f

Անկախ

Խոսրովի արգելոցը փակ է, իսկ արտոնյալների համար՝ բաց․ «Կեցցե՛ առանց կոռուպցիա Հայաստանը»


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տուրիստական այցերն ու արշավներն արգելված են, սակայն պարզվում է՝ որոշ մարդիկ ազատ այցելում են տարածք, արշավներ իրականացնում, լուսանկարվում և լուսանկարներն ակտիվորեն տարածում սոցցանցերում։

Օրերս խնդրի մասին ահազագել էր «Տիր-Ար» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Վահե Լոռենցը՝ գրելով․ «Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել հետևյալը։ Ուզում եմ տուր դնել դեպի Խոսրովի արգելոց, Հավուց Թառ՝ թույլ չեն տալիս, թե՝ արգելոցի տարածքը փակ է այցելուների համար։ Բայց հանկարծ, համացանցում հայտնվում են լուսանկարներ Հավուց Թառից, արգելոցի տարածքից։ Զանգում եմ Խոսրովի արգելոցի համապատասխան աշխատակցին՝ նա չգիտի հարցիս պատասխանը։ Գուցե Դու՞ք օգնեք հասկանամ, թե ինչ է կատարվում, հարգելիներս։ Եթե ծանոթով է՝ ասեք, փորձենք ծանոթ ճարենք։ ՀԳ Կեցցե առանց կոռուպցիա Հայաստանը»,-գրել էր նա։

Եվ իսկապես, համացանցում մակերեսային ուսումնասիրությունն անգամ վկայում է, որ արգելոցի տարածքում կատարվել և կատարվում են այցեր: Օրինակ, հենց «Հավուց Թառ» ֆեյսբուքյան էջը մտնելով՝ կարելի է տեսնել բազմաթիվ լուսանկարներ: Օգտատերերը, տեղադրելով իրենց լուսանկարները համացանցում, նշել են, որ գտնվում են Հավուց Թառում։ Էջում վերջին լուսանկարը Հավուց Թառից մայիսի երկուսին է: Մի լուսանկար էլ տեղադրված է, օրինակ, «Համշեն տուր» ընկերության ֆեյսբուքյան էջում՝ Կաքավաբերդից: Լուսանկարն արված է ապրիլի 25-ին և կից գրված. «Կաքավաբերդը՝ այսօր»:

Խնդիրը պարզաբանելու համար զանգահարեցինք «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ: Աշխատակիցը հայտնեց, որ Հայաստանում 2020 թվականին ռազմական դրություն հայտարարելուց ի վեր արգելոցի տարածքում տուրիստական այցելություններն արգելված են և բացառեց, որ կարող են այցեր եղած լինել: Ինչ վերաբերում է սոցցանցերում տարածված լուսանկարներին, աշխատակիցն ասաց․ «Լուսանկարներ տեսնելը մի փոքր հարաբերական է: Կան լուսանկարներ, որոնք միգուցե վաղուց են արվել, բայց օգտատերերը հիմա են որոշել դրանք տարածել։ Բացառիկ դեպքերում՝ միայն գիտահետազոտական նպատակներով, այցերի թույլտվություն իրականցվում է: Եղել է, որ եկել են որևէ կազմակերեպությունից նկարահանումներ իրականացնելու: Բայց այդ դեպքերում թույլտվությունը տրվում է բացառապես նախարարության կողմից»:

Երբ պնդեցինք, որ լուսանկարներից ու գրառումներից ակնհայտ երևում է՝ դրանք ո՛չ գիտահետազոտական այցեր են, ո՛չ էլ նկարահանող խմբի կողմից արված լուսանկարներ, աշխատակիցը խորհուրդ տվեց այդ լուսանկարները ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն և պարզաբանում ստանալ նախարարությունից, քանի որ այդ գործընթացը կարգավորում է նախարարությունը։

Դիմեցինք Շրջակա միջավայրի նախարարություն՝ ներկայացնելով լուսանկարները: Նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը լուսանկարներին ծանոթանալուց և խնդիրն ուսումնասիրելուց մեկ օր անց պարզաբանեց «Քանի որ Հավուց Թառը հին վանք է, կան հավատացյալներ, որոնք կոնկրետ ժամանակահատվածում ցանկանում են այնտեղ եկեղեցական արարողություններ անցկացնել, և եղել է 2-3 դեպք, երբ հոգևորականի մասնակցությամբ հավատացյալների խմբերին թույլ են տվել, որպեսզի արգելոցի տեսուչների ուղեկցությամբ այցելեն Հավուց Թառ, կատարեն իրենց արարողությունները և վերադառնան: Հնարավոր է, որ համացանցում տարածված լուսանկարներն այդ միջոցառումներից են»։

Եթե նույնիսկ այցերը թույլատրված են այդ նպատակով, ապա դա անտրամաբանական է ու զավեշտալի։ Այսինքն, եթե մարդը հավատացյալ է, կարող է այցելել արգելված տարածք կրոնական ծեսեր կատարել, իսկ եթե ոչ, տարածք այցելելու հնարավորությունից զրկված է։ 

Նշենք, որ մեր ներկայացրած լուսանկարներից, գրառումներից և մեկնաբանություններից ակնհայտ երևում է, որ դրանք հոգևոր միջոցառումներ չեն, այլ սովորական արշավներ են կամ տուրեր։ Ինչ վերաբերում է «Համշեն տուր»-ի էջում ապրիլի 25-ին հրապարակված Կաքավաբերդի լուսանկարին, նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ իրենք լուսանկարի հետքերով ստուգել են իրենց անցակետերում տեղադրված տեսախցիկների այդ օրվա անցուդարձը և պարզել, որ որևէ այցելություն տեղի չի ունեցել:

Մեկ անգամ ևս հստակ ճշգրտելու համար՝ արդյո՞ք Կաքավաբերդի լուսանկարն արված է ապրիլի 25-ին, դիմեցինք «Համշեն տուր»-ին, որտեղից հաստատեցին, որ լուսանկարն իսկապես արված է ապրիլի 25-ին: Հարցին՝ ապրիլ ամսին եղե՞լ է տուր դեպի Կաքավաբերդ, պատասխանեցին, որ խմբային տուր չի եղել, եղել է անհատական այց:

Հարց է առաջանում՝ ո՞վ է այդ արտոնյալը, որին թույլատրվել է հասնել Կաքավաբերդ և լուսանկարել: Դատելով այն հանգամանքից, որ լուսանկարը տեղադրված է «Համշեն տուր» ընկերության ֆեյսբուքյան էջում, կարելի է եզրակացնել, որ թույլտվությունը տրվել է հենց ընկերության ղեկավարությանը:

Անկախ-ի տեղեկություններով՝ «Համշեն տուրը» պատկանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ընկերոջը՝ Գևորգ Պետրոսյանին, որի հետ ժամանակին Հայրապետյանն աշխատել է տուրիստական ոլորտում:

Ինչևէ, Խոսրովի արգելոցի այլ տարածքներից, մասնավորապես Հավուց Թառից արված լուսանկարների հետ կապված հստակ պարզաբանումներ ստանալու համար որշեցինք դիմել անձամբ լուսանկարները հրապարակած օգտատերերին։ Հարցումների արդյունքում բավականին ուշագրավ պատկեր ստացվեց: Պարզվեց՝ օգտատերերի լուսանկարներն իսկապես նոր են, արված են վերջին օրերին և ամիսներին Խոսրովի արգելոց կատարած խմբային այցելություններից։ Ավելին, օգտատերերից երկուսը հայտնեցին, որ առաջիկայում ևս նախատեսված է արշավ դեպի Խոսրովի արգելոց։ Օգտատերերից մեկը նույնիսկ առաջիկա շաբաթ օրվա հետ կապված արշավի հայտարարություն ուղարկեց, որը նախատեսված է դեպի Հավուց Թառ և Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրներ, հնարավորության դեպքում՝ նաև Աստղիկի և Վահագնի ջրեժներ։ Հայտարարությունը հրապարակված էր ֆեյսբուքյան փակ խմբում։

Փաստորեն կա՛մ նախարարությունն ու «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ն են  անտեղյակ, թե ինչ է կատարվում արգելոցի տարածքում, կա՛մ տեղյակ են,  սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ աչք են փակում։ Երկու դեպքում էլ պատկան մարմիններն ակնհայտորեն խախտում են իրենց կարգավիճակից բխող գործառույթները, ինչը լուրջ խնդիր է, և համապատասխան կառույցներն ու աշխատակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ի դեպ, նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ հունիս ամսից տուր այցելությունները կվերաբացվեն, սակայն վերահսկողության պայմաններում: Օրինակ՝ այցելուների խմբերը չպետք է գերազանցեն 10 հոգին, խմբերին պետք է պարտադիր կցվի տեսուչ, և կլինեն հաստատված մի քանի արահետներ, որոնցով խմբերն իրավունք կունենան այցեր կատարելու՝ որոշակի ժամերի:

Մինչ այդ, փաստորեն, արգելոցի տարածքից կշարունակեն օգտվել միայն արտոնյալները։

Հ․Գ․

Եթե իսկապես պատկան մարմինները շահագրգռված են բացահայտելու ապօրինի այցելությունները, կարող են հեշտությամբ դա իրականացնել սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես մենք իրականացրեցինք բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում։ Հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ ապօրինի այցելություններն իրականացվում են փոխադարձ համաձայնության և կոռուպցիոն գործարքների արդյունքում։

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին