f

Անկախ

Ինչո՞ւ Վրաստանը չի արձագանքում Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը


Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչումը, որ այս անգամ հնչեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շուրթերից, Վրաստանում զգուշավոր ու զուսպ ընդունեցին, առանց որևէ պաշտոնական հայտարարության կամ ավելի քան 100 տարի առաջ ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցած փաստի ժխտման: Այդ մասին Dalma News պարբերականում գրում է վերլուծաբան Իրինա Խաչիձեն (Թբիլիսի):

 

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում և ևս մեկ անգամ խոստանում ենք, որ ամեն ինչ կանենք նման դաժանությունների կրկնությունը կանխելու համար»,- հայտարարեց Ջո Բայդենը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որն այսօր ճանաչել է աշխարհի 32 երկիր, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ:

Վրացի վերլուծաբանները ենթադրում են, որ ԱՄՆ ներկայիս նախագահի տվյալ հայտարարությունը մի քանի նախադրյալներ ու կանխորոշող գործոններ է ունեցել: Հիմնական շեշտը դնում են Վաշինգոտնի և Անկարայի հարաբերությունների սրման վրա երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների խորապատկերում, որտեղ Թուրքիայի հետ իր դիրքերն ամրապնդեց նաև Ռուսաստանը:

Ինչպես հայտնել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամի վերլուծաբան Զուրաբ Բաթիաշվիլին, հատկապես Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրումը, առաջին հերթին, պայմանավորեց նախագահ Բայդենի այդ քայլը:

«Բայդենի գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են, և այդ երկրները իրարից հեռացել են այնքան, որ Թուրքիայի զգայուն մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչմանը ամերիկյան նախագահի համար այլևս որոշիչ չէ: Բացի այդՋո Բայդենը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հայկական սփյուռքին, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և իր խոստումը, ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, կատարեց: Բայդենի նախորդները նույնպես խոստանում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չէին անում կամ չէին կարողանում անել դա»,- բացատրել է Զուրաբ Բաթիաշվիլին:

Տվյալ իրադարձությունը նա անվերապահորեն կապում է Կովկասի ներկայիս իրավիճակի և բուն Հայաստանի իրադարձությունների հետ, որը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Վրացի վերլուծաբանը Բայդենի հայտարարությունը գնահատում է նաև որպես օգնության ձեռքի պես մի բան, որ մեկնել է ԱՄՆ նախագահը Երևանի արևմտամետ ուժերին:

«Անշուշտ դա կապված է Կովկասի իրավիճակի և հայաստանյան իրադարձությունների հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանին սպսասում են խորհրդարանական ընտրություններ: Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանի նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն էր, որպեսզի իշխանության բերի Հայաստանում ռուսամետ ուժերին: Այնպես որ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին յուրօրինակ օգնության ձեռք է՝ մեկնված Հայաստանի արևմտամետ ուժերին: Այդ խոսքը հասցեագրված է նաև ողջ Կովկասին: Միաժամանակ դա մի տեսակ պատիժ է Թուրքիային Ռուսաստանի հետ մերձենալու և Արևմուտքից հեռանալու համար»,- նշել է Բաթիաշվիլին:

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, որն իր արտաքին քաղաքականությամբ նախևառաջ կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ն, Վրացի վերլուծաբանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը մնում է նախկինը, ընդ որում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դրանից չեն փոխվի:

«Չեմ կարծում, որ Վրաստանի դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ կփոխվի: Բանն այն է, որ Թուրքիան  Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է: Վրաստանը Թուրքիայի հետ շատ համատեղ նախագծեր ունի: Վրաստանի տասնյակհազարավոր քաղաքացիներ աշխատում են Թուրքիայում: Չեմ կարծում, որ Վրաստանի կառավարությունը փոխի իր մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ելնելով սեփական ազգային շահերից»,- ասել է Բաթիաշվիլին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, որը նույնպես Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ապա փորձագետը չի կարծում, որ Թբիլիսիի հարաբերությունները Վաշինգտոնի հետ կփոխվեն:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը գլխավոր և առաջնահերթ հարց չէ ԱՄՆ-ի հետ թե՛ երկկողմ, թե՛բազմակողմ հարաբերություններում: Եվ չեմ կարծում, որ ամերիկացիները ինչ-որ քայլեր պահանջեն Վրաստանի կառավարությունից: Նրանք հասկանում են, որ կան հարցեր, որոնց դեպքում երկու երկրներն ընդհանուր շահեր չունեն: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ում լավ են հասկանում Վրաստանի համար այդ հարցի զգայունությունը»,- ավելացրել է Զուրաբ Բաթիաշվիլին:

Կովկասի հարցերի մի այլ վրացի փորձագետի՝ Մամուկա Արեշիձեի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին պայմանավորված էր մի քանի գործոններով, այդ թվում և հայկական լոբբիի արդյունավետ աշխատանքով:

«Շատ կարևոր է, որ ակտիվ ու արդյունավետ էր աշխատում հայկական լոբբին: Արդյունքն այն էր, որ նախընտրական մարաթոնի ժամանակ Ջո Բայդենը խոստացավ, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եվ կատարեց իր խոստումը: Բայց նախապես հեռախոսազանգով այդ մասին հայտնեց Թուրքիայի նախագահ Էրդողանին: Ուզում եմ նշել մի հետաքրքիր հանգամանք: Մի կողմից՝ բոլորը սպասում էին Թուրքիայի խիստ արձագանքին Բայդենի հայտարարությանը, բայց դա չեղավ: Միայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձանագրեց, որ Ամերիկան նման քայլ արած երեսուներորդ երկիրն է: Այնպես որ որևէ գերբնական բան չի պատահել»,- ասաց նա Dalma News-ի հետ զրույցում:

Մամուկա Արեշիձեի գնահատմամբ՝ բարոյական առումով ԱՄՆ նախագահի այդ քայլը Թուրքիային որոշակի հարված հասցրեց, բայց Հայոց ցեղասպանության հարցը նաև ֆինանսական կողմ ունի:

«Բարոյական առումով դա Թուրքիայի համար իհարկե վատ է: Բայց հարցը նաև ֆինանսական իմաստ ունի՝ այդ իրադարձությունների զոհերի փոխհատուցման վճարումը, որն առայժմ ընթացք չի ստացել: Եվ կարծում եմ՝ չի էլ ունենա, քանի որ այդ հարցը որոշում է միջազգային դատարանը»,- բացատրել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահի տվյալ քայլը պայմանավորված էր Անկարային «ճիշտ լարի վրա գցելու» մտադրությամբ տարածաշրջանում ինքնուրույն քաղաքականություն վարելու փորձերի համար:

«Չնայած Թուրքիան Արևմուտքի գործընկերն է ու ՆԱՏՕ-ի անդամ, փորձում է տարածաշրջանային աշխույժ անկախ քաղաքականություն վարել, և դա վերաբերում է Առաջավոր Ասիայի հարցերին, Միջերկրական ծովին և Կովկասին: Թուրքիան այդ հարցերում Արևմուտքի կարծիքը հաշվի չի առնում, Թուրքիայի ու Ֆրանսիայի, Թուրքիայի ու Հունաստանի լարված հարաբերությունները դրա ցայտուն օրինակն են: Այնպես որ ԱՄՆ նախագահի տվյալ քայլն արվեց նաև Թուրքիային կարգի բերելու նպատակով: Մենք գիտենք, որ համանման հայտարարություններ արել են նաև եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան»,- ասել է Մամուկա Արեշիձեն:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրա խոսքով՝ պաշտոնական Թբիլիսիի համար Ջո Բայդենի հայտարարությունը ոչինչ չի փոխում: Նրա կարծիքով՝ այդ հարցը վճռորոշ չէ նաև Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում:

«Ընդհանուր առմամբ այդ հայտարարությունից հետո Վրաստանի համար ոչինչ չի փոխվում: Ինձ թվում է՝ Հայաստանի հասարակայնության համար էլ, հատկապես ղարաբաղյան իրադարձություններից հետո, այդ հարցը կարևոր և որոշիչ չէ Վրաստանի հետ հարաբերություններում: Առհասարակ ես հաճախ եմ Հայաստանում որոշ ինտելեկտուալներից լսել, որ արևմտյան սփյուռքը ավելորդ է շեշտում այդ հարցը, երբ կարելի էր զբաղվել ուրիշ, ներկայիս Հայաստանի համար ավելի կենսական խնդիրներով: Անգամ Սփյուռքի օրն է Հայաստանը շատ զուսպ նշում, համենայն դեպս՝ երկրի բնակչությունը»,- ասել է Մամուկա Արեշիձեն:

Վերլուծաբանը հավելել է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախագահ Ջո Բայդենի կողմից առանձնապես շահաբաժին չի բերի թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Վրաստանի կառավարությունը, փորձագետի կարծիքով, ԱՄՆ նախագահի խոսքից հետո էլ կպահպանի այդ հարցում նախկին գիծը, որ անցկացրել է մինչև հիմա:

«Վրաստանը հավատարիմ կմնա նախկին գծին, որը տարել է մինչև հիմա: Վրաստանի տարածքում տասնյակհազարավոր հայեր են ապրում և տասնյակհազարավոր ադրբեջանցիներ: Ելնելով դրանից՝ Վրաստանի կառավարությանը հարիր է զգույշ վարվել, քանի որ յուրաքանչյուր սխալ շարժում այս կամ այն ուղղությամբ քաղաքացիական լարվածություն կառաջացնի: Իսկ դա հիմա, առավել ևս երկրում վրա հասած քաղաքական ճգնաժամի պայմաններում, բնավ ձեռնտու չէ»,- ընդգծել է Մամուկա Արեշիձեն:

Նշենք, որ Վրաստանի կառավարության առաջին դեմքերը, որոնք սովորաբար ակտիվ արձագանքում են ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների բոլոր հայտարարություններին, հատկապես՝ Ռուսաստանի հասցեին, այս անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը անուշադրության մատնեցին:

Իրինա Խաչիձե (Թբիլիսի)  

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

Տարածաշրջան Վրաստան Թուրքիա ԱՄՆ Հայոց Ցեղասպանություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին