f

Անկախ

Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններ. ավելի խորը, քան թվում են. Duvar (Թուրքիա)


Թուրքիայում կարծում են, որ յուրաքանչյուր մուսուլմանական երկիր պետք է այսօր պաշտպանի Պաղեստինին: Ադրբեջանը, ինչպես կարծում են թուրքերը, պարտական է իրենց Ղարաբաղի հաղթանակի համար, ուստի առաջիններից մեկը պետք է կանգներ պաղեստինցիների կողքին նրանց տարածքների և անկախության համար պայքարում: Սակայն հոդվածի հեղինակ Մյուհդան Սագլամի (Mühdan Saglam) կարծիքով՝ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները շատ ավելի խորն են, քան թվում են:

Գազայի վրա Իսրայելի հարձակումների խորապատկերում որոշ պետություններ իսրայելամետ դիրք են գրավում, սակայն առավելապես  մուսուլմանական բնակչություն ունեցող պետությունները, որպես կանոն, Պաղեստինի կողմից են: Այսուհանդերձ Եվրոպայի և Ասիայի այն ժողովուրդները, որոնք դեմ են իրենց պետությունների իսրայելամետ դիրքորոշմանը, նույնպես ցույցեր են անում ի պաշտպանություն Պաղեստինի: ԱՄՆ-ում էլ կառավարության դիրքորոշումը քննադատում են ոչ միայն լրատվամիջոցները, այլև քաղաքական գործիչները: Այս գործընթացներում առանձին ուշադրության է արժանի Ադրբեջանը, որտեղ սոցիալական ցանցերի օգտատերերը տարբեր մեկնաբանություններ են տալիս, իսկ պետությունը լռություն է պահպանում: Գազայի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ Ադրբեջանի «լռության» ռազմավարության տակ երկու երկրների երկար տարիների ամուր հարաբերություններն են:

«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները շատ ավելի խորն են, ինչպես այսբերգը, թաքնված կողմնակի աչքերից»:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս միտքը հայտնի դարձավ  այն հեռագրի շնորհիվ, որը Վաշինգտոն էր ուղարկվել ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով: Իսկ այդ հեռագիրը հրապարակվել էր Wikileaks-ի նշանավոր բացահայտումներում: Այն փաստը, որ  Ալիևը մինչ օրս չի հերքել դա, մեծացնում է դրա արժանահավատության հավանականությունը:

Ինչպե՞ս են պատմականորեն դասավորվել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությւունները, և ինչի՞ վրա է հիմնված Ալիևի այդ խոսքը:

Երբ Ադրբեջանը անկախություն հռչակեց 1991 թ., Իսրայելն առաջիններից մեկն էր այն պետություններից, որոնք արագ ճանաչեցին այն: Երկու պետությունների հարաբերությունների հիմքերն ամրանում էին Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությանը զուգահեռ, որը Ռուսաստանի կողմնորոշման փոխարեն այլընտրանքային ռազմավարությունների էր դիմում: 1997 թ. Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուի այցն Ադրբեջան իր ասիական շրջագայությունից հետո կարևոր էր որպես առաջին հանդիպում բարձր մակարդակով: Նաթանյահուի այդ այցին հետևեց Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի այցը 2009 թ.: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Բաքու է ժամանել 2010, 2013, 2014 թթ.: 2013 թ. Իսրայել է այցելել նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը պատվիրակության ուղեկցությամբ: 2016 թ. վարչապետ Նաթանյահուն կրկին այցելեց Բաքու: Երկու երկրների փոխհարաբերություններից գոհ էին ոչ միայն իրենք, այլև ԱՄՆ-ն, որը ցանկանում էր խանգարել նախկին ԽՍՀՄ երկրների հավաքվելը Ռուսաստանի ուղեծրում: Ըստ էության, ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների զարգացման ընթացքը ճանապարհ բացեց նաև Վրաստանի համար 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիային նույնպես ուզում են ընդգրկել հակառուսական հարևանների խմբում, Անկարան և՛ Իսրայելի հետ ունեցած հարաբերությունների խնդիրների պատճառով, և՛ Ռուսաստանը որպես խաղաթուղթ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ պարբերաբար օգտագործելու պարագայում չհարեց այդ խմբին: Ադրբեջանա-իսրայելական բարձր մակարդակի հարաբերությունների ցանցի չափումները, որոնք տարածվում են Իրանից մինչև Ղարաբաղ, ինչպես նաև մինչև պաշտպանություն ու նավթ, կարող են պատկերացում տալ այդ հարաբերությունների հայտնի խորքերի մասին:

Կողք կողքի Իրանի դեմ. Ադրբեջանի և Իսրայելի աշխարհաքաղաքական պատկերը

Ադրբեջանի և Իսրայելի՝ բարձրաստիճան անձանց այցերի մակարդակին հասնող  հարաբերությունների հենասյուներից մեկն աշխարհաքաղաքականությունն է, մյուսը՝ տնտեսությունը: Աշխարհաքաղաքական մակարդակում երկու պետությունները միացնող կարևորագույն տարրն Իրանն է: Ադրբեջանն Իրանի հարևանն է, բայց երկու երկրների հարաբերություններն այնքան էլ բարենպաստ չեն: Ադրբեջանն Իրանին մեղադրում է նրա տարածքներում գտնվող ադրբեջանցի բնակչության (որի թվաքանակը հասնում է 20 միլիոնի) հետապնդման մեջ, Թեհրանն էլ մեղադրում է Բաքվին իր ներքին քաղաքականությանը միջամտելու նպատակով այդ բնակչությանն օգտագործելու մեջ: Իսկ Իսրայելի և Իրանի հարաբերությունները 1979 թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր ոչ թե բարենպաստ չեն, այլ թշնամական: Այդ իրավիճակը նախադրյալ է ստեղծում, որպեսզի երկու երկրները ժամանակ առ ժամանակ ընդհանուր ռազմավարություն մշակեն Իրանի դեմ: Օրինակ՝ իսրայելական հատուկ նշանակության ուժերը վարժեցրել են ադրբեջանական ուժերին, այդ թվում և սահմաններին ծառայողներին, իսկ իսրայելական պաշտպանության ընկերությունները Ադրբեջանին են տրամադրում թե՛ տեխնիկական սարքավորումներ, թե՛ հետախուզություն Իրանին հետևելու համար: Հաշվի առնելով երկու երկրների համագործակցությունը հետախուզական ոլորտում՝ Ադրբեջանը նաև «աշտարակի» գործառույթ է ստանձնում՝ ապահովելով Իրանին դիտարկելը: Ղարաբաղի հարցում Իսրայելը, պահպանելով հավասարակշռությունը Հայաստանի հետ հարաբերություններում, ըստ էության, քողարկված աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին: Փաստացի ռազմական տեխնիկայի և անօդաչուների զգալի մասը, որոնք հանգեցրին Ադրբեջանի հաղթանակին 2020 թ. ղարաբաղյան պատերազմում, ձեռք էր բերվել Իսրայելից: Աջակցությունն Ադրբեջանին Իսրայելի կողմից դրսևորվել է երկու դեպքում՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Առաջինը 2020 թ. հոկտեմբերին էր, երբ Հայաստանը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից, որին երկու շաբաթ առաջ էր նշանակել: Իսկ պատերազմից հետո հանդիսությունների ժամանակ իսրայելական դրոշը երևում էր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների կողքին: Թեպետ ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների ընթացքը ներկայումս պարզ չէ, իրանական հարցը չի անհետացել, իսկ դա նշանակում է, որ Բաքու-Թել Ավիվ համագործակցությունը, առնվազն աշխարհաքաղաքական մակարդակով շարունակվելու է:

Տնտեսության անիվները. իսրայելական զենքն ադրբեջանական նավթի դիմաց

Ադրբեջանի անկախացումից հետո Իսրայելն ամուր կառչեց Ադրբեջանից ոչ միայն դիվանագիտական, այլև ներդրումների առումով: Իսրայելական ընկերությունների նպատակը դարձան նախևառաջ հեռահաղորդակցության և պաշտպանության ոլորտները: Այսօր Ադրբեջանում գործող երկու հեռահաղորդակցության ընկերություններում իսրայելական ընկերությունները նշանակալի մասնաբաժին ունեն: Ռուսաստանի հայամետ դիրքը պաշտպանության ոլորտում և ղարաբաղյան հարցում դրդել է Ադրբեջանին համագործակցել Ռուսաստանից դուրս գտնվող նոր ընկերությունների հետ:

Հրեական բնակչությունն Ադրբեջանում, որի թվաքանակը մոտ 7 հազարի է հասնում, հատկապես Բաքվում բնակվողները նպաստում են Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը: Ադրբեջանի համար գրավիչ Իսրայելը հնարավոր է դարձնում  պաշտպանության, ռազմական տեխնիկայի գնումը և սեփական նավթի վաճառքը: Համաձայն ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցի՝ Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսն ապահովում է Ադրբեջանը: Այդ առումով Ադրբեջանը Իսրայելի համար ծառայում է որպես  «կափույր»՝ պաշտպանելով այնպիսի իրավիճակից, որը ծագեց 1973 թ. նավթային ճգնաժամից:

2012 թ. Ադրբեջանի ռազմական նշանակության արտադրանքի գնումներն Իսրայելից գերազանցել են 1,6 մլրդ դոլարը: Նույն տարին Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց Բաքվում. «Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերությւուններն ավելի կարևոր են, քան Ֆրանսիայի հետ հարաբերությունները»: 2016 թ. Իսրայելից Բաքու մատակարարված սպառազինության արժեքը հասել է 6 մլրդ դոլարի: Բացի զենքի վաճառքից, իսրայելական ընկերությունները ադրբեջանական ուժերի հատուկ ուսուցում են անցկացրել, միջոցառումներ են կազմակերպել Ադրբեջանում այնպիսի ուղղություններով, ինչպիսին է հետախուզական տեղեկատվության հավաքումը: Ընկերությունը, որ ուսուցանել է պահակախմբերին և սարքավորումներ է մատակարարել Բաքվի օդանավակայանի անվտանգության ապահովման համար, նույնպես ժամանել է Թել Ավիվից:

2017 թ. Իսրայելի տուրիզմի նախարար Յարիվ Լևինը, մամլո ասուլիսում խոսելով արտասահմանյան ներդրումների մասին, օրինակ է բերել այն վիլլան, որը ձեռք է բերել Ալիևների ամուսնական զույգը 6 մլն դոլարով:  «Հարեցը» (Hareetz) հաղորդել է, որ Ալիևների ընտանիքը  գրեթե 600 մլն դոլար է ներդրել Իսրայելի տնտեսությունում՝ սկսած առողջապահությունից և վերջացրած բորսայով: Նույն հոդվածում ընդգծվել է, որ Ալիևը հիվանդության ժամանակ եղել է իսրայելցի բժիշկների հսկողության տակ: Այլ ուշագրավ փաստերի շարքում է Մեհրիբան Ալիևի գլխավորած Հեյդար Ալիևի հիմնադրամի համատեղ աշխատանքը վերջին տարիներին իսրայելական բարեգործական կազմակերպությունների հետ:

Չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական շահերին՝ Ադրբեջանը մինչ օրս խուսափել է բացահայտ իսրայելամետ դիրքորոշումից: Դրա գլխավոր պատճառը զգուշանալն էր մուսուլմանական աշխարհի արձագանքից: Ուստի Բաքուն Իսլամական համագործակցության կազմակերպությունում պաշտպանել է նաև պաղեստինամետ նախագծերը: Սակայն Իսրայելը հավանաբար դեմ չէ  այդ հարցում Ադրբեջանի տվյալ ռազմավարությանը, քանի որ Նաթանյահուն 2016 թ. Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի հետ հարաբերությունները որպես մուսուլմանական աշխարհի հետ հարաբերությունների օրինակ նշեց: Ավելին, Ադրբեջանը օրինակ դարձավ Պարսից ծոցի երկրների համար, որոնց հետ Իսրայելը սկսել է մերձենալ 2020 թ.: Այդ քայլերից և ղարաբաղյան պատերազմից հետո Իսրայելը սպասում է, որ Ադրբեջանը կնշանակի իր դեսպանորդին Իսրայելում: Ալիևը չի շտապում նշանակել, միաժամանակ այնքան խոր հարաբերությունների խորապատկերում   խուսափում է ուղղակի առճակատումից Իսրայելի հետ Գազայի վրա գրոհների դեպքում, անգամ այսբերգի տեսանելի մասով:

Աղբյուրը

 

 

 

Աշխարհում Ադրբեջան Իսրայել

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին