f

Անկախ

«Թուրքերի հետ մերձենալիս հիշեք Այգեկցու առակը». կառավարման փորձագետ


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, Դուք բազմիցս դեմ եք արտահայտվել մոտ ժամանակներում ընտրությունների կազմակերպմանը: Սակայն քաղաքական դաշտը կարծես պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Նախ ի՞նչ եք կարծում, գործող իշխանությունն ընտրությունների արդյունքում կհեռանա՞ և երկրորդ՝ եթե նույնիսկ իշխանությունը փոխվի, ի՞նչ հետևանքներ կունենան ընտրությունները մեր երկրի համար:

-Ես մի քանի անգամ հրապարակավ առաջարկություն եմ արել. բոլոր նրանք, ովքեր ջանում են, որ հիմա անցկացվեն արտահերթ ընտրություններ, թող հրապարակավ պարտավորվեն, որ կրելու են անձնական պատասխանատվություն ընտրությունների հետ կապված բոլոր ողբերգական պրոցեսների և հետևանքների դեպքում: Եթե ընտրությունների ջատագովներն իրենց վրա նման պատասխանատվություն վերցնեն, ապա խնդրեմ, թող գնան ընտրությունների:

Կառավարման մեջ գոյություն ունեն կանխատեսային գնահատման մոդելներ: Ես վերջերս 2 անգամ այս մեթոդով  գնահատել եմ ընտրություններն՝ այս տարվա փետրվարի սկզբին և մեկ շաբաթ առաջ, թե ինչ վտանգներ կան մոտակա 5 տարիների ընթացքում ընտրություններ անցկացնելու դեպքում: Երկու դեպքում էլ ստացա նույն արդյունքը, որ Պարետոյի օրենքի համաձայն՝ ողբերգական դեպքերի հավանականությունը կազմում է 80%:

Ինչ վերաբերում է իշխանությունը փոխելուն, ապա ես կարծում եմ, որ ներկա քաղաքական դաշտում պետք է իրավաբանորեն գտնել այն մեխանիզմները, որոնց միջոցով իշխանությունը կկենտրոնացվի՝ սկսած տնտեսական բլոկից, վերջացրած ռազմականով, և այդ ընթացքում հատուկ մշակված ծրագրով Հայաստանը կոշտ ձևով դուրս կհանվի ճգնաժամից:

-Բայց իշխանությանը պետք է ընտրի ժողովուրդը: Հենց դրանով է պատճառաբանում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից հետո իր հրաժարական չտալը, թեև նրա հրաժարականը պահանջում են գրեթե բոլորը:

-Իշխանափոխությունն անհրաժեշտ է իրականացնել 1998-ի սցենարով: Մեր փողոցային պատկերացումները ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն: Բերեմ օրինակներ ամենաժողովրդավարական երկրներից՝ Մեծ Բրիտանիա. երկրի ղեկավարը չի ընտրվում ժողովրդի կողմից, ավելին, երկպալատանոց խորհրդարանից մեկը՝ Լորդերի պալատը, չի ընտրվում: ԱՄՆ. երկփուլանոց ընտրություններ են, որտեղ վերջնական որոշիչ ձայնը ոչ թե ժողովրդինն է, այլ ընտրիչներինը: Վերջին 30 տարվա ընթացքում աշխարհում ընտրությունները դարձել են երկրի տատանման գործիք օտար ուժերի կողմից: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերհզոր երկիրը 2020-ի վերջին ընտրություններում չխուսափեց ողբերգական դեպքերից․ ընտրությունների նախաշեմին ցուցարարների կողմից գրավվեց Սպիտակ տունը, անգամ եղան զոհեր: Բերում եմ աշխարհի ամենահզոր պետության օրինակը: Մենք ինչպե՞ս ենք դիմակայելու, այն էլ այս շիկացած պայմաններում, երբ ժողովուրդը գտնվում է խորքային շոկի մեջ:

Թուրքիային թշնամի համարու՞մ եք» հարցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանում է, թե այս հարցում մոտեցումը պետք է շտկենք: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածաշրջանում դիտանկյունը պետք է փոխենք: Ակտիվ քարոզչություն է գնում Թուրքիայի հետ մերձեցման, և այս ամենն ապրիլի 24-ին ընդառաջ: Արդյո՞ք սա մեծ թակարդ չէ:

-Ես մի ընկեր ունեմ, որը 40 տարի առաջ ինձ ասաց, որ 50%-ով ամուսնանում է, քանի որ համաձայն է ամուսնանալ: Ինքը մինչև հիմա չի ամուսնացել: Այս պարզ օրինակը նրա համար է, որ մարդիկ հասկանան՝ որևէ գործընթաց ստացվում է, եթե այն ունի առնվազն երկու կողմերի իրական համաձայնությունը: Հիմա Թուրքիայի հետ մենք կարող ենք երազել ամենասերտ, ընտիր հարաբերությունների մասին, բայց թուրքական քաղաքականության ծիրում մենք պարզապես ֆիզիկապես չպետք է գոյություն ունենանք: Այս երկուսի արդյունավետ համագործակցությունն ուղղակի բացառված է, քանի որ շահերը սկզբունքորեն հակասում են իրար: Կարդացեք Վարդան Այգեկցու «Այծերը և գայլերն» առակը: Այնտեղ ամեն ինչ պարզ գրված է: Եվ թուրքերի հետ մերձենալիս հիշեք այդ առակը:

Այստեղ ես կուզեմ նաև Վրաստանի օրինակը բերել. ոչ միայն Աջարիան, այլև Վրաստանի ամբողջ հարավային մասը քայլ առ քայլ անցնում է թուրքական տիրապետության տակ բիզնեսի միջոցով: Թուրքիան, հաշվի առնելով, որ Հայաստանը դեռևս պատմական աշխարհագրական պատնեշ է պանթուրքիզմի ճանապարհին, իր համար ստեղծել է պահուստային կապող գոտի պանթուրքիզմի ճանապարհին՝ ի դեմս Վրաստանի: Իսկ հիմա արդեն բացահայտ փորձում է այդ ծրագիրն իրականացնել Հայաստանի միջոցով:

-Կառավարությունը քննարկում է պետական բուհերի շենքերը վաճառելու և մայրաքաղաքից դուրս ինչ-որ ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Գոյություն ունի անգլոսաքսոանական կրթական համակարգ, որը հիմանդրվել է ուշ միջնադարում: Դպրոցից սկսած երեխան կտրվում է ընտանիքից, գնում է հեռավոր կրթական հաստատություններում կրթվելու և տուն է գալիս միայն արձակուրդներին: Դա արվում է, որպեսզի երեխան կտրվի իր միջավայրի արատավոր սովորույթներից և ձևավորվի երկրի շահերից բխող սերունդ: Այն ժամանակ Անգլիան պատրաստվում էր դառնալ աշխարհի ամենահզոր կայսրությունը, երբ 1588-ին հաղթեց Իսպանիայի «Անհաղթ Արմադա» նավատորմին: Մեզ մոտ հաստատ նման խնդիր չեն պատրաստվում լուծել: Այս ապազգային իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նախ շեղեն ամբողջ բնակչությանը մեր իրական խնդիրներից և այդ շեղման ընթացքում փոխեն մեր պատկերացումները տարածաշրջանում մեր պատմական դահիճների նկատմամբ: Այսինքն, կտրել մեր ազգային արմատները և մեզ դնել գայլի բերանը որպես համեղ պատառ: Ուրիշ այլ նպատակ գոյություն չունի:

-Տարածաշրջանում բարդ ու հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, և ինչպես օրերս նշեց Վազգեն Մանուկյանը, լուրջ հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար, մինչդեռ մենք այս իշխանությունների պատճառով զրկված ենք այդ հնարավորություններից: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում, ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանը:

-Ընդհանրապես ճգնաժամը, բացի նրանից, որ ծանր փուլ է, արևելյան պատկերացումով՝ այն նաև բարենպաստ հնարավորությունների ժամանակաշրջան է: Հիմա մեր տարածաշրջանում դինամիկ պրոցեսներ են գնում, և մենք պետք է շտապ կարգով կուռ պետական կառավարման համակարգ ունենանք և կարողանանք օգտվել այդ փոփոխություններից: Օրինակ, հիմա Ռուսաստանին հույժ կարևոր է ամրանալ այս տարածաշրջանում: Վերջին 5-6 տարվա ընթացքում Ռուսաստանը երեքքայլանի օպերացիա արեց՝ մի գիշերում ուժեղացրեց Ղրիմն իր համար որպես հենարան և ավելացրեց իր բանակային ստորաբաժանումներն այնտեղ, հետո նույնն արեց Սիրիայում, այնուհետև 2020-ին՝ Արցախում: Եթե այդ 3 կետերը նայեք քարտեզի վրա, կտեսնեք, որ Ռուսաստանը կոշտ ձևով ազդեցության տակ է վերցնում Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը և իր կանոնավոր բանակի միջոցով, փաստորեն, շրջափակում է Թուրքիան: Վերջինս, հասկանալով այս իրավիճակը, փորձում է ամեն կերպ ագրեսիվ ձևով ճեղքել Ռուսաստանի այդ «ռազմական շրջափակումը», որը, գլոբալ առումով, ուղղված է Արևմուտքի դեմ: Ռուսաստանի կայսերական նկրտումները մենք պետք է օգտագործենք: Բայց մեր իշխանությունները սպասարկում են Թուրքիայի և Արևմուտքի կայսերական շահերն՝ ի դեմս ՆԱՏՕ-ի: Մեր տարածաշրջանում այսօր խաչվել են երկու կայսերական հոսանքներ: Մենք պետք է հստակ կողմնորոշվենք: Այլ ճանապարհ չունենք:

 -Մյուս կողմից մենք տեսնում ենք Իրան-Չինաստան հարաբերությունների ակտիվացում: Օրերս երկու երկրների միջև ստորագրվեց 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին պատմական համաձայնագիր: Սա ի՞նչ ազդակ կարող է լինել Հայաստանի համար: 

-Պոտենցիալ իմաստով՝ Իրան-Չինաստան մերձեցումը նույնպես ուղղված է Արևմուտքի դեմ և դա երրորդ կայսերական հոսանքն է, որը նոր է ձևավորվում մեր տարածաշրջանում: Այդ իմաստով Ռուսաստանն ու Չինաստանը դատապարտված են այս տարածաշրջանում համագործակցելու, և մեզ համար պատմական շանս կա դառնալու հուսալի կամուրջ այդ երկու ուժերի միջև:

-Պարոն Մեսրոբյան, աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս ծանր ժամանակաշրջանում ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում: Գիտենք նաև, որ տևական ժամանակ է՝ Ձեր թիմով Հայաստանի ապագայի հետ կապված ռազմավարական ծրագիր եք մշակում: Ի՞նչ փուլում է ծրագիրը, ե՞րբ կարելի է ծանոթանալ ծրագրին:

-Նախ ասեմ, որ հանգուցալուծումը տեսնում եմ հենց այն ծրագրի միջոցով, որի մասին նշեցիք: Ծրագիրը 50%-ով պատրաստ է ռազմավարական մասով: Ծրագիրն ունի 10 ուղղություն, 5-ն արդեն պատրաստ են, այս պահին մշակվում են ևս երկուսը: Ծրագիրն ունի նաև անվտանգային հատված, որը երբևէ չի հրապարակվելու, այլ ներկայացվելու է ա՛յն իշխանությանը, որը պատրաստ է իրագործել ծրագիրը: Զուգահեռաբար ընթանում է նաև ոչ ֆորմալ հավաքագրում այն արժեքավոր մարդկանց, ովքեր, մեր կարծիքով, ունակ են և պատրաստ գնալու այս ճանապարհով՝ զբաղեցնելով հանգուցային պաշտոններ պետության կառավարման մեջ:

-Հետաքրքիր է՝  Ձեր ծրագիրը մեր քաղաքական դաշտի դերակատարներից որևէ մեկի հետ քննարկե՞լ եք:

-Այո, ծրագրի հիմնադրույթները քննարկվել են Վազգեն Մանուկյանի հետ: Ասեմ՝ ինչու հենց նրա հետ: Իմ պատկերացմամբ՝ Վազգեն Մանուկյանն այն եզակի գործիչներից է, ով ունի մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնք ուղղակի անհրաժեշտ են մեր ապագա պետության կառուցման համար: Նա ոչ օդիոզ գործիչ է, ինչպես նաև կանգնած էր երկրի, ընդհուպ բանակի կայացման ակունքներում և այսօր էլ՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում, ակտիվ դերակատարում է ստանձնել: Բացի դա, նա տիրապետում է համակարգային մտածելակերպի և բաց է որպես անձ, հետադարձ կապերն իր մոտ շատ ակտիվ են: Եթե Վազգեն Մանուկյանին հաջողվի համախմբել իր շուրջ բարոյական հատկանիշներով օժտված պրոֆեսիոնալների, ապա պետք է ամեն ինչ անել ապահովելու նրանց մուտքը դեպի պետական կառավարման համակարգ: Ես կարծում եմ, որ հենց իր տեսակի կառավարիչը կարող է հաջողությամբ իրագործել մեր առաջարկած ծրագիրը՝ երկիրն անկումից հանելով և դեպի հզորացում տանելով:

Եվ կարևոր է, որ առնվազն 5 տարի ոչ մի ընտրություն չլինի այն պարզ պատճառով, որ մենք ընտրելու ունակ չենք: Տեսեք, նորագույն պատմության օրոք մենք ունեինք 2 համեմատաբար ազնիվ ընտրություններ՝ 1991-ին և 2018-ին, որից հետո սկսվեցին մեր երկրի ամենաողբերգական փուլերը մարդկային կորուստների իմաստով: Նշեմ միայն 1991-ից սկսված աննախադեպ արտագաղթը, իսկ թե ինչ եղավ 2018-ից հետո, կարիք չկա հիշեցնելու...

Հարություն Մեսրոբյան հարցազրույց խմբագրի ընտրանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ Վազգեն Մանուկյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ է հարձակվում ԼՀԿ-ի վրա
«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են
«168 ժամ»․ Փաշինյանի համար կարևորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը․ նա իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը
«Հրապարակ»․ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի...
«Հրապարակ»․ Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Ավելին
Ավելին