Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իտալիայի դեսպանին՝ «կապված անընդունելի հայտարարությունների հետ», որոնք Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին արել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Այս մասին հաղորդվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
«Փոխնախարար Ֆարուք Քայմաքչին Իտալիայի դեսպանին ասել է, որ մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի վարչապետի խոսքերը՝ ուղղված նախագահին, որը Եվրոպայում ամենաբարձր մակարդակի աջակցությամբ՝ ժողովրդական քվեարկությամբ ընտրված առաջնորդ է»,– նշել է նախարարությունը՝ հավելելով, որ կոպիտ հայտարարությունները չեն համապատասխանում «Թուրքիայի և Իտալիայի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններին»:
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև ակնկալում է, որ Դրագիի խոսքերը «անհապաղ» հետ կվերցվեն:
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես «բռնապետ, որի հետ պետք է համագործակցել»:
«Բռնապետերի հետ պետք է համագործակցել: Պետք է անկեղծ լինել՝ դիրքդ հաստատելու համար, բայց նաև պատրաստ լինել համագործակցել՝ հանուն երկրի շահերի: Պետք է ճիշտ հավասարակշռություն գտնել»,- ասել է Դրագին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի մասին հարցին։
Դրագին նաև նշել է, որ ինքը չի ընդունում Էրդողանի վարքագիծը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ: «Կարծում եմ՝ դա անտեղի էր»,- ասել է նա: