Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի հարցով շահերի որեւէ բախում չկա, սակայն մեզ մոտ հարցեր առաջացան՝ կապված դատավորների տարիքային շեմի նվազեցման հետ: Այս մասին մարտի 9-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը պետք է ծառայի իր կոնկրետ նպատակներին եւ խնդիր չդառնա քաղաքացիների համար:
«Մենք որեւէ դեպքում դեմ չենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, պարզապես ձեռնպահ ենք մնացել քվեարկության ընթացքում: Դա սովորական աշխատանքային ռեժիմ է»,- պարզաբանեց Աբովյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանդես էր եկել դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է դատավորների համար նվազագույն տարիքը 28-ից նվազեցնել մինչեւ 25: Քվեարկության ընթացքում «Իմ քայլն» աջակցել է նախաձեռնությանը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» դեմ են արտահայտվել՝ տվյալ փաթեթի հարցով իրենց անհանգստությունը հայտնելով: