Միֆ 4. Յուրի Խաչատուրովը ռազմական գործողությունների մեկնարկի պահին բիլիարդ խաղալիս է եղել
Այս ապատեղեկատվությունն իհարկե ամենաաբսուրդայինն է։ Այն լայն տարածում գտավ հասարակության շրջանում, և ի դեմս Խաչատուրովի հասարակությունը տեսնում էր զինվորի ճակատագրի նկատմամբ բացարձակ անտարբեր գեներալիտետին։
Նման տեղեկությունների կեղծ լինելը հաստատվեց մի քանի դրվագով։ Նախ ԱԺ քննիչ հանձնաժողովը հերքեց այդ տեղեկությունները։ Մասնավորապես, հանձնաժողովի անդամներից Տիգրան Կարապետյանը նշել էր, որ այդ հարցի պատասխանը նրանք տարբեր աղբյուրներից ստացել են, նաև այն մարդկանցից, որոնք այդ ժամանակ եղել են կառավարման կենտրոնում: Իսկ հանձնաժողովի մյուս անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել էր, որ «այդ դրվագը իրոք մտացածին է»:
Վերջերս էլ, 2021 թվականի հունվարի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը զրպարտություն որակեց Խաչատուրովի կողմից Ապրիլյանի ժամանակ հողերը վաճառելու ու բիլիարդ խաղալու մասին հայտարարությունները, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնելով 1 ամսվա ընթացքում հերքել 2018 թ. հուլիսի 30-ին «Ա1+»-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հնչեցրած արտահայտությունները։
Ասուլիսում Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը հիշեցրեց, թե կոնկրետ ինչ հայտարարություններ է արել Ստեփան Գրիգորյանը. «Նա այնպիս հայտարարություններ էր արել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ, որոնք իրենց մեջ պարունակում էին քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն հանցակազմի տարրեր:
Մասնավորապես, նա հայտարարել էր, Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ հողերը ոչ թե թշնամին գրավել է, խոսքը 400 կամ 800 հեկտար տարածքի մասին է, այլ վաճառվել է, առաջարկում էր ստուգել Խաչատուրովի և հարազատների հաշիվները:
Միաժամանակ նա հայտնում էր, որ պատերազմի ժամանակ Խաչատուրովը տեղում չի եղել, կար բիլիարդի պատմությունը, իբր բիլիարդ խաղալուց է եղել:
Նաև հայտարարել էր, թե մենք կարող էինք հետ վերցնել այդ հողերը, հնարավորություն ուներ մեր բանակը, բայց Խաչատուրովը չի թողել՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ վաճառված էր»:
Նա նաև նշեց, որ դատարան դիմելու հիմնական նպատակն էր ոչ այնքան Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել, այլ ընդհանուր այդ միտումը հերքելու խնդիր կար:
«2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունները հողերը վաճառել էին: 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետ այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, ստեղծվեց անպատասխանատվության մթնոլորտ, ով ինչ ուզում, ասում էր նախկինների վերաբերյալ: Թվում էր՝ պատասխանատվության չէին ենթարկվի: Այո, Խաչատուրովին վարկաբեկելու միտում կար, ով նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր: Նաև հայկական բանակը վարկաբեկելու, թուլացնելու խնդիր կար՝ ասելով, որ գեներալները վաճառել են, թույլ չեն տվել հետ բերել հողերը: Այսինքն՝ վարկաբեկելով բանակն ու գեներալիտետին, խնդրահարույց էին դարձնում, կասկածի տակ էին դնում երկրի անվտանգությունը»,- ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը:
Ընդհանրապես, պատերազմից հետո Յուրի Խաչատուրովը անհարկի մեղադրանքների կիզակետում էր։ Մեկ այլ միֆ էլ էր շրջանառվում, թե իբրև Յուրի Խաչատուրովը Մոսկվայում ինչ-որ բան է պայմանավորվել և փաստաթուղթ է ստորագրել: Հարցազրույցներից մեկում քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը փաստել է. 2016 թվականի ապրիլի 5-ին Յուրի Խաչատուրովը ոչինչ չի ստորագրել, եղել են բանավոր պայմանավորվածություններ` կրակը դադարեցնելու վերաբերյալ: Միակ փաստաթուղթը այդ պահին մնում էր 1994թ. մայիսի 12-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը։
Կարծում ենք, կարիք չկա հիշատակել Յուրի Խաչատուրովի անցած փառահեղ ռազմական ուղին կամ նրա մեծ ներդրումը բանակի կայացման և Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գործում։ Պարզապես հարկ ենք համարում նշել, որ փաստորեն հեղնիակություն վայելող զինվորականների, հաղթանակ կերտած սպաների վարկաբեկումը սկսվել էր դեռ այդ ժամանակ։
Նյութի նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ։