Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը, որն առավել հայտնի է «Գեբելս» անունով, նշանակվել է Արարատի մարզային վարչության պետ։
Նշենք, որ ավելի վաղ մենք հայտնել էինք, որ այս պաշտոնին հավակնում է Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը, սակայն ոստիկանապետը կամուկացի մեջ էր՝ նշանակե՞լ նրան, թե՞ ոչ։ Ի վերջո որոշումը կանգ է առել Ամիրխանյանի վրա։ Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Զաքարյանի կազմակերպմամբ էր Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը խոշտանգման ենթարկվել։
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ փոխանցելով, որ նշանակումը եղել է երեկ։
Նշենք նաեւ, որ մամուլում Գրիշա Ամիրխանյանի վերաբերյալ սկանդալային լուրեր են հրապարակվել, որից ամենաուշագրավն այն է, որ նա մասնակցել է հանցավոր աշխարհում հայտնի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի, ծննդյան խնջույքին։ Դրանից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան հեռացրել էր պաշտոնից, հեղափոխությունից հետո նա վերադարձել էր կրկին համակարգ։
Ի դեպ, մեկ ուշագրավ հանգամանք եւս․ Գրիշա Ամիրխանյանը տարիներ առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ: