ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք հակասում են Իրանի միջուկային գործարքի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ պատժամիջոցների հարցը մնում է բաց:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու համար, այդ թվում` չեղյալ համարելով պատժամիջոցները, որոնք հակասում են դրան», - ասել է նա:
Դիվանագետը նշել է նաև, որ իրանական գործարքի իրականացման շուրջ բանակցությունները Վիեննայում ընթանում են կառուցողական եղանակով: Ամերիկյան պատվիրակությունն արդեն զրուցել է Ռուսաստանի, ԵՄ-ի ու Չինաստանի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության հերթական նիստում հայտարարել էր, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կատարմանը, երբ ԱՄՆ-ն լիարժեք վերականգնի իր մասնակցությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA):