f

Անկախ

«Հայաստանը բացարձակ անօգնականություն է դրսևորում, իսկ որտե՞ղ է հայկական բանակը». ռուս փորձագետ


Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին ներխուժման մեջ: Երևանում պնդում են, որ հարևան երկրի զինվորականները առաջացել են Սյունիքի մարզի խորքը: Երևանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Միաժամանակ Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել: «Իզվեստիան» փորձել է հասկանալ իրադրությունը:

Հասել են լճին

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրվեց մայիսի 12-ին: Այն ժամանակ Երևանում հաղորդեցին, որ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ հատել են պետական սահմանը և Սյունիքի մարզի Սև լճի շրջանում առաջացել են Հայաստանի խորքը: Ավելի ուշ Հայաստանի վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանը ճշտեց, որ ադրբեջանցիները խորացել են 3,5 կմ և փորձել են շրջապատել ջրամբարը:

Փաշինյանը, ընդ որում, ընդգծել է, որ ադրբեջանցիները զենք չեն կիրառել: «Նրանք փորձել են իրենց գործողությունները հիմնավորել ինչ-որ քարտեզներով, որոնք հորինված են և կեղծ, քանի որ մենք ունենք Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և կենտրոնական իշխանությունների հաստատած քարտեզ, որում երևում է, թե որտեղով է անցնում սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է նա: Այնուհետև Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ սահմանը հատած ադրբեջանցիների խմբում 240 զինվորականներ են:

Բաքվում մեղադրանքները հերքեցին՝ հայտարարելով, որ զորքի տեղաշարժը տեղի է ունենում Ադրբեջանին պատկանող դիրքերում: «Պայմանավորված բարենպաստ եղանակային պայմաններով Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանների հատվածներում՝ տեղի է ունենում Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայում: Այդ ուժերը տեղավորվում են այն դիրքերում, որոնք պատկանում են մեր երկրին: Այդ գործընթացը տեղի է ունենում սովորական կարգով և համակարգված բնույթ ունի»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նոր թեժ կետ

Հայկական կողմին Ադրբեջանի հայտարարությունները չհանդարտեցրին: Երևանը պաշտոնապես օգնություն խնդրեց ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկից: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկրի Անվտանգության խորհրդի նիստում: «Ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ այն, որ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Նա ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարներին հանձնարարել է միջադեպի կապակցությամբ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ:

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմեց առաջին անգամ պատմության մեջ, թեպետ երկրի վիճելի հարցերի լուծմանը կազմակերպության հնարավոր ներգրավման շուրջ խոսակցությունները պարբերաբար են տեղի ունենում: Մինչդեռ հակամարտությունը Ղարաբաղում տեղի ունեցավ առանց միավորման մասնակցության: Դա բացատրվում էր նրանով, որ մարտական գործողություններն ընթանում էին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս: Այսուհանդերձ անցած տարվա հուլիսին ռազմական միջադեպ տեղի ունեցավ Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Հայաստանի հյուսիսում: Այն ժամանակ ՀԱՊԿ-ն սահմանափակվեց խորհրդատվություններով:

Բացի ՀԱՊԿ-ին դիմելուց, Փաշինյանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Իր ուղերձում Հայաստանի կառավարության ղեկավարը խնդրել է օգնություն ցույց տալ Երևանին, ներառյալ՝ ռազմական: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հղում է արել երկու երկրների 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրին: Ավելի ուշ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է տարածաշրջանում կայունությունն ապահովելու նպատակով շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Միջադեպին արձագանքել են նաև հետխորհրդային տարածության սահմաններից դուրս: Հայաստանում հիացմունքով արձագանքեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի թվիթերյան գրառմանը: «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք: Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն»,- գրել է Մակրոնը հայերեն: ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես կոչ է արել դադարեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը: «Զորքերի տեղաշարժերը վիճելի տարածքներում անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ են»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը:

Սակայն դիվանագիտական ջանքերը բավարար չեղան: Մայիսի 17-ի ցերեկը Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը Սյունիքի մարզում մնում է անփոփոխ:  Հայաստանում նաև ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ մայիսի 16-ին Ադրբեջանում մասշտաբային զորավարժություններ են սկսվել: Դրանք տևելու են մինչև մայիսի 20-ը, մասնակցելու է 15 հազար զինծառայող, կիրառվելու է 300 միավոր զրահատեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում խոստանում են վերամշակել զորքերի կառավարումը, զորքերը բերել մարտական պատրաստության և վերախմբավորել «հաշվի առնելով հայրենական պատերազմում[Ղարաբաղի] կուտակած փորձը»:

Տարածքները կծոտելու մարտավարությունը

Հայաստանի Սյունիքի մարզը գժտության նոր տարածաշրջան դարձավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Մինչ այդ այն արևելքում սահմանակից էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և իրեն անվտանգ էր զգում: Սակայն 2020-ի աշնան մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինվորները հասան Հայաստանի հետ պետական սահմանին: Այստեղ երբեք դելիմիտացիա և դեմարկացիա չի կատարվել, ուստի այժմ բազմաթիվ վեճեր են ծագում: Օրինակ՝ ադրբեջանական դիտակետեր են հայտնվել հայկական Գորիս և Կապան քաղաքները կապող ճանապարհի երկայնքով,  մի քանի գյուղեր կիսվել են:

Բացի այդ, Սյունիքում անախորժություն է առաջացնում Բաքվի՝ այդ տարածաշրջանով այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի՝ Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև ճանապարհ բացելու ծրագրերը: Նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնությունում նշված է, որ Երևանը համաձայնում է նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններից մեկում զգուշացրել է, որ պատրաստ է նույնիսկ ուժով հասնել պայմանավորվածությունների կատարմանը:

Փորձագետներն ասում են, որ ճգնաժամն առաջացել է երկու երկրների ներքաղաքական իրադրությունների առանձնահատկությունների հետևանքով: «Բաքուն շարունակում է վայելել ռազմական հաջողության երանությունը, նախագահ Իլհամ  Ալիևը պահում է հաղթող առաջնորդի կերպարը: Իսկ Հայաստանում չի դադարում քաղաքական ճգնաժամը: Այդ ամենը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ստուգելու հայկական տարածքները կծոտելու մարտավարությունը»,- ասում է «Իզվեստիային» ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Քաղաքագետը հավելում է, որ Հայաստանի վարքագիծը հարցեր է առաջացնում: «Երկիրը բացարձակ անօգնականություն է դրսևորում: Պետական մարմինները նույնիսկ չեն էլ փորձում ինքնուրույն լուծել հարցը: Այնպիսի զգացողություն է, որ Երևանը փնտրում է նրան, ով իր փոխարեն կլուծի սահմանամերձ կոնֆլիկտը: Օրինակ՝ չգիտես ինչու դիմել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին: Իսկ որտե՞ղ է հայկական բանակը: Եթե Երևանն իրոք ցանկանար ամրապնդել իր անվտանգությունը, ապա կարող էր, օրինակ, առաջարկել, որ Սյունիքում ռուսական ռազմաբազա ստեղծվի: Առայժմ մենք սպառողական վերաբերմունք ենք տեսնում դաշնակիցների նկատմամբ»,- կարծում է զրուցակիցը:

МГИМО-ի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն էլ ասում է, որ Ադրբեջանը ձգտում է իր համար առավել շահեկան դիրքեր գրավել սահմանին: «Զարմացնում է Հայաստանի թողտվությունը: Նոր սահմանը ի հայտ է եկել նոյեմբերին, անցել է կես տարի, բայց Երևանն այդպես էլ չի կահավորել սահմանները: Հետևաբար ադրբեջանցիները հանգիստ անցնում են դրանք, ծագում է զինված բախման սպառնալիք»,- ընդգծում է փորձագետը:

Իգոր Կարմազին

 

 

Աշխարհում Ադրբեջան Ռուսաստան Հայաստանի սահմաններ Սյունիքի մարզ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին