞մն է, թե՞ ոչ։ Եթե դիպչում է սրտիս, հետևողականորեն կարդում եմ, ուրախանում ամեն հաջողությամբ և չեմ զլանում հիացմունքս արտահայտել... Իսկ եթե հարցնեք, թե դասական գրողներից  ում եմ նախընտրում ինքս, ապա կասեմ․բազում են այն մարդիկ, ովքեր ինձ համար կերտել են արժեքավոր գրականություն։ Բայց մինչ այսօր չգերազանցված, դեռ մինչև վերջ չբացահայտված, առեղծվածային է մնում իմ ընկալմամբ «գրականության հայրը»՝ Ֆ․Մ․Դոստոեվսկին։

 

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

 

 

Նարինե Ավագյան Պոեզիա հարցազրույց խմբագրի ընտրանի

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին