Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 89 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և աշխարհամասի չեմպիոնի կոչումը երկամարտի 375 կգ արդյունքով նվաճեց երիտասարդ, հեռանկարային մարզիկ Կարեն Ավագյանը:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, կարևորում հաղթանակը հետագա հաջողությունների գրանցման ճանապարհին:
-Շնորհավորում ենք Եվրոպայում 1-ինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Լուրջ նախապատրաստական շրջան էի անցել՝ դեռևս անցած տարվանից: Այս առաջնությունը պետք է 2020 թվականին կայանար: Համավարակի պատճառով հետաձգվեց: Մենք թեև մեկ տարի մրցաշարերի չմասկացեցինք, բայց եղան ուսումնամարզական հավաքներ, որոնց ժամանակ մարզվեցինք՝ տեմպը չթուլացնելով: Ծանրաբեռնված մարզումային շրջան եմ անցել՝ բավական դժվարություններ հաղթահարելով, վնասվածքներ բուժելով: Հնարավորության սահմաններում պատրաստվել էի շատ լավ, ուրախ եմ, որ ամեն բան հաջող ընթացավ, արդյունք էլ տեսանելի է:
-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Մոսկվա:
-Մեր մարզաձևն այնպիսին է, որ նախորդ տարիների արդյունքներից կարողանում ես հասկանալ, թե մոտավորապես որքա՞ն կիլոգրամներ են պետք, որպեսզի դառնաս չեմպիոն կամ մեդալակիր: Ես գիտեի, որ իմ ուժերի սահմաններում է չեմպիոնությունը: Այդ տրամադրվածությամբ էլ մեկնել էի: Ինձ համար կարևոր էր ցուցաբերածս արդյունքը, որպեսզի կարողանամ ուժերս ճիշտ օգտագործել: Փառք Աստծո, ստացվեց:
-Ձեր ելույթների, մրցակիցների մասին կխոսե՞ք:
-Պոկում վարժությունը շատ լավ կատարեցի: Մարզումներին անգամ չէի բարձրացրել 175 կգ: Ստացվեց, կարողացա բարձրացնել, իսկ հրում վարժությունում այդքան էլ լավ հանդես չեկա: 200 կգ առաջին մոտեցման ժամանակ բարձրացրի, 204 կգ-ն, ուղղակի չստացվեց: Մարզումների ընթացքում 205կգ, 210կգ-անոց ծանրաձողերը բարձրացրել շատ հանգիստ, իմ ուժերի սահմանում էր լիարժեք:
Մրցահարթակում շատ հանգիստ էի, ամենակարևորը՝ վստահ: Գիտեի, որ պատրաստ եմ: Պայքարը շատ թեժ էր: Ինձ համար ընդհանրապես մրցակցություն հասկացություն չկա: Իմ առաջին մրցակիցը ես եմ և ծանրաձողը: Գիտեի ինչքան կիլոգրամներ են պետք չեմպիոն դառնալու համար և այդ ուղղությամբ էի միայն մտածում, որ կարողանամ բարձրացնել:
-Ինչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Այս հաղթանակն ինձ տվեց վստահություն: Շատ սպասված էր. հասկացա, որ իզուր չէր այսքան տարիների իմ չարչարանքը:
Մինչև մրցումը, ես մտածում էի, որ եթե դառնամ Եվրոպայի չեմպիոն, իմ զգացողություները, ապրումները այլ կլինեն: Չեմպիոնական զգացողությունները սխալ կլինի ասել՝ սովորական են, բայց, քանի որ սպասված էր ՝ արտասովոր չէ: Հաճելի էին ապրումները հիմնը լսելիս: Այդ ժամանակ մտածում էի ընտանիքիս և բոլոր այն մարդկանց մասին, որոնք նայում էին մրցումները: Գիտեի, որ ի սրտե ուրախ են և ես հպարտություն էի զգում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել իմ հաջողություններում:
-Հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝ երկամարտի արդյունքներով նվաճելով 8 մեդալ: Թիմակիցների հաջողությունները ոգևորու՞մ են մրցումների ժամանակ:
-Միանշանակ մեր թիմը տրամադրված էր, որ անպայման պետք է մեդալներ բերենք, չեմպիոններ դառնանք, որպեսզի թեկուզ այդ մեկ-երկու րոպեն, երբ հիմնը հնչի, հեռուստացույցի դիմաց նստած մարդիկ երջանկանան, կտրվեն առօրյայից, մեր երկրի դժվարություններից:
Պարտավորված էինք ու շատ էինք ուզում ուրախացնել մեր ազգին: Այս հաղթանակը մեր զինվորներինն է:
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Առաջիկայում կշարունակենք հավքաները՝ նույն ոգով նախապատրաստվելով հաջորդ մրցումներին: 89 կգ քաշային կարգն օլիմպիական չէ: Ուստի, հաջորդ մրցումները կլինեն սեպտեմբերին: Նախ՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որից հետո, թեև դեռ հաստատված չէ, բայց պետք է լինի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Ամեն բան անելու եմ հաջողությունը կրկնելու համար. առաջ Աստված: