Մենք ամբողջ գիշերն ՊՆ-ի դիմաց ենք անցկացրել: Այս ընթացքում ո՛չ ԳՇ պետը, ո՛չ պաշտպանության նախարարը, լինելով շենքի ներսում, չբարեհաճեցին մոտենալ ժողովրդին, խոսել, հասկանալ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Մի պահ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր՝ մի քանի հոգու ընդունելու, բայց հավաքվածների պահանջն այն էր, որ նա մոտենա, խոսի մեզ հետ՝ թեկուզ ճաղավանդակների այնկողմից: Նաև առավոտ շուտ, չեմ կարող ասել՝ որ մեկն էր, ամեն դեպքում, Վաղարշակը հաստատ կլիներ, գուցե ԳՇ պետն էլ հետը կլիներ, ուղղաթիռը եկավ այստեղի կայանատեղիում իջավ, վերցրեց-տարավ»,-պատմեց Ղուկասյանը:
Ղուկասյանը շեշտեց, որ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին արհամարհող մարդիկ արհամարհվելու են բոլորի կողմից: «Դուք այս մի քանի օրվա ընթացքում քայլեր արեցիք, որոնք երբեք չեն ներվելու, դուք արհամարհեցիք մարդկանց, ովքեր այսօր տառապում են Ադրբեջանի բանտերում, դուք արհամարհեցիք մեր շիրիմները։ Դուք վախկոտի պես փախաք, էնքան թասիբ չունեք, որ կանգնեիք մայրերի առաջ ու պատասխան տայիք:
Հիշեցնենք, որ երեկ «Էրեբունի» օդանավակայանում մինչև ուշ գիշեր անհետ կորած զինծառայողների հարազատներն էին հավաքվել՝ սպասելով, որ գերիների խումբ է վերադառնալու Ադրբեջանից, սակայն ինքնաթիռը Բաքվից դատարկ ժամանեց Երևան։