f

Անկախ

Երբեք վիզդ չծռես. 33-ամյա Կարենը հայրենիքը սիրում էր գործով, ոչ թե խոսքով


Ամեն անգամ, երբ հեռուստացույցով զոհված զինծառայողների անուններն են ցույց տալիս, 3 տարեկան Վահագնը կանգնում է հեռուստացույցի առաջ ու մորը կանչում. «Պապայիս են ցույց տալիս»...

Կարեն Բաբայանը 2020 թվականի հոկտեմբերի 3-ին էր մեկնել ռազմաճակատ: Կինը՝ Անին, հիշում է, որ ամուսինը հոգեպես հենց պատերազմի առաջին օրերից էր պատրաստվել մեկնելու. «Հոկտեմբերի 3-ին էին զանգել և ասել, որ 1 ժամից ներկայանա: Արագ եկավ տուն, հավաքվեց ու գնաց, ընդամենը 5 րոպե եմ տեսել: Պատերազմի առաջին օրերից էլ անհանգիստ էր: Գիտեր, որ որպես հրետանավոր իրեն կկանչեն ու, հավատացեք, պատրաստ էր գնալու»:

Կարենին սկզբում տարել են N զորամաս զորավարժությունների, պատրաստվածության շնորհիվ դարձել է դասակի հրամանատար, իսկ արդեն հոկտեմբերի 16-ին մեկնել են Ջաբրայիլ: Անին պատմում է, որ այդ ժամանակ Ջաբրայիլն արդեն իսկ գրավված է եղել և Կարենի դասակին նահանջի հրաման են տվել.  «Իրենք չեն իմացել, որ Ջաբրայիլը գրավված է: Հետո նահանջի հրաման են ստացել, հետ են եկել, ինչ-որ ձևով դասակի անդամները գտել են իրար ու գնացել են Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի կողմը, գիշերը ինչ-որ տան մեջ են եղել, ու հենց էդտեղ էլ թշնամին տարածքը հրետակոծել է: Առաջին հրետակոծությունից հետո սկսել են վիրավորներին պատուհանով դուրս հանել, Կարենը բոլորին դուրս է հանել, իսկ ինքը չի հասցրել, իր դասակից միայն ինքն է զոհվեl...»,-Անին շատ մանրամասներ չգիտի, բայց ամուսնու բնավորությունը լավ իմանալով՝ հասկացել է, որ երբեք ոչ մեկին մենակ ու անօգնական չէր թողնի, Կարենն այդպիսին չէր,-«Երբ Կարենի եղբայրը մարտական ընկերների մոտ հարցրել է, թե ինչու հենց Կարենը հետ չեկավ, պատասխանել են, որովհետև շատ լավն էր: Երբեք իր մասին չէր մտածի, կարելի էր ենթադրել, որ եթե պետք լինի ուրիշի ու իր կյանքի մեջ ընտրություն կատարել, Կարենն առաջին հերթին ընտրելու էր ուրիշի կյանքը փրկելու տարբերակը: Իր մարտական ընկերներից մեկը պատերազմից հետո պատմում էր, որ երբ Կարենի հետ գնացել են դիտարկման, ինքը հոգնել է, բայց Կարենը չի թողել նրան հետ մնա կամ կանգնի, քաշել է նրան ու հենց նույն պահին այդ վայրը ռմբակոծել են: Կարենի շնորհիվ այսօր նա ապրում է»,-թաց աչքերով, բայց հպարտությամբ ավելացնում է Անին:

Անին ամուսնուն նկարագրելիս փորձում է դուրս գալ իր զուսպ բնավորության սահմաններից ու Կարենին բնորոշ բառեր գտնել, բայց կարծես նման բառեր դեռ չեն ստեղծվել, որովհետև Կարենը նման չէր սովորական մարդկանց, ամեն քայլով տարբերվում էր բոլորից. «Ինքը միշտ առանձնանում էր, երբ հարցնում էի դու ու՞մ ես նման, ասում էր ես այլ մոլորակից եմ: Ես մեկ-մեկ մտածում էի՝ իմ բախտը ոնց է բերել, որ Կարենի նման ամուսին ունեմ: Բնավորությամբ հանգիստ էր, զուսպ, ոչ մեկին կյանքում չէր նեղացնի, ուժեղ մարդ էր, ուժեղ մարդը չի կարող նեղացնել ինչ-որ մեկին, շատ աշխատասեր էր, կոկիկ, անգամ զորավարժությունների ժամանակ զորամասում անունը դրել էին «ակուրատնի տղա»»:

Կարենն իսկապես ղեկավարի հատկությամբ էր օժտված: Զանազան իրեր ու զենքերի մասին տեղեկություններ էր խնդրել, որ ուղարկեն: Ժամանակը մարտի դաշտում էլ օգտագործում էր ճիշտ նպատակով. «Գործի մարդ էր, միշտ իր համար կարևոր էր աշխատելը, ստեղծելը, անգամ պատերազմի օրերին, երբ մարդիկ անընդհատ լուրերին էին հետևում, չէին աշխատում, մի օր Կարենը բարկացած եկավ տուն ու ասաց. «էս մարդիկ չեն հասկանում, որ հենց հիմա պետք է աշխատեն»: Ուրիշների նման ամբողջ օրը չէր խոսի հայրենասիրությունից, ինքը գործով էր դա ապացուցում»:

Անին կիսաթաց աչքերով, սկսում է ժպտալ ու հիշում է, որ ամուսինը զորավարժությունների ժամանակ զանազան իրեր էր խնդրում, որ ուղարկեն՝ հակախլացուցիչ սարքեր, լապտերներ, դանակ, սրճեփ, անգամ նոթատետր ու հաշվիչ էր ուզել, որ ինչ-որ հաշվարկներ անի. «Խնդրել էր, որ 44 համարի հողաթափեր ուղարկեինք, բայց ես գիտեի, որ իր համար չէ, ինքը այդ համարը չէր հագնում, ուրիշի համար էր ուզել: Ամեն ինչ ուզել էր, որ բաժանի իր դասակի տղերքին»:

Կարենն օգնում էր բոլորին, ու հիմա ընկերներն ամեն անգամ մի գործ սկսելիս հիշում են, թե ինչ տաղանդավոր էր Կարենը. մարդ, ում ձեռքի տակ ամեն բան կենդանություն ու նոր շունչ էր ստանում:

«Կարենի ձեռքից ամեն ինչ գալիս էր, տանն ամեն բան ինքն էր պատրաստում, վերանորոգում, հիմա նույնը նկատում եմ տղայիս մոտ: Վահագնը ծննդյան օրը շինարարական գործիքներ է նվեր ստացել ու ամեն օր զբաղվում է դրանցով: Հիմա հասկանում եմ, որ երբ մեծանա, մենք տանն էլի խնդիր չենք ունենալու, ամեն ինչ ինքն է սարքելու հայրիկի նման: Կարենը կարծես բոլորի պաշտպանը լիներ, ամեն հարցով կհասներ բոլորին: Բոլորին պաշտպանելու ու ուշադիր լինելու բնավորության գիծը հիմա Վահագնի մեջ էլ եմ նկատում»,-ասում է Անին:

Նա պատմում է, որ Կարենը հիանալի հայր էր, անգամ նահանջից հետո, երբ պառկել են մի քանի ժամ հանգստանալու, տղաներին ասել է՝ երբ է վերջանալու էս ամենը, որ տղուս տկակոյը (Վահագնը այդպես էր ասում տրակտորին) առնեմ գնամ տուն:

Տղան հիմա չի պատկերացնում, որ հայրը հետ չի գալու. «Մի օր փողոցում զինվոր տեսանք, Վահագնը ձեռքիցս քաշեց ու ասաց՝ մամ պապան հետ եկավ, վերջին անգամ հորը զինվորական հագուստով է տեսել ու երևի այդպես էլ տպավորվել է հիշողության մեջ: Մեկ-մեկ հարցնում է ճանապարհները փակ են, որ պապան չի գալիս»,-Անին լռում է. հաճախ չի կարողանում 3 տարեկան որդու հարցերին պատասխաններ գտնել: Հիմա Վահագնը չնայած շատ չի խոսում հոր մասին, բայց անընդհատ սպասում է, որ տուն է գալու:

Այսօր Կարենի մասին հիշողություններն ու պատմություններն են ապրելու ազդակ դարձել Անիի համար, նա ժպտում է, գլուխը կախում ու սկսում մեղմ ձայնով պատմել դրանք. «Կարենն այնքան զուսպ էր, որ հաճախ զգացմունքների մասին չէր խոսի: Առաջին օրը երբ ժամադրության էինք գնացել, անձրևոտ օր էր ու Կարենը հանդիպման էր եկել անձրևանոցով: Ես այդ պահին ինձ շատ պաշտպանված զգացի ու հասկացա, որ ամբողջ կյանքում է այդպես լինելու: Հանդիպման վերջում հարցրեց՝ ոնց իմանամ ինձ հավանել ես, թե չէ, ասացի աչքերիցս կհասկանաս, ասաց ես կամաչեմ քո աչքերի մեջ նայել»,-արցունքերի միջից Անին ծիծաղում է: Կարծես ժամանակն ու տարածությունը վերանում են, ու նա տեղափոխվում է այն նույն այգին, որտեղ տարիներ առաջ կարող էին ժամերով նստել Կարենի հետ ու ոչինչ չխոսել: Հետո մտովի տեղափոխվում է իրենց տուն, որտեղ ամուսինն ամեն ինչ այնպես էր դասավորել, որ ինքը ոչ մի բանի կարիք չզգա, այդ տանն է այն նույն սպիտակ դաշնամուրը, որը գնելու գաղափարը ամիսներ շարունակ Կարենը զգուշաբար իրենից թաքցրել էր, որպեսզի հետո անակնկալ անի. «Կորոնավիրուսից առաջ իր տնօրենը գնացել էր Չինաստան, Կարենը պայմանավորվել էր, որ այնտեղից ինձ սպիտակ դաշնամուր բերի: Ու 8 ամիս ինձ ոչինչ չէր ասել: Մի օր էլ ինձ տանից ինչ-որ պատճառաբանությամբ դուրս հանեց, որ հասցնի դաշնամուրը բերել տուն ու ինձ անակնկալ անել: Երբ մտա տուն ու դաշնամուրը տեսա, ուրախությունից սկսեցի լաց լինել: Ինքը միշտ շատ ուշադիր էր, գիտեր նվեր անել, անակնկալ մատուցել, նվեր անելու մշակույթ ուներ: Մինչև հիմա էլ իր հետ աշխատած աղջիկները հիշում են, որ տոներին լավագույն նվերները հենց Կարենից են ստացել»:

Եթե ամիսներ առաջ Անին գիտեր ամուսինը հանուն ինչի մեկնեց ռազմաճակատ ու հանուն ինչի զոհվեց, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հարցականները հերթ չեն տալիս մեկը մյուսին. «Երբ Ջաբրայիլ գնալու ճանապարհին եղբայրը փորձել էր հետ պահել, Կարենն ասել էր, եթե ես չգնամ, էն մյուսը չգնա, բա ո՞վ գնա: Ինքը միշտ պատասխանատվությունը վերցնում էր իր վրա, դրա համար էլ իր դասակի բոլոր տղաները ողջ առողջ վերադարձել են, միայն ինքն է զոհվել: Կարենն ասում էր թեկուզ շատ մարդ էլ զոհվի բայց գոնե իմանանք, որ այս հարցը վերջնական լուծվել է, որ իմ տղային հարցը չհասնի:

Հոկտեմբերի 19-ին, երբ իմացա, որ Կարենը զոհվել է, առաջինը որ մտածել ու հիշել եմ իր խոսքերն էին, որ ասում էր երբեք վիզդ չծռես: Սիրում էր, որ ես հպարտ էի լինում: Ու ինձ միշտ թվում էր, որ ես պետք է ուժեղ լինեմ, վատը չմտածեմ, որ իրեն ոչինչ չլինի: Պատերազմի ժամանկ էլ, երբ հեռախոսով զրուցում էինք, ինքը ինձ էր դուխ տալիս, ես՝ իրեն:

Ինքը ռազմաճակատ մեկնելիս գիտեր, որ պետք էր մեզ պաշտպանել ու առանց մի վայրկյան վարանելու գնաց: Հիմա չեմ հասկանում պե՞տք էր, թե՞ պետք չէր, կռի՞վ էր, թե՞ ինչ էր այդ օրերին: Ամենադժվարը դա է, որ զոհվել է, բայց չես հասկանում՝ ինչի համար է մահացել, ինչն է պաշտպանել:

Երբ Կարենի մահվան լուրը լսեցի, գիտակցությունս այդ ժամանակ տեղում չէր, ես հասկանում էի, որ ահավոր բան է եղել, երբ ինձ հարցնում էին ո՞նց ես, ես ասում էի նայած պատերազմը ոնց կվերջանա: Նոյեմբերի 9-ին, երբ լսեցի սարսափելի լուրը, ես ավելի վատ վիճակում էի, քան Կարենի մահվան լուրը լսելու օրը, որովհետև չէի հասկանում իմ ամենաթանկին հանուն ինչի եմ տվել: Անիմաստության զգացողություն կար մոտս, որը չի անցնում»:

Այսօր մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց օրը սկսվում ու ավարտվում է իրենց հարազատներին հիշելով, միայն այդ հիշողություններն են, որ սպիացնում են անեզր ցավը, որ խորացնում են կարոտի զգացումը, բայց նաև ուժ են տալիս ապրելու. «Իրենց ասում են հերոս, բայց մենք էլ ենք հերոս, որ էդ ցավը մեզ հետ, էդ ամեն ինչը զգալով շարունակում ենք ապրել: Ասում են չորս հազար, հինգ հազար զոհ, բայց զոհերն այդքանը չեն: Այդ հինգ հազար զոհը ընտանիքներ ունեն, ու իրենցից հետո մնացածները նույնպես զոհ են կամ վիրավոր: Այսօր այդ վիրավոր ապրողներն են նաև հերոսներ, որ ամեն ինչ տեսնելով շարունակում են ապրել, չեն չարանում, վատ բաներ չեն անում, հասկանում են, որ կյանքում կա և լավը, և վատը, ամեն բանում միայն վատը տեսնել պետք չէ»,-կարծես բարձրաձայն մտածում է Անին ու ես նրա փոքր մարմնում ահռելի ուժ եմ տեսնում, կնոջ ուժը, որը ամբողջ կյանքում դեռ պետք է լինելու օրեցոր մեծացող ու հորը նմանվող Վահագնի հարցերին պատասխանելու ու նրան հերոս հայրիկին արժանի մարդ մեծացնելու համար,-«Ուղղակի մի բան գիտեմ, որ մեր ազգում ամեն մեկն իրեն պետք է պատասխանատու պահի, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, որ հասկանան՝ այս կյանքն անիմաստ չեն ապրում: Կարենն ապրեց ընդամնեը 33 տարի, բայց այնքան շատ բան է թողել, որ հասկանում ես կյանքի իմաստն այդպես ապրելու մեջ»:

Անին խոստովանում է, որ Կարենի մահից հետո մտածել է երկրից հեռանալու մասին, բայց հիմա չի ուզում, հիմա միակ նպատակը Վահագնին լավ կրթություն տալն է, որ հետագայում կարողանա իր տեղը գտնել ոչ միայն հայրենիքում, այլև հայրենքի սահմաններից դուրս:

Մայրը հիմա գիտի, որ տղային ամենակարևոր պատգամը, որ պետք է փոխանցի այն է, որ ընտանիքը միշտ ամուր պահի ու հասկանա, որ կյանքում առաջնային տեղում ընտանիքն է, այն ամենավեհ գաղափարն է:

Ծնունդով Եղեգնաձորից Կարենն այժմ իր սիրելի բնության գրկում է, սարերի մեջ, Գլաձորում՝ հայրենի տանից մի քանի մետր այն կողմ է նրա շիրիմն ամփոփվել, այդտեղ է ծածանվում եռագույն դրոշը: Ամեն երեկո Կարենի մայրը նայում է տղայի գերզմանին ու զրուցում նրա հետ՝ փորձելով այդպես վերագտնել որդուն ու լցնել նրա բացը, որը երբեք էլ չի լցվի:

խմբագրի ընտրանի Կարեն Բաբայան հարցազրույց

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին