Սիրիան և Իրանը հետևողականորեն շարունակում են վերականգնել իրենց տարածաշրջանային դիրքերը: Այդ մասին են հուշում տարածաշրջանայաին խոշոր խաղացողներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի՝ այս երկու պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ուղղված ջանքերը:
1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր շարունակվող իրանա-սաուդական հակամարտությունը թանկ է նստել երկու պետությունների համար և խթանել անկայունությունը հսկայական տարածաշրջանում ՝ տարածվելով Աֆղանստանից մինչև Սիրիա և Լիբանան:
Լիբանանում դա եղել է կառավարական պարբերական ճգնաժամի գործոն: Սիրիայում, աջակցելով հակառակորդ ուժերի, երկու պետություններն էլ նպաստել են քաղաքացիական պատերազմի երկարացմանը:
Իրաքը նույնպես տուժել է այս մրցակցությունից: 2003-ին ԱՄՆ-ի ներխուժումից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան, Իրանը և այլ երկրներ դաժան մրցակցություն են սկսել ազդեցության համար: Նրանք կազմակերպել և ֆինանսավորել են մրցող զինված խմբավորումներին, որոնք մարտահրավեր են նետել Իրաքի կառավարությանը և երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: Ուստի զարմանալի չէ, որ հենց Իրաքի վարչապետին է վերագրվում Թեհրան-Ռիադ երկխոսության նախաձեռնությունը: Երկուսի փոխզիջումը կարող է էապես բարելավել Իրաքի անվտանգային միջավայրը:
Իհարկե վերոհիշյալ երկրները մեծ գործոն են իրանա-սաուդական հարաբերություններում, բայց դրանցում արձանագրվող փոփոխությունները այս կամ այն կերպ պայմանավորված են նաև տարածաշրջանային այլ խաղացողներով, մասնավորապես՝ Թուրքիա, Իսրայել, և գերտերությունների՝ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռյակի հետ հարաբերություններում գրանցվող փոփոխություններով:
ԱՄՆ-ի գլոբալ և տարածաշրջանային գերակայությունները փոխվում են Բայդենի վարչակազմի օրոք: Բախվելով Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերներին`ԱՄՆ-ը վերանայում է իր ռազմական ակտիվների համաշխարհային բաշխումը, և առհասարակ՝ իր ընդհանուր ռազմավարությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը` դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը, արտացոլում է այս մտածելակերպը: հարմար առիթի դեպքում, երբ անվտանգ լինի, ԱՄՆ-ը կցանկանա նաև կրճատել իր ռազմական ներկայությունը Իրաքում և Ծոցի երկրներում: Հենց անվտանգության հասնելու ցանկությունն էլ ըստ երևույթին ընկած է Բայդենի վարչակազմի`միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր, անուղղակի փուլի միջոցով Իրանի հետ լարվածությունը թուլացնելու ցանկության հիմքում:
Բացի այդ, ԱՄՆ-ը կարծես հեռանում է Սաուդյան Արաբիային անցյալում ցուցաբերած իր աներկբա աջակցությունից: Առանց այս աջակցության, Ռիադը ստիպված կլինի սահմանափակել իր տարածաշրջանային հավակնությունները և փոխզիջումների հասնել մրցակիցների հետ:
Տարածաշրջանային մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իսրայելին, ստեղծված իրավիճակը միանշանակ շահավետ չէ:
Տասնամյակներ շարունակ Իսրայելն օգտագործել է իրանական սպառնալիքը՝ Պարսից ծոցի արաբական երկրների հետ սեփական հարաբերությունները բարելավելու համար: Այս առումով գրանցել է որոշակի հաջողություն. Այժմ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի Բահրեյնի և ԱՄԷ-ի հետ:
Բայց Սաուդյան Արաբիան մինչ այժմ զերծ է մնում Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելուց: Իրան-Սաուդյան Արաբիայի նվազ թշնամական հարաբերությունների պարագայում Իսրայելը կկորցնի Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորությունը:
Հաշվի առնելով Ռիադի և Թեհրանի միջև արմատացած տարաձայնությունները` երկխոսություն սկսելը և փոխըմբռնման հասնելը դժվար հեռանկար է: Եվ նույնիսկ սաուդյան-իրանական փոխզիջման դեպքում Մերձավոր Արևելքի խնդիրները չեն վերանա: Բայց դա, անշուշտ, կարող է բարելավել շարունակվող հակամարտությունները սահմանափակելու կամ լուծելու հնարավորությունները:
Մյուս կողմից հարկ է հիշատակել նաև Թուրքիայի գործոնը: Սաուդյան Արաբիան ակտիվորեն համագործակցում է բոլոր այն երկրների հետ, որոնք քիչ թե շատ լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ: Ասվածի վառ ապացույցն է սաուդա-հունական ակտիվ շփումները: Օրերս Հունաստանը Սաուդյան Արաբիային է տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ ՝ օգնելու նրան պաշտպանել կարևոր էներգետիկ օբյեկտները հութիների հարձակումներից և հաղթահարել տարածաշրջանում թուրքական ոտնձգությունները:
Վերջերս Թուրքիան սկսել է աշխատել Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ կապերը վերականգնելու ուղղությամբ՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները, որոնք Անկարային ավելի ու ավելի են մեկուսացնում արաբական աշխարհից:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում կտրուկ անկում էր գրանցվել 2018թ., երբ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանվել էր Սաուդ թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալման ալ-Սաուդի ամենամեծ քննադատ, լրագրող Ջամալ Խաշոգգին: Սպանությունից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իր հսկողության ներքո է վերցնում Խաշոգգիի անհայտանալու մասին գործը՝ նրան անվանելով իր ընկերը և ազատության գաղափարի մարտիկ:
Այս ամենի ֆոնին Դամասկոսում Սաուդյան Արաբիայի հետախուզական պատվիրակության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները բավականին մեծ լուսաբանում են ստացել: Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարի հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ վկայում է սաուդական կողմի՝ լարվածության օջախները թուլացնելու ձգտման մասին:
Սովորաբար Անվտանգության այդպիսի այցերը պաշտոնապես չեն հրապարակայնացվում և լուսաբանվում, բայց այս դեպքում Լիբանանում Սիրիայի դեսպանը հանդես եկավ թեմայի վերաբերյալ դրական հայտարարությամբ:
Քանի որ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմը փորձում է վերահաշվարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը, սաուդցիները ևս փոփոխում են իրենց խաղադրույքները՝ Ռիադում Վաշինգտոնի շահերի անորոշ ապագայի պայմաններում:
Լիբանանում իրադարձությունները նույնպես կարևոր գործոն են հանդիսացել, քանի որ Սաուդյան Արաբիան Դամասկոսի օգնության կարիքն ունի Լիբանանը կայունացնելու գործում, հաշվի առնելով, որ Բեյրութը մնում է Սաուդյան Արաբիայի շահերի առանցքում: Սպառելով Լիբանանում ազդեցության բոլոր ճանապարհները՝ Ռիադն այժմ վերադառնում է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձված բանաձևին:
Իհարկե, Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարի այցը Սիրիա միայն Լիբանանի մասին չէր: Սաուդցիները ցանկանում են, որ Ասադը կրկին իրենց կողմում լինի, որպեսզի օգնի ձևավորել ավելի լայն տարածաշրջան, այդ թվում նաև հակազդելու համար Թուրքիայի և Իրանի ազդեցությանը Լևանտի տարածքում: Սաուդցիները տարիներ շարունակ կուլիսներում փորձել են կապեր հաստատել Դամասկոսի հետ: Ասադը ևս պատրաստ է կրկին աշխատել Սաուդյան Արաբիայի հետ` անկախ Սիրիայում Իրանի ներկայությունից:
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ընդ որում խոսք այստեղ գնում է տարածաշրջանի լայն բովանդակության մասին (Բացի Միջին Արևելքի ավանդական արաբական երկրներից, Մեծ Մերձավոր Արևելքն ներառում է նաև Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, իրեն հարակից հարավկովկասյան երկրների հետ, և մի շարք երկրներ Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ՝ Լիբիան, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սուդանը), օր օրի փոփոխություններ են տեղի ունենում: Փոփոխությունները պայմանավորված են նոր գործընկերներ ձեռքբերելու ձգտմամբ և հին թշնամիների հետ լարվածության սուր ծայրերը մեղմելու մտայնությամբ:
Ակնհայտ է, որ տարածաշրջանը պատրաստվում է ուժերի վերադասավորման, իսկ թե արդյոք այդ վերադասավորումը կընթանա հարթ թե կուղեկցվի էսկալացիաներով, դեռևս պարզ չէ: Տաջիկ-Ղրղզական բախումները, Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ակտիվացումը ևս դուրս չի մնում այս պրոցեսների համատեքստից: Եվ դատելով այդ բախումների ինտենսիվությունից և տարածաշրջանային խաղացողների արձագանքներից, ուժերի վերադասավորման համար ընթացող փոփոխություններն այդուհանդերձ խաղաղ չեն ընթանա և զինված բախումներն անխուսափելի կլինեն: