Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 9-ին, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչպես նաեւ որոշում էր կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։
Ըստ ՀՔԾ-ի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):