Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարեւոր փաստ է վերահաստատել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.
1. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։
2. Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարություն։
3. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւ։
Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր եւ հայանպաստ, մինչեւ դավաճան սրիկան, սկսելով սեփական կետից, «բանակցեց» ինչ ուզում էր...»,- գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Tert.am-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ ԼՂ կարգավորման մասին հայտարարության վերաբերյալ հարցին:
«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին հավանություն կտան հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է Ռուսաստանի համանախագահության աշխատանքում:
Թե ինչով է առաջնորդվել Ռ. Հոգլանդը, որը նման հայտարարություն է արել, չեմ պատրաստվում գուշակել»,- ասել է Զախարովան:
Նշենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռ. Հոգլանդը հայտարարել է, որ, իբր, ռուս համանախագահ Ի. Պոպովն իրեն ասել է, որ նույնիսկ եթե հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեն Ս. Լավրովի ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ գաղափարների հետ, ռուսական կողմը չի համաձայնի դրանց իրականացմանը: