ՄԻՊ գրասենյակը Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններից ամենաբարդ մարմինն է, քանի որ այն անընդհատ գտնվում է տարբեր իրադարձությունների թիրախում, և դրանց մեծ մասը զգայական է, ինչը շատ դեպքերում թույլ չի տալիս հասկանալ՝ ինչ գործընթացներ պետք է իրականացնել, որ բալանսն ապահովվի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՄԻՊ զեկույցին։
Պատգամավորն ընդգծեց՝ այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի աշնանը, միջազգային հանցագործություն էր, պատերազմից հետո էլ տեղի ունեցողը, օրինակ՝ հայ զինվորների մանեկեններով ռասիստական պուրակը, Շուշիում կատարվողը, վկայում են, որ այդ պետությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ոչնչացնել հայկական ինքնությունն աշխարհի երեսից։
«ՄԻՊ-ը, մենք պետք է շարունակենք հստակ տեղեկացնել միջազգային հանրությանը, որ ռասիզմը բնորոշ չէ միայն այս կամ այն մայրցամաքի ոչ այնքան զարգացած երկրներում, այն կարող է տեղի ունենալ նաև քաղաքակիրթ Եվրոպայում, և չպետք է վարանենք ասել, որ ԵԽ անդամ պետություն կա, որ ռասիստական քաղաքականություն է վարում»,-ասաց նա՝ կոչ անելով ՄԻՊ-ին իր գործունեության ընթացքում ընդգծել հետևյալ գիծը․
«Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր որևէ էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, ավելին՝ վտանգված է»,-ասաց նա, ապա նաև հավելեց․
«ՄԻՊ-ը շատ դեպքերում թիրախավորվում է հենց ադրբեջանական մեդիայում, պարո՛ն Թաթոյան, ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք հստակ դիրքորոշում ունենալ Ձեր պաշտպանության ուղղությամբ, երբ Ադրբեջանը հարձակումներ է գործում Ձեր նկատմամբ, որովհետև մենք համարում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր գործառույթ է, և ցանկացած տեսակի ոտնձգություն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ պետք է դատապարտվի»,-հայտարարեց պատգամավորը։