ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի եւ իր որդու վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Մակագրումը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 3-ին։
Նշենք, որ նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Հրանտ Դավթյանը 2018 թվականի հունիսի 20-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր եւ կրելով գույքի եւ շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաեւ 2019 թվականի հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել եւ այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:
Նա չի հայտարարագրել նաեւ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9 մլն ՀՀ դրամը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաեւ, որ նրա որդին՝ եւս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ եկամուտների մասին 2018 թվականի հայտարարագրում չի հիշատակել եւ այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին, 4.9 մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու եւ դրա նկատմամբ իր եւ մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։
Նույն հայտարարագրում նախկին պատգամավորի որդին չի հիշատակել եւ այդ կերպ թաքցրել է նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009 թվականի թաղարկման ավտոմեքենան 2018 թվականի նոյեմբերի 11-ին 4 մլն ՀՀ դրամով վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջեւ հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1 մլն ՀՀ դրամ։
Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի եւ դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։