f

Անկախ

«Ովքեր մեզ չեն հավատում, հետո իրենց խղճին թող պատասխան տան». Կարին Տոնոյան


«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանն Անկախ-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին շարժման մասնակցությանը, իր անունը Աննա Հակոբյանի հետ կապելուն, գործող իշխանության դեմ պայքարին, իշխանության գալու հեռանկարներին և Հայաստանի ապագայում իրենց դերակատարմանը:

-Տիկին Տոնոյան, նախ ուզում եմ հստակեցնել՝ Ձեր շարժումն առաջիկա ընտրություններին մասնակցելու՞ է, թե ոչ:

-Այո, ընտրություններին մասնակցելու որոշում կա, բայց ձևաչափը դեռ հստակ չէ՝ կուսակցությա՞մբ, թե՞ դաշինքով: Այս պահին քննարկումների մեջ ենք:

-Ո՞վ է գլխավորելու Ձեր քաղաքական ուժի ցուցակն այս ընտրություններում:

-Մենք որդեգրել ենք մի սկզբունք՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի թիմի ամենաարժանին, և բոլորովին պարտադիր չէ, որ ես, լինելով շարժման առաջնորդը, գլխավորեմ նախընտրական ցուցակը և լինեմ շարժման վարչապետի թեկնածուն: Այս պահին դեռ այդ քննարկումների մեջ ենք, և թեկնածուի հարցում վերջնական որոշում կկայացնենք առաջիկայում:

-Ինչո՞վ է տարբերվելու Ձեր քաղաքական ուժը դաշտում առկա մյուս ուժերից:

-Նախ նրանով, որ մենք մեր սկզբունքներն ու ծրագրերը կառուցել ենք ազգային արժեհամակարգի վրա: Մենք պահպանողական ենք լինելու: Կարճաժամկետ բոլոր ծրագրերը բխեցրել ենք անվտանգությունից: Ե՛վ կրթությունը, և՛ գիտությունը, և՛ տնտեսությունը, բոլոր ոլորտներն այս պահին պետք է ծառայեն մեր անվտանգությանը, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: Հայաստանի գերկարևորված ճյուղը պետք  է լինի ռազմարդյունաբերությունը:

Տարբերվում ենք նաև նրանով, որ չենք դնելու տարբերություն՝ հանրապետական եք եղել, թե մեկ այլ ուժի ներկայացուցիչ. եթե պրոֆեսիոնալ եք ձեր աշխատանքում, ուրեմն կզբաղեցեք Ձեր տեղը երկրի վերակառուցման գործում: Մենք սևեր ու սպիտակներ չենք առաջացնելու, գույները լավ բան են, և բոլոր «գույներին» հնարավորություն ենք տալու մասնակցել պետականաշինությանը: Եթե մարդն ապացուցելի վնաս չի տվել Հայաստանին (խոսելը շատ հեշտ է, պետք է ապացուցես) և պրոֆեսիոնալ է, ուրեմն ունի հնարավորություն: Ժողովրդին հասցրել են այն մակարդակի, որ բոլորի հետևում փնտրում են մեղքեր ու կեղտեր: Պետք է մաքրել այդ երևույթը:

-Շատ է քննարկվում այն հարցը, թե որտեղից են Ձեր ֆինանսական հոսքերը:

-Ժողովուրդը սովորել է, որ քաղաքական դաշտ մտնելու համարձակություն և իրավունք ունեն միայն օլիգարխներն ու նրանց դրածոները: Մեր ֆինանսներն այս պահին հավաքվում են Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բազմաթիվ նվիրյալ հայորդիներից, և շուտով, երբ շարժումը կունենա իր հաշվեհամարը, մենք կհրապարակենք այն, ու մարդիկ կտեսնեն, թե ովքեր են մեզ ֆինանսավորողները, կտեսնեն մեր ծախսերը: Մի բան կարող եմ ասել. խոշոր օլիգարխներից գումար չենք վերցնելու: Այս պահին մենք աջակցության առաջարկ ենք ստանում ոչ միայն ֆինանսական առումով, այլ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ պատրաստ են մեզ տրամադրել տարածքներ գրասենյակներ բացելու նպատակով: Իսկ շարժման անդամները չեն վարձատրվում, դա հասարակական բնույթ է կրում և կարևոր սկզբունք է: Աշխատանքները շատ ակտիվ ընթանում են, ձևավորվել են աշխատանքային խմբեր: Շարժման անդամների թիվն այս պահին շուրջ հազար է, իսկ շարժման համակիրները՝ տասնյակ հազարավոր: Շարժման մեջ մարդիկ են, որոնք իրենց ոլորտներում կայացած են և տարիներ շարունակ իրենց գործն անելով՝ նպաստել են այս երկրի զարգացմանը: Մինչդեռ այս իշխանությունը երկիրը տարավ կործանման, մենք կորցրեցինք մեր ամենաթանկը, ու եթե իրենք մնան իշխաության, մենք կորցնելու ենք ամեն ինչ: Եվ հիմա մեր գերխնդիրն է օր առաջ հեռացնել այս իշխանությանը: Իհարկե շատ լավ կլիներ, եթե կարողանայինք հեռացնել առանց ընտրությունների, բայց տեսանք, որ դա հնարավոր չէ, և հիմա հույս կա, որ գոնե ընտրություններով նրանցից կազատվենք:

-Տիկին Տոնոյան, ինչո՞ւ հենց հիմա սկսեցին Ձեր անունը կապել Աննա Հակոբյանի հետ՝ տարածելով, թե իբր Ձեր շարժումն իշխանության պրոյեկտն է: Ինչպե՞ս կհակադարձեք այս մեղադրանքներին:

-Այնքան անհեթեթ է այդ ամենը, որ անգամ հակադարձելու իմաստ չկա: Ես նույնիսկ կասկած ունեմ, որ դա հենց իշխանության արածն է: Քանի որ իրենք ամենավարկաբեկվածն են, լավ գիտեն, որ որևէ մեկին վարկաբեկելու լավագույն մեթոդն իրենց հետ կապելն է: Եվ սրա վառ ապացույցներից մեկն այդ տարածքի պատմությունն է: Ինչու՞ իրենք, որ երկու տարի իմ նամակին չեն պատասխանել, հիմա հանկարծ որոշեցին այդ տարածքի հարցը լուծել: Եվ ինչու՞ հենց իրենցից այդ ինֆորմացիան դուրս եկավ: Այսինքն, ես դեռ պաշտոնապես չեմ տեղեկացվել, ստորագրությունը չեմ տեսել, բայց այդ տեղեկությունն արդեն տարածվում է: Իսկ պատմությունն այն է, որ այդ տարածքը մինչև 2024 թվականը հանձնված էր «Հայ ասպետ» հիմնադրամին, սակայն 2018 թվականից հետո, երբ այս իշխանությունները որոշեցին դադարեցնել նախագծի ֆինանսավորումը, ես որոշեցի հանձնել տարածքը՝ խնդրելով հիմնադրամին թողնել դպրոցի երկու մեծ սրահները՝ հետագայում այլ հեռուստանախագիծ պատրաստելու և մեր տեխնիկական սարքավորումներն ու գույքը պահեստավորելու համար։ 2019 թվականի դիմումին իրենք նոր են արձագանքում և որոշում են դրական ընթացք տալ: Այս ամենը շատ կասկածելի է: Հենց դրա համար եմ ես ենթադրում, որ իրենք են այս հակաքարոզչության հեղինակը:

Բայց ես հիմա մարդկանց կասկածները փարատելու և որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեմ: Ով մեզ հավատում է, հավատում է, ով կասկածում է, թող կասկածի: Եվ ի վերջո, շատ կարճ ժամանակ անց բոլորը կտեսնեն՝ մենք ով ենք: Ովքեր մեզ չեն հավատում, հետո իրենց խղճին թող պատասխան տան։

-Ձեր թիմում կան մարդիկ, որոնք ասոցացվում են գործող իշխանության, մասնավորապես Աննա Հակոբյանի հետ, և շատերը հենց այդ հիմնավորմամբ են Ձեզ կապում այս իշխանության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Մեր թիմում կան մարդիկ, որոնք որոշակի ժամանակահատվածում առնչություն են ունեցել այս իշխանության կամ այն հիմնադրամի հետ, որը մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներով է զբաղվում: Բայց այդ հիմնադրամն Աննայի օժիտը չէ, դա մեր ազգաբնակչության և բարերաների կողմից հավաքված գումարներից գոյացած հիմնադրամ է, որը ժամանակին Սերժ Սարգսյանի կինն է ղեկավարել, հետո Աննա Հակոբյանը, վաղն էլ կարող է մեկ ուրիշը ղեկավարել: Բոլորին թվում է, թե պետական բյուջեն Նիկոլի սեփականությունն է, մանկական հիմնադրամը՝ Աննայի սեփականությունը: Նախևառաջ այս մտածողությունը պետք է արմատախիլ լինի: Սա ստրուկի մտածողություն է, դրա համար էլ, գալով իշխանության, իրենց իշխան են զգում, ոչ թե ժողովրդի ծառա: 

-Եթե դուք գաք իշխանության, որո՞նք են լինելու ձեր առաջիկա քայլերը:

- Այս պահին առաջին խնդիրն այս կործանարար իշխանությունից ազատվելն է, հետո պիտի գա պատասխանատվության ժամանակը: Ցանկացած ուժ, եթե ունի ինքնահարգանք և արդարության զգացում, գալով իշխանության, պետք է նախևառաջ հետաքննություն իրականացնի և դատի այս պատերազմի մեղավորներին: Ամեն ինչ պետք է բացահայտվի: Ժողովուրդն ի վերջո պետք է իմանա, թե ինչ կատարվեց: Դաժան բան է հատկապես զոհվածների ընտանիքների համար, որոնք չգիտեն՝ ի վերջո ինչու՞ զոհվեցին իրենց զավակները: Իսկ հետո արդեն կգա մեր երկիրն այս ավերակներից ազատելու և նորից կառուցելու ժամանակը: Բայց ոչ թե կարկատաններով, ինչպես եղել է նախկինում, այլ հիմնովին: Եթե ինչ-որ մեկը գա իշխանության և չփորձի հիմնովին վերակառուցել, մենք նորից փլուզում ենք ունենալու: Եթե իրոք ազնվորեն են գալիս նախորդ իշխանությունները, հենց իրենք իրենց սխալները պետք է մաքրեն: Ես, բացի Նիկոլից, պատրաստ եմ ցանկացած ուժի հետ քննարկել մեր նախկին սխալներն ու ապագայի հարցերը՝ հանուն Հայաստանի շահի: Հայաստանը պետք է վերակառուցվի: Սա իմ ապրելու իմաստն է: Ազգային ժողովի ներսից, թե դրսից, դա է լինելու իմ նպատակը:

-Ձեր արտաքին քաղաքականությունն ի՞նչ սկզբունքների վրա է կառուցվելու:

-Ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը մնա ինքնիշխան պետություն և իր դաշնակիցների հետ հարաբերությունները կառուցի միայն Հայաստանի շահի գերակայությամբ՝ իհարկե հնարավորի սահմաններում: Պոպուլիզմով չզբաղվենք, մենք գիտենք, որ քաղաքականությունը հնարավորի սահմաններում է կառուցվում, և նրանք, որ շեղվում են, պատժվում են և երբեմն կորցնում ինքնիշխանությունը: Մենք հիմա կանգած ենք այդ վտանգի առջև: Ես իմ որդուն տվել եմ Հայաստանի ինքնիշխանության համար: Մենք պիտի փորձենք պահել մեր ինքնիշխանությունն ու կամաց-կամաց այն ավելացնենք: Մեզ պիտի նորից հարգեն: Այս պահին մեր պետության նկատմամբ հարգանքը զրոյացած է, և այս իշխանությունները նաև դրա համար պիտի պատասխան տան:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքն այս պատերազմի և պարտության թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը:

-Շատերը համարում են, որ ինքն ադեկվատ չէ, խնդիրներ ունի և այլն: Ես կարծում եմ, որ ինքը շատ լավ ամեն ինչ հասկանում է ու կատարում է իր դերը, իսկ մանիպուլյացիան իր զենքերից մեկն է: Իր հիմնական ընտրողները գյուղերում են, որոնք խղճում են իրեն: Ասում են՝ մեղք էր Նիկոլը, հողերը պիտի տային, իր գլխին սարքեցին: Լավ, ենթադրենք թե իրոք ինքը մեղավոր չի, մեղք է, խեղճ է: Մեղքին ու խեղճին առավել ևս երկիր չեն վստահում: Ես՝ որպես մանկավարժ, հստակ ասում եմ՝ մանկության տարիներին հոգեբանական տրավմաներ տարած մարդիկ դառնում են չարիք մարդկության գլխին: Նիկոլ Փաշինյանն էդպիսին է: Ուղղակի խնդիրն այն է, թե ինչու՞ մեր ժողովուրդը 2018-ին մնաց Նիկոլի հույսին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ռադիոտունը գրավելու ժամանակ չուզեց Նիկոլին ձերբակալել, որովհետև չէր մտածում, որ դա էդպիսի ուժ կդառնա: Այսինքն, ամեն մեկը կարող է փողոցից գալ, ռազմավարական օբյե՞կտ գրավել: Դրա համար ամեն մարդ իր չափով պետք է պատասխան տա երկիրն այս վիճակի հասցնելու և մեր կորցրած զավակների համար: Եռաբլուրի առջև բոլորը պիտի պատասխան տան:

Մեր շարժման գերնպատակն է նաև Հայաստանում ստեղծել բոլորովին նոր մշակույթ թե՛ քաղաքականության մեջ, թե մյուս ոլորտներում: Տարիներ շարունակ մեր ազգը խեղաթյուրեցին, իսկ վերջին երեք տարում ընդհանրապես վերածեցին ամբոխային հասարակության: Հիմա պետք է նորից հետ բերենք դա: Պարզապես պետք է անկեղծ լինենք ու հասկանանք դրա խորքային պատճառները: Նիկոլ Փաշինյանին ուշ թե շուտ հեռացնելու ենք, բայց եթե անկեղծ չլինենք մեր 30 տարվա պատմության հետ, մեր խնդիրները չեն լուծվի:

Կարին Տոնոյան 5165 շարժում խմբագրի ընտրանի հարցազրույց արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ ձայնագրությունը եղել է պատերազմի օրերին, ինձ այդ թեման չի հետաքրքրում, անգամ քննարկում չենք ունեցել. Ալեն Սիմոնյան
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
Իշխանությանը կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ քաղաքացիական բախումներ չհրահրել. Արման Աբովյան
Վրեժ. Նռնակը ամրացրել է համագյուղացու կցորդիչի լծակին. նռնակը պայթել է. մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արարատի մարզում
Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն
Ողբերգական վթար Ոսկետափում. 43-ամյա վարորդը Opel-ով շրջվել է. նրա դին մեքենայից տակից դուրս են բերել փրկարարները
Ոստիկանությունը բերման է ենթարկել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանողների, ապա բաց թողել նրանց
Մոտ 400 մեքենա կար, այդ թվում՝ ավտոբուսներ. Փաշինյանը հույսը դրել է իր հետ բերած մարդկանց վրա. Սիսիանի քաղաքապետ
«Խնդրում եմ բոլորիդ Ձեր ձայնը տալ «Հայաստան» դաշինքին». Սարչապետի նախկին համայնքապետի ուղերձը
Պուտինն ու Բայդենը հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձնելու Արցախին. ՌԴ նախագահի օգնական
Ամեն ինչ տեսանք, տակը մնացել է քաղաքացիական պատերազմը. Պետք է պատրաստ լինենք դրան դիմակայելու. Սերժ Սարգսյան
Կապանում Suzuki-ն բախվել գազատարին և գլխիվայր հայտնվել կամրջի տակ. վարորդին հասցրել են հիվանդանոց
Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մաղթում եմ հաջողություններ․ Տիգրան Սեյրանյան
Հնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ. Վահե Հովհաննիսյան
Տիգրան Ավինյանն արձակուրդ է տվել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին
Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի միայն անկանխիկ եղանակով
Սյունեցին չի սխալվելու, Սյունիքում գիտեն հայրենիքի արժեքը. Առուշ Առուշանյան
Ռուստամ Բադասյանը ևս արձակուրդ գնաց. Նրան կփոխարինի Քրիստինե Գրիգորյանը
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 493 զանգ
Արամ Սիմոնյան. «Իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից». «168 ժամ»
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել. Կատարվել է 48 թեստավորում
ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. ՔԱԿ
Մենք կկոտրենք ու կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյանը՝ Սիսիանում
Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում
Ավելին
Ավելին