Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում հայ մարզիկները 10 մեդալ նվաճեցին՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Մեր ընտրանին թիմային պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն տանտերերին:
69 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Գուրգեն Մադոյանը Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով՝ բռնցքամարտիկների գրանցած հաջողություններում կարևորելով ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գործոնը:
- Շնորհավորում ենք Խերոսոնի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Տարվա սկզբին բավական լավ նախապատրաստական փուլ անցանք, քանի որ այս մրցաշարից առաջ էլ մրցման մասնակցեցինք: Այս ստուգատեսի մասին բոլորովին վերջերս իմացանք: Շուրջ 20 օր սկսեցի նախապատրաստվել հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի և անձնական մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի հետ: Սկզբում ֆիզիկական, արագաուժային պարապմունքներ անցկացրինք, հետո արդեն՝ տեխնիկատակտիկական:
-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք մրցավայր:
-Յուրաքանչյուր մրցումից առաջ մարտական եմ տրամադրվում, այլ կերպ լինել չի էլ կարող: 3 մենամարտ անցկացրի. բոլորն էլ ընթացան ըստ պլանավորածի, մեր աշխատանքն արդյունք տվեց, ամեն բան հարթ ընթացավ:
Երկրորդ ոսկին էր, որ նվաճեցի այս մրցմանը, առաջինը երկու տարի առաջ էր:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Յուրաքանչյուր հաղթանակ թե՛հոգեպես, թե՛ ֆիզիկապես մոտիվացնում է՝ դեպի նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ, քայլ առքայլ մոտեցնելով սպորտի իսկական բարձունքներին՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալներին:
Միջազգային մրցաշար հաղթելով՝ քայլերդ ավելի ու ավելի հաստատուն են լինում դեպի մեծ ռինգեր:
-Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք հայոց եռագույնը:
-Պատասխանավությունն ու պարտավորվածությունը սպորտային առումով ամեն մարզիկ ինքն իր մեջ պետք է ունենա և ամեն ինչ անի հայրենիքը պատվով ներկայացնելու, եռագույնը ծածանելու և որևէ լավ բան անելու համար:
Երբ օրհներգը հնչում է, պահը անբացատրելի է յուրաքանչյուր մարզիկի համար: Եռագույնը, օրհներգը մարզիկի համար սրբություններ են: Հոգեպես բավարարված եմ զգում, երբ կարողանում եմ անգամ աննշան բան անել հայրենիքի համար:
-Թիմային պայքարում հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայում՝ զիջելով միայն տանտերերին: Տղաների հաջող ելույթները ոգևորու՞մ են:
-Բնականաբար, թիմային գործոնը միշտ կա: Մենք մեկ բռունցք դարձած մեկս մյուսին մշտապես ոգևորում ենք, անկեղծորեն ուրախանում հաջողություններով: Միշտ այդպես է եղել, դա էլ հաջողության հասնելու գրավականներից է:
Շատ կարևոր է մարզիկների համար ֆեդերացիայի լուծման հարցը: Այժմ պառակտված վիճակ է: Յուրաքանչյուր մարզիկի վրա անդրադառնում է այս ամենը, որքան շուտ հարցը լուծվի, այնքան մեր բոլորի օգուտը կլինի: Նշեմ, որ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գործոնը շատ մեծ է մարզիկների գրանցած հաջողություներում: Նա գործի նվիրյալ է, ամեն քայլին մարզիկի կողքին է՝լինի ուսումնամարզական հավաք, որևէ մրցաշար, թե մարզումներ: Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մրցաշարերի ու ուսումնամարզական հավաքների են մասնակցում հավաքականի մարզիկները, ինչն էլ տանում է դեպի բարձր արդյունքներ և բերում ավելի շատ մեդալներ: Հովհաննես Հովսեփյանը մեզ ամեն կերպ աջակցում է, բոլոր խնդիրներն ու հարցերը համապատասխան լուծում են ստանում, ինչի համար և շնորհակալությունս եմ ցանակնում հայտնել: Նա ի սրտե նվիրված է գործին, ինչից մենք էլ ենք ոգևորվում: Ցանկանում եմ, որ պառկտված վիճակը վերանա, և Հովհաննես Հովսեփյանը, ըստ կարգի, ընտրվի նախագահ: Մյուս տղաների վրա էլ է ազդում այս ամենը. ցանկալի կլինի, որ հավաքականի կազմն էլ լիարժեք լինի:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Առաջիկայում կլինեն ուսումնամարզական հավքաներ, քանի որ սպասվում են վարկանիշային մրցաշարեր օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: