Վաշինգտոնը մտադիր է «ուղիղ կամուրջ» գցել Անկարայից մինչև արևմտյան հայկական սփյուռք՝ օգտվելով Երևանի թուլացումից ղարաբաղյան պատերազմից հետո: Այդ ծուղակից դուրս պրծնելու համար Էրդողանին առաջարկվում է իրարից բաժանել Ադրբեջանի պարտադրած երկժանու ատամները՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը:
Երբ ի հայտ եկավ հաղորդագրությունն այն մասին, որ մարտի վերջին իշխող Արդարության և զարգացման կուսակցության կոնգրեսում անձամբ դրա առաջնորդ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությամբ կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի կազմում է ընդգրկվել ստամբուլցի հայ Սևան Սևաջիօղլուն, մեծ հետաքրքրություն առաջացավ: Նախ և առաջ՝ երևանյան փորձագետների շրջանում:
«39-ամյա ստամբուլցի հայի սրընթաց թռիչքը քաղաքական կարիերայում անակնկալ էր անգամ նրա մերձավոր շրջապատի համար,- գրում է Sputnik Армения-ի սյունակագիր Արտյոմ Երկանյանը:- Նրա շատ ընկերներ և ազգականներ նույնիսկ չգիտեին, որ նա կուսակցության անդամ է: Եվ հանկարծ լրահոսից իմանում են, որ նա նախագահ Էրդողանի վստահելի անձանց շրջանում է: Ավելին, մամուլում տեղեկություն երևաց այն մասին, որ առաջիկա ընտրություններում Արդարության և զարգացման կուսակցությունը Սևան Սևաջիօղլուին առաջադրելու է պատգամավորի թեկնածու՝ ընդգրկելով նրան ընտրական ցուցակի առաջին 30-յակի շարքում»:
Եթե շիտակ մտածենք, դրա մեջ որևէ զարմանալի բան չկա: Տարբեր տվյալներով Ստամբուլում բնակվում է մոտ 40-60 հազար հայ: Նրանց համայնքը քաղաքում եղած էթնիկ փոքրամասնություններից ամենամեծն է: Ընդհանուր երկրում մոտ 100 հազար հայ կա: Նրանց մեծ մասը, լինելով Թուրքիայի քաղաքացի, իրեն զգույշ է պահում, թեպետ կան նաև այնպիսիք, որոնք ընդգրկված են հասարակական-քաղաքական կյանքում և բիզնեսում: Թուրքիայի հայկական համայնքն իր սեփական կրոնական, մշակութային, սոցիալական և ուսումնական հաստատություններն ունի և իր ԶԼՄ-ները: Անշուշտ, հայերը Թուրքիայում հիշում են, թե ինչպես է սպանվել Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:
Բայց կա նաև հարցի ոչ հրապարակային կողմը: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ որոշ հայեր Էրդողանի մերձավոր շրջապատում են: Խոսքը և՛ ազդեցիկ օլիգարխ Պետրոս Շիրինօղլուի մասին է, որ սերտ կապեր ունի հայկական սփյուռքի կառույցների հետ, և՛ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչների, և՛ Թուրքիայի հայ համայնքի որոշ այլ առաջնորդների մասին: Ի դեպ, հիմքեր կան ենթադրելու, որ Սևաջիօղլուի քաղաքական առաջխաղացման հարցում ակտիվ մասնակցություն ունի Շիրինօղլուն: Բայց խնդիրը դա չէ: Սուր բազմաքայլ ինտրիգ է հյուսվում, համենայն դեպս՝ լրատվությամբ:
Ինչպես գրում է թուրքական Sabah-ը, Անկարան փորձում է Սևաջիօղլուի միջոցով «կանխել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլ 24-ի ելույթում 1915 թվականի ողբերգական իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանելու մտադրությունը», այսինքն՝ այն, ինչից մինչ այս ձեռնպահ էին մնում նրա նախորդները: Ըստ տվյալ թերթի տվյալների՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինն այդ կապակցությամբ գաղնի բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջեկ Սալլիվանի հետ: Ընդ որում, Քալինը նախազգուշացրել է ամերիկյան կողմին, որ Բայդենը կարող է խափանել ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նկատվող գործընթացը», ինչպես նաև «էլ ավելի բարդացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները»:
Մեր կարծիքով՝ եթե Բայդենն իրոք մտադիր է 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանել, ապա հազիվ թե Սևաջիօղլուի առաջխաղացումը խանգարի դրան: Ամերիկյան վերլուծաբան Իեն Բրեմմերի կարծիքով՝ «Վաշինգտոնի ձեռնարկման գլխավոր միտքն այն է, որ ծուղակը քաշի Թուրքիային ու Հայաստանին՝ բախելով նրանց արտաքին դիվանագիտական մարտահրավերներին»: Պատահական չէ Բրեմմերը հիշատակում թուրքական պաշտոնատար անձանց հայտարարությունները Երևանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին, որն իր հերթին հայտարարում է, թե «մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, մենք պետք է որոշ փոփոխություններ անենք մեր մոտեցումներում», «ճիշտ չի լինի պնդել, որ Թուրքիան այլևս վտանգ չի ներկայացնում, մինչդեռ դեպքերի զարգացումը ողջ տարածաշրջանում այլ հեռանկարներ է բացում»: Ավելին, վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի մայրաքաղաք է ժամանել «Թուրքիայում ծնված ու մեծացած, ծագումով հայ Ֆրանսիայի քաղաքացի Սամսոն Օզարարատը, որը դեսպանորդի դեր է կատարել ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը Երևանի գետ գաղտնի դիվանագիտություն է ձեռնարկել»:
Եթե այդ տեղեկատվական արտահոսքը պատահական բնույթ չունի, ապա հնարավոր է, որ Վաշինգտոնն առաջակի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման քննարկումը Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղքի ընդունման պրիզմայով, իսկ դա թուրք-հայկական հարաբերությունները փոխադրում է ուրիշ ձևաչափ՝ առանց Բաքվի մասնակցության: Ընդ որում, չի կարելի բացառել, որ Անկարային հանեն ղարաբաղյան խաղից և տեղավորեն աշխարհաքաղաքական սխեմայում՝ քրդական գործոնի հաշվառմամբ, զատել երկու խնդիր, որոնք արմատներով հասնում են մինչև Օսմանյան կայսրությունը: Այսինքն՝ ԱՄՆ-ն մտադիր է «ուղիղ կամուրջ» գցել Անկարայից մինչև արևմտյան հայկական սփյուռքը՝ օգտագվելով Երևանի թուլացումից ղարաբաղյան պատերազմից հետո: Այդ ծուղակից դուրս պրծնելու համար Էրդողանին առաջարկվում է իրարից բաժանել Բաքվի պարտադրած երկժանու ատամները՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան կոնֆլիկտը, դեպքերի ընթացքն ուղղել զուգահեռ հուն՝ հարաբերություններ հաստատելով արևմտյան հայկական սփյուռքի հետ: Բացի այդ, Անկարային կարող է առաջարկվել խաղալ «օտար դաշտում», փոխել իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ այդ խնդիրը ներկայացնելով որպես «նոր ստեղծագործական մոտեցում» Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Դեպքերի նման ընթացքը չի կարելի բացառել: Այնպես որ սպասենք, թե թե այդ ամենից ինչ դուրս կգա:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ ИА REGNUM