Այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020-ի բյուջեով պարգևավճարների համար նախատեսել են 1 մլրդ դրամ, և միայն 70 մլրդ դրամ հատկացրել են թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր բարձրացնելու համար:
«Ես պարգեւավճարների որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ աջակցեք այդ որոշմանը: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, երբ պետական համակարգում աշխատում են միայն նրանք, ում աչքը ուրիշի գրպանին է, կամ էլ որոնք չունեն բավարար պրոֆեսիոնալ մակարդակ:
Այո, վճարելու ենք պարգեւավճարներ եւ ես բոլոր նախարարներից պահանջելու եմ խիստ արդյունավետություն: Ով արդյունավետ չեղավ, հանգիստ խղճով ուղարկելու եմ իր գործին: Երկրորդը, այո պետական կառավարման համակարգում աշխատանքի հեղինակությունը պետք է բարձրանա: Այդ ծառայությունը պետք է մատուցվի ամենաբարձր մակարդակով: Հանրային կառավարման բարեփոխումները իրականացնելու ենք, որպեսզի կառավարությունը քիչ խանգարի եւ հնարավորինս շատ օգնի»,-հայտարարեց վարչապետը: