Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը կարծում է, որ Թուրքիան դեռևս Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներ չունի։ Գրում է Gazeta.ru-ն։
«Կարծում եմ ՝ պետք է խոստովանել, որ դա հիմնականում արհեստական է: Եվ այդ մասին ասել է նաև հանրապետության Նախագահը, երբ ավելի քան երկու տարի առաջ Փարիզում ընդունեց պարոն Էրդողանին <...> Քննարկումներն առաջընփաց չեն գրանցում: Ներկա համատեքստում մենք տեսնում ենք, որ նման հեռանկարներ չկան », - հայտարարել է Բոնը Radio J ռադիոկայանի եթերում:
Թուրքիան ԵՄ-ի հետ համագործակցում է 1963 թվականից, իսկ 1987 թվականից միությանն անդամակցության թեկնածու է: Այնուամենայնիվ, Թուրքիայի կարգավիճակի շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թ.-ին, սակայն այդ բանակցությունները մի քանի անգամ ընդհատվել են կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:
«Դա չի նշանակում, որ գործընկերություն ունենալու և քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա: ... Բայց ենթադրել, որ Եվրամիությունը պետք է ավելի ու ավելի ընդլայնվի, սխալ է և խելագարություն, քանի որ մենք պետք է համախմբենք և բարելավենք մեր միությունը», - ընդգծել է Բոնը:
Պաշտոնական Բրյուսելը վերսկսեց բանակցությունները Թուրքիայի հետ 2016թ, երբ Թուրքիան համաձայնվեց օգնել նվազեցնել միգրանտների հոսքը դեպի Եվրոպա:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության լուրջ հեռանկար չկա: