«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնապես որևէ մեկին չի սատարել, սակայն մեզանից շատերը Վահագն Գևորգյանի հետ ունեն ընկերական հարաբերություններ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով վերջինիս դեմ հարուցված քրեական գործին։
«Պարոն Ծառուկյանը ևս առիթ է ունեցել ասելու, որ անկախ անձնական հարաբերույթուններից, բոլոր գործընթացները պետք է դիտարկել իրավական տեսանկյունից», - ասաց նա։
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր հերթին հորդորեց սպասել իրավական գործընթացների ավարտին։
Անդրադառնալով քարոզարշավին՝ պատգամավորները հույս հայտնեցին, որ իշխանության ներկայացուցիչները կկարողանան քարոզարշավի շրջանակում սահմանված ժամկետում հանրությանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բուն նպատակը, նպատակահարմարությունը:
«Բնականոն գործընթաց է տեղի ունենում, կարծում եմ, որ մինչև հանրաքվեի օրը սահմանված ժամանակում իշխանության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն հանրաքվեի նպատակը, նպատակահարմարությունը, կորոշակիանան հանրաքվեի բովանդակային մասի վրա, որովհետև առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում: Եվ բովանդակային մասով այնքան էլ լուրջ շեշտադրումներ արված չեն»,-ասաց Տոնոյանը:
Նա նշեց՝ իրենք հետևում են քարոզարշավի ընթացքին, այն ընթանում է սահմանված կարգով: Տոնոյանը նկատեց՝ երբեմն ականատես են լինում նաև առանձին էքսցենտրիկ որոշակի դրսևորումների՝ հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից։