Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում հայ մարզիկները 10 մեդալ նվաճեցին՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Մեր ընտրանին թիմային պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն տանտերերին:
75 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Արման Դարչինյանը Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով՝ կարևորելով այս հաղթանակը օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:
- Շնորհավորում ենք Ուկրաինայում ոսկե մեդալակիր դառնալու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Հանգամանքների բերումով, թեև ոչ գերազանց, բայց բավական լավ մարզավիճակում էի: Սա ավելի շատ նախապատրաստական բնույթ էր կրում Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարից առաջ, որը 2020 թվականին կիսատ թողեցինք Լոնդոնում: Փառք Աստծո, ամեն բան հաջող ընթացավ:
Երկար ժամանակ ռինգ դուրս չէի եկել: 2020 թվականին միայն Հայաստանի առաջնության և մեկ միջազգային մրցաշարի էի մասնակցել, ուստի միջազգային մրցաշարերը շատ սպասված էին: Սրանից առաջ էլ Ստրաջայում մասնակցեցի մրցաշարի: Միջազգային ռինգերը տարբերվում են: Կարոտել էի ռինգը: Երկար դադարն իր բացասական ազդեցությունն ընդհանրապես թողնում է, բայց, փառք Աստծո, կարողացանք մեզ լավ դրսևորել: Ռինգում ակնթարթների ընթացքում է ամեն բան տեղի ունենում, տրամադրվածությունը շատ կարևոր է: Մտել ես ռինգ պետք է հաղթես, բոլորովին կապ չունի պատրաստվածությունը:
-Ի՞նչ տվեց Ձեզ այդ հաղթանակը:
- Նախատեղված էր, որ 4 մենամարտ պետք է անցկացնեի: Իսրայելի ներկայացուցիչը դուրս չեկավ ռինգ, 3 մենամարտ հաղթեցի: 3-ն էլ ուկրաինացի մարզիկներ էին, բավական ուժեղ ու լավ պատրաստված: Կարողացա ճիշտ գործել և հաղթել, ինչը կնպաստի, որ ավելի լավ նախապատրաստվեմ փարիզյան մրցաշարին:
Հաղթանակները միշտ ցանակալի են և սպասված: Մանավանդ այս օրերին: Երբ դահլիճում հնչեց օրհներգը, պահն անչափ հուզիչ էր ինձ համար: Զգացողություններն այլ են պատերազմից հետո: Մեծ ցավ ապրեցինք, և դրոշը բարձրացնելը ավելի մեծ պարտավորվածություն է մեզ համար: Մենք մեկնում ենք մրցաշարերի՝ ապացուցելու, որ հայ ազգն ուժեղ է, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մեր եռագույնը միշտ ամենաբարձր կետում ծածանենք:
-Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք հայոց եռագույնը:
-Պատասխանատվության զգացումը շատ մեծ է: Բացի այդ, ունենք բացահայտ թշնամիներ, ինչի մասին ամբողջ աշխարհը գիտի: Երբ մեկնում ենք մրցման, մշտապես մտածում ենք հաղթանակի մասին, որ իրավոնք չունենք պարտվելու: Երբ եռագույնն է մեր հետևում, դա ավելի էպարտավորեցնում: Մեր գործը սպորտն է, գոնե այս միջոցով պետք է ամեն ինչ անեք՝ մեր երկիրը հաղթողի կարգավիճակում ներկայացնելու համար:
- Թիմային պայքարում հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայում՝ զիջելով միայն տանտերերին: Տղաների հաջող ելույթները ոգևորու՞մ են:
-Թիմը երբ ուժեղ է լինում, տղաները հաղթանակներ են տոնում, այդ հանգամանքը հաստատ օգնում է ավելի, լրացուցիչ խթան է հանդիսանում: Հաղթանակները ոգևորում են, իսկ պարտությունները՝ հոգեբանորեն ճնշում: Մեր թիմի համար ամեն բան լավ դասավորվեց: Հաղթող թիմի անդամ լինելը շատ լավ է: Մենամարտեր կային անգամ, որ ելքը վիճելի էր, մեր մարզիկներն էին արժանի հաղթանակի: Մեր մարզաձևում և առհասարակ սպորտում նման վճիռներից խուսափել չի լինում: Այնուամենայնիվ, 10 մեդալը լավ արդյունք է մեկ մրցաշարի համար:
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Արդեն վերսկսել եմ մարզումները: Առաջիկայում հավանաբար հավաք կլինի Ծաղկաձորում: Կսկսենք ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունից, հետո սպարինգներ կլինեն, որպեսզի հունիսի 4-ին լիարժեք պատրաստ լինենք՝ ուղեգիր ձեռք բերելու համար: