BBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բրիտանական իշխանություններն արգելանք են դրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր և թոռան գույքի վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, Նազարբաևի դուստրը՝ Ղազախստանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևը, նրա ավագ որդին՝ Նուրալի Ալիևը և նրա կինը՝ Աիդան, Լոնդոնում գնել են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ և տներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գույքը ձևակերպված է երեք օֆշորներում՝ Անթիլյան կղզիներում, Պանամայում և բրիտանական Անգիլիայի տարածքում: Դրանց թվում են Բիշոփսի պողոտայում առանձնատուն` լողավազանով և կինոթատրոնով, տուն Հայգեյթ շրջանում և բնակարան նորաձև Չելսիի տարածքում:
Բրիտանական իշխանությունները Նազարբաևների ունեցվածքի վրա արգելանք դրել են իրավապահների խնդրանքով 2019թ. գարնանը: Լոնդոնի Գերագույն դատարանի դատավորը թույլ է տվել հրապարակել այդ տեղեկատվությունը: