ԵՄ-ն չի կարող Չեխիային ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերով, ինչը երկրի իշխանություններին «անուղղակիորեն ստիպում» է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ՝ նախքան դրա գրանցումը Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքերն է փոխանցում Gazeta-ն:
«Զարմանալի չէ, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն ասում է, որ կգնի «Սպուտնիկ V»-ի մեկ միլիոն դեղաչափ, իսկ սլովակներն արդեն գնել են պատվաստանյութի 2 մլն դեղաչափ: Մենք թեև ասել էինք, որ ցանկանում ենք գնել գլխավորապես այն պատվաստանյութերը, որոնք արդեն հավանություն են ստացել: Բայց հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ մի կողմից խոսվում է համերաշխության մասին, բայց մյուս կողմից՝ երբ բանը հասնում է այն դրսևորելուն, ապա այն չի գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմաննն ավելի վաղ դատապարտել էր առողջապահության նախարարին՝ Չեխիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումը մերժելու համար, իսկ Չեխիայի Դեղերի վերահսկման պետական ինստիտուտի տնօրեն մեղադրել էր այն բանում, որ իր կողմից ռուսական պատվաստանյութի գրանցման մերժումը հանգեցրել էր «հարյուրավոր պացիենտների մահվանը»: