Միայն ՆԱՏՕ-ին անդամակցելը կարող է Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն երաշխավորել։ Այդ մասին The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Գրում է Russian.rt.com-ը։
«Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունն ու խաղաղությունը», - ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկու, Ուկրաինայի արևելքում հակամարտությունը «ճնշում է գործադրում Եվրոպայի և ամբողջ Արևմուտքի վրա»:
«Սա հակամարտություն է, որը կորոշի՝ պահպանվելու է իրական ժողովրդավարական կարգը, կգործի՞ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը և արդյոք ժողովուրդների ազատությունը կընտրի՞ իրենց ճակատագիրը», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել էր Դոնբասում զինված հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը:
Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել էր, որ կազմակերպության միայն 30 անդամներ ու Կիեւը կարող են որոշում կայացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում: