Ֆրանսիացի լրագրող Անտուան Բորդիեն Արցախյան վերջին պատերազմից հետո այցելել է Հայաստան լուսաբանելու երկրում ստեղծված իրավիճակը: Այցի շրջանակներում նա ցանկացել է մեկնել նաև Արցախ, սակայն Լաչինի միջանցքում ռուս սահմանապահները թույլ չեն տվել մտնել Արցախ:
«Ես ունեմ համապատասխան փաստաթղթերը, բայց Սահմանապահները վերցրեցին Արցախ այցելության իմ վիզան, անձնագիրը և մոտ կես ժամ ստուգումներից հետո ասացին, թե չեմ կարող մուտք գործել Արցախ: Պարզաբանեցին, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը չի ցանկանում, որ ես այցելեմ Արցախ»,-պատմում է լրագրողը:
Վերադառնալով Երևան՝ Անտուան Բորդիեն հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ և ներկայացրել իրավիճակը: Վերջինս ասել է, որ կան ֆրանսիացիներ, որոնք կարողանում են մտնել Արցախ, բայց ֆրանսիացի այլ լրագրողների նույնպես թույլ չեն տվել:
Թե ինչու են ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում ֆրանսիացի լրագրողի մուտքը Արցախ, դժվար չէ կռահել․ «Իմ հոդվածները հազարավոր մարդիկ են կարդում: Եթե գնամ Արցախ, ես պիտի գրեմ իմ տեսածի մասին, Ադրբեջանի կողմից այնտեղ իրականացրած վայրագությունների մասին»:
Մինչև Ֆրանսիա վերադառնալը լրագրողը նորից է փորձելու Արցախ այցելել: Ասում է՝ Արցախի արտգործնախարարն ասել է, որ 10 օրից նորից փորձի։ Լրագրողը հույս ունի, որ առանց Արցախը տեսնելու Ֆրանսիա չի վերադառնա։
Անտուան Բորդիեն առաջին անգամ է Հայաստանում: Եկել էր 15 օրով, բայց այստեղ է արդեն երկու ամիս: Ասում է՝ եկել ու սիրահարվել է Հայաստանին. «Այստեղ մենք գտնվում ենք քրիստոնեության բնօրրանում, որն ավելի ու ավելի է փոքրանում, ցավոք, շատ հայեր արտագաղթում են Հայաստանից, այս փետրվարի վիճակագրական տվյալներն արդեն իսկ շատ տագնապալի են»:
Նկատել է, որ հայերը նույնպես սիրահարված են Ֆրանսիային, բայց ցավով նշում է, որ Ֆրանսիան այս պատերազմում չարեց այն, ինչ պետք է աներ:
Ընդհանրապես, նա կարծում է, որ աշխարհը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հայկական հողերի միջազգային ճանաչման հարցում, այլև հանցավոր անգործություն է դրսևորում։
«Այստեղ շատ հարցեր կան: Այո, այդ տարածքները հայկական են, և Ստալինն է այն բռնակցել Ադրբեջանին, ու աշխարհը պետք է ասեր, որ չի ճանաչում Ստալինի կողմից հայկական պատմական տարածքների բռնակցումն Ադրբեջանին: Միջազգային հանրությունը պետք է միջամտի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։ Բայց միջազգային հանրությունը, փաստորեն, ոչ միայն դա չի ասում, այլև սատարում է այդ հանցագործությանը»:
Քանի որ աշխարհը չի կարողանում այս խնդիրներին օբյեկտիվորեն արձագանքել և լուծում տալ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականություն են վարում, լրագրողը կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է կարողանա դիվանագիտորեն այդ ամենի դեմն առնել։
Այս երկու ամիսներին ապրելով Հայաստանում՝ ֆրանսիացի լրագրողը հասցրել է բավականին մոտիկից ծանոթանալ ներհայաստանյան քաղաքական իրավիճակին: Ասում է՝ եթե իրեն հարցնեն, թե ինչի՞ կարիք ունի հիմա Հայաստանը, ինքը կպատասխանի՝ միասնականության և ներքին խաղաղության:
«Բայց միասնականություն ու խաղաղություն երբեք չի հաստատվի, եթե ամեն մարդ իր անձնական շահերն ու ամբիցիաներն առաջ տանի: Պետք է կենտրոնական գործիչները՝ հինո ու նոր, միասին փորձեն լուծել երկրի խնդիրները, որոնք երբեմն հին խնդիրներ են թվում: Ոչ ոք նոր կոնֆլիկտից չի շահի, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը»:
Ասում է՝ Հայաստանը զարգանալ չի կարող, ներդրողներ ուղղակի չեն գա, եթե չլուծվեն իր նշած երկու կարևոր հարցերը՝ ներքին խաղաղությունն ու միասնականությունը:
Անտուան Բորդիեն այս ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել է թանգարանում, սարսափելի տպավորություններով է դուրս եկել:
«Աշխարհում Հոլոքոստին նվիրված տասնյակ հազարավոր թանգարաններ ու հուշարձաններ կան, իսկ Հայոց ցեղասպանության՝ ընդամենը մի քանի հատ։ Իսկ դա ճանաչման իրական առարկա է»։
Ֆրանսիացի լրագրողը հիշեցնում է 1939 թ. Հիտլերի ասած խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:
Նա կարծում է, որ ամբողջ աշխարհը պետք է համախմբվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Նույնիսկ կարծում է, որ Էրդողանի համար էլ շատ լավ կլինի, եթե նա քայլ անի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և թուրքերը ստանձնեն այն պատասխանատվությունը, որ ժամանակին ստանձնեց Գերմանիան:
«Ուր էլ նայեք այսօր, պրոտեկցիոնիստական տրամադրությունների ալիքը հոսում է: Մենք պետք է հասկանանք, որ եթե նրանք նվաճեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի մի մասը, աշխարհը դրանից միայն կտուժի: Արցախի խնդիրը լուծված չէ: Արցախում ապրող 150 000 մարդիկ պետք է ունենան ինքնորոշման իրավունք և խաղաղ ապրելու իրավունք: Ինչո՞ւ է ոտնահարվում այդ իրավունքը, ինչո՞ւ են վերացնում հայկական եկեղեցիները։ Եթե Լեռնային Ղարաբաղը վաղն անհետանա, 150 հազար հայերը փախստական դառնան, դա ի՞նչ է տալու աշխարհին: Տալու է նոր խնդիրեր: Դա՞ է ուզում աշխարհը»,-ասում է Անտուան Բորդիեն:
Ամփոփելով խոսքը՝ լրագրողը հարց է բարձրացնում․ «Արդյո՞ք մեր քաղաքակրթությունը տանուլ է տալիս իր քաղաքակրթական պայքարը: Մարդը արժեք ստեղծելու և այն վերաբաշխելու համար է, այլ ոչ թե քանդելու: Դրանով նա հեռանում է մարդկային իր տեսակից: Արդյո՞ք մենք մոտենում ենք մեր քաղաքակրթության ավարտին․․․»։