Թուրք բարձրաստիճան դիվանագետները Կահիրեում Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկում են լիարժեք հարաբերությունների վերականգնումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ եգիպտական դիվանագիտական աղբյուրին հղումով:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ Կահիրե է ժամանել թուրքական պատվիրակություն՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ:
«Բանակցությունները նախնական բնույթ ունեն և վերաբերում են երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցներին»,- տեղեկացրել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել էին 2013 թ.-ին իսլամիստ, «Մուսուլման եղբայրներ»-ից Մոհամադ Մուրսիի տապալումից հետո, որից հետո կողմերը հետ էին կանչել իրենց դեսպաններին: Այս տարվա մարտին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի ու Կահիրեի միջեւ դիվանագիտական մակարդակով շփումները վերսկսելու մասին: