Այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի ունեցավ Լևոն Բարսեղյանն ընդդեմ Արտյոմ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա նիստում դատարանը հարցաքննեց Արտյոմ Խաչատրյանին։
Խաչատրյանը հայտարարեց, որ հայցվորը՝ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզի ամենաայլասերված ու անբարոյական անձնավորություններից մեկն է, ով քանդել է հարազատ տղայի ընտանիքը․ «Շիրակի մարզում հանրային կարծիքը երկրորդ կարծիք չունի այս առնչությամբ։ Դա չի ժխտում նաև ինքը։ Մոտ մեկ տարի առաջ «ՎԵՏՕ» շարժման ակտիվիստների հետ նա ծավալուն բանավեճ ունեցավ։
Ես պետք է դատարանին հորդորեմ կարճել այս դատական գործը, չծանրաբեռնել։ Ես կարող եմ հարցում անել տուժած հարսին, ով Գերմանիայում է, հարսի ծնողներին, հարևաններին, ովքեր գրավոր իրենց դիրքորոշումը կհայտնեն, բայց դա ձեզ ի՞նչ կտա»։
Խաչատրյանը հայտարարեց, որ չկա հանրային կարծիքից ավելի հզոր ապացույց․ «Ես միշտ անընդունելի եմ համար ինցեստը։ Դա գրել են հազար ու մի լրատվամիջոց, ես չեմ հասկանում, թե հայցվորն ինչու է միայն իմ դեմ հայց ներկայացրել։ Ես պայքարելու եմ, պղծելու եմ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն ինցեստի հետ։ Դա ինձ համար անընդունելի է։ Ես ասելու եմ այդ մասին, քանի դեռ հայցվորը չի սսկվել»։
Նշենք, որ Խաչատրյանը հրապարակային հայտարարություն է արել, որ Լևոն Բարսեղյանը ինտիմ կապ է ունեցել իր հարսի հետ, ինչի համար Բարսեղյանը հայց է ներկայացրել Խաչատրյանի դեմ։
Խաչատրյանը դատական նիստում ընդունեց, որ նման բան է ասել՝ նշելով, որ տեղեկությունները քաղել է հանրային կարծիքից, այլ աղբյուր չունի։
Խաչատրյանը չի ընդունում այն պահանջները, որոնք Բարսեղյանը ներկայացրել է․ «Ես ցերեկին ցերեկ եմ ասել, գիշերին՝ գիշեր, Բարսեղյան Լևոնին՝ Բարսեղյան Լևոն։ Ես գրել եմ այն, ինչը հայտնի է բոլորին ու տեսանելի է բոլորի համար»։
Խաչատրյանը նաև բացառեց, որ սույն գործով հաշտություն կարող է ունենալ մյուս կողմից հետ՝ նշելով, որ նման հարցերում առաջնորդվում է Աստվածաշնչի նորմերով․ «Ես համարում եմ, որ նրանք պետք է գոյություն չունենան, նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես Աստված պատգամել է Մովսեսին»։
Գործով հաջորդ նիստը կկայանա 2021 թվականի մայիսի 26-ին, ժամը 14։30-ին։