Հորդանանում կանխվել է պետական հեղաշրջման փորձը, որին մասնակցում էր նախկին թագաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ձերբակալվել են թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զայեդը և նախկին ֆինանսների նախարար Բասսամ Ավադալլահը (թագավոր Աբդալլահի նախկին խորհրդական), ինչպես նաև մի քանի բարձրաստիճան սպաներ:
Արքայազն Համզա բեն Հուսեյնին ձերբակալելու վերաբերյալ տվյալները իրարամերժ են. Հորդանանի միացյալ շտաբի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Հունեյթիի հայտարարության համաձայն, արքայազնը ազատության մեջ է:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հեղաշրջման փորձի մասին հայտարարությունից հետո ասաց, որ ԱՄՆ պաշտոնյաները ուշադիր հետևում են զարգացումներին:
«Թագավոր Աբդալլահը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է և ունի մեր լիակատար աջակցությունը», – ասաց Փրայսը:
Աբդալլահ Երկրորդը Հորդանանը ղեկավարում է 1999 թվականից, մինչ գահ բարձրանալը նա ղեկավարում էր Թագավորության բանակի հատուկ նշանակության ջոկատները: