Հայաստանին ձեռնտու չէ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը: Ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ սա կարող է տարբեր կերպ անդրադառնալ արցախյան խնդրի վրա:
«Հետեւաբար անհրաժեշտ է ներսում պատրաստ լինել: Իսկ մենք ներսում պատրա՞ստ ենք: Այս իշխանությունները հանրությանը բաժանում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար: Վերջին հայտարարությունը միլիոնավոր դոլարով անորակ սպառազինության ձեռքբերման մասին անչափ անպատասխանատու է, կատարված անձնական նպատակներով»,- շեշտեց քաղաքագետը:
Նա հավելեց, որ այս իշխանությունները լրջագույն խնդիրներ են հարուցում, իսկ երկրում իրավիճակը ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, քան հնարավոր ռազմական գործողությունները կամ կորոնավիրուսը:
Քաղաքագետն արձանագրեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով դադարեցնում են հանրային հրապարակային միջոցառումները, իսկ Հայաստանի իշխանությունները ուղիղ հակառակն են անում: Ըստ Թևանյանի՝ այս իշխանությունները բոլոր իմաստներով կորոնավիրուսի կրող են:
«Մի կողմ դնելով տնտեսության բոլոր խնդիրները, իշխանությունները զբաղված են 7 մարդու հեռացնելու նեղքաղաքական հարցով»,- նշեց Թեւանյանը՝ շեշտելով, որ հանրահավաքներում հարցեր են ներկայացվում, որոնք ոչ մի կապ չունեն հանրաքվեի հետ:
«Սուտ է տարածվում: Առաջին՝ միլիարդներ չեն ներգրավվում, սա լապշա է: Երկրորդ՝ եթե ամբողջ հույսը սա է, ապա ավելի վտանգավոր է: Այսինքն՝ բանակը չի սպառազինվում: Եթե բանակի ուժեղացման հիմքում հակակոռուպցիոն պայքարն է, ապա սա դեմագոգիա է»,- հայտարարեց Թեւանյանը՝ հանրությանը կոչ անելով չենթարկվել իշխանությունների սադրանքներին: