ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն Անկախ-ի հետ զրույցում անդրադառնում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին։
-Պարոն Եսայան, շատերը գտնում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն կերպ փորձում է տարանջատվել իր հոգեզավակից, և այս հոդվածը նույնպես այդ խնդրի շրջանակներում է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում առաջին նախագահը:
-Տարանջատվելն, իհարկե, հիմնական նպատակն է, որովհետև այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր դեռևս 1996-97 թվականներին: Շատ հետաքրքիր է, որ իբրև իր առաջարկի հակառակ կողմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակում է Վազգեն Սարգսյանի, ինչպես ինքն է ասում, «պատվիրանները»․ «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում և «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»՝ դրանով ի նկատի ունենալով ՀՅԴ-ին, ազգային ուժերին և Ռոբերտ Քոչարյանին: Սա այսօրվա խնդիրն է: Հաջորդ խնդիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է տարանջատել լևոնիզմը նիկոլիզմից: Այնինչ Նիկոլն իր գաղափարական ուղղվածությամբ, սկսած իր առաջին հոդվածներից, նույն լևոնականության հետևորդն է, մի բան էլ ավելին: Ի՞նչ էր ասում Լևոնը. ասում էր՝ Արցախը պետք է զիջել առանց պատերազմի՝ հայ բնակչությանը տալով անվտանգության միջազգային երաշխիքներ: Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլը տեսավ, որ չի կարողանում զիջել Արցախն Ադրբեջանին առանց պատերազմի, նպատակաուղղված պատերազմի գնաց, արդյունքում ունեցանք 5 հազար, 10 հազար վիրավոր։ Աշակերտն իրականացրեց ուսուցչի ծրագիրն ապաշնորհ ձևով։
-Տեր-Պետրոսյանն ասում է, թե իբր ՀՀ բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցրել են փոխզիջումային լուծման հնարավորությունները և որդեգրել ստատուս-քվոյի պահպանման կործանարար ուղեգիծը: Արդյո՞ք 1998 թվականից սկսած Հայաստանի իշխանությունները չեն բարձրացրել հիմնախնդրի փոխզիջումային լուծման հարցը:
-Լևոն Տեր-Պետրոսյանին հաջորդած իշխանությունները, բացի Նիկոլից, հանդես էին գալիս ոչ թե ստատուս քվոյի պահպանման օգտին, այլ փոխզիջումերի միջոցով բանակցությունների արդյունքում Արցախի ինքնորոշման օգտին: Բանակցությունների հիմքում ամենակարևոր հարցը ԼՂՀ-ի կարգավիճակն էր: Եվ ՀՀ երկրորդ ու ՀՀ երրորդ նախագահների օրոք բանակցությունների ժամանակ քննարկվել են փոխզիջումային բազմաթիվ տարբերակներ, եղել են տարբերակներ, երբ նույնիկ հայկական կողմն իր համաձայնությունը տվել է, սակայն մերժվել է Ադրբեջանի կողմից: Այսինքն, Ադրբեջանն առաջ էր տանում Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ծրագիրը․ ամբողջն՝ առանց փոխզիջման։
-Հոդվածում մեղադրանքներ են հնչում ոչ միայն քաղաքական իշխանությունների և ուժերի հասցեին, այլև հասարակության՝ մտավորականություն, քաղաքագետեր և այլն։ Առաջին նախագահը բոլորին մեղադրում է «հայդատականության» և «ոչմիթիզականության» մեջ:
-Տեր-Պետրոսյանը փորձում է արհեստականորեն իրար միացնել «հայդատականություն» և «ոչմիթիզականություն» բնորոշումները։ Բայց դրանք որևէ ընդհանրություն չունեն։ Հայ դատը հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին տեր կանգնելու համար պայքարն է, որն ավելի քան 100 տարի է՝ ՀՅԴ-ի և այլ ազգային ուժերի օրակարգում է: ՀՅԴ-ն երբեք ոչմիթիզական չի եղել: Ոչմիթիզական չեն եղել նաև ՀՀ երկրորդ և ՀՀ երրորդ նախագահները։ Ընդհակառակը, պետք է ասեմ, որ իր հոգեզավակ Նիկոլն է հենց հանդես եկել ոչմիզիթականության լոզունգներով՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ու այլ արտահայտություններով։ Դա էր ոչմիթիզականությունը, որը վիժեցրեց բանակցությունները և հրահրեց պատերազմ: Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունը հնարավոր եղավ իրագործել հենց ոչմիթիզականության արդյունքում, որովհետև իրենից հետո երկու նախագահները՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ապացուցեցին, որ հնարավոր է առանց Արցախը հանձնելու զարգանալ և գնալ բանակցությունների ճանապարհով՝ բանակցային գործընթացում նույնիսկ ամրապնդելով մեր դիրքերը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2016 թ․ ապրլյան պատերազմից հետո Ալիևին կուլիսների հետևում ստիպել են ճանաչել Արցախի անկախությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական այլ ուժերի մեղադրում է քաղաքական տհասության մեջ, իսկ քաղաքական հեռատեսությունը վերագրում ՀՀՇ-ին: Այս դեպքում ինձ համար հասկանալի չէ, թե ինչով էր պայմանավորված ՀՀ երկրորդ և ՀՀ երրորդ նախագահներին արված առաջարկը՝ իբր միասին հանդես գալու Փաշինյանի դեմ: Արդյո՞ք համագործակցության այդ առաջարկն անկեղծ էր, եթե այժմ նրանց հասցեին նման մեղադրանքներ է հնչեցնում։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ նրա առաջարկն անկեղծ չէր։ Ընդհակառակը, սա ավելի քան 3 տասնամյակ այդ մարդու գործունեության հստակ ձեռագրի դրսևորումն էր, որով նա իրականում փորձում էր դիմազրկել նիկոլիզմի դեմ հանդես եկող ուժերին, թույլ չտալ ազգային գաղափարների շուրջ համախմբումը, քանի որ դա հնարավորություն կտա իշխանությունից հեռացնել ոչ միայն Նիկոլ անձին, այլև նիկոլիզմ ու լևոնիզ ապազգային գաղափարախոսությունը, որը հանգեցրել է Հայաստանի ջախջախմանը:
-Հոդվածի ամփոփման մեջ Լևոն Տեր-Պետրոսյանն ուշագրավ և ուրախալի է համարում այն, որ պահանջատիրության մերժումն այսօր դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը, ինչը նրան լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ:
-Այո, նա անկեղծ ուրախանում է, որ Արցախյան «բեռից» հայ ժողովուրդն արդեն ազատվել է, և այժմ բանակցություններ են գնում «տնտեսական հարաբերությունների զարգացման» ուղղությամբ՝ կոմունիկացիաների բացման համատեքստում: Նա նաև ուրախ կլինի, եթե Արևմտյան Հայաստանի մեր պատմական հողերի պահանջատիրությունից էլ ձերբազատվենք և «երջանիկ» ապրենք՝ իրագործելով թուրքական ստրատեգիական նպատակները։ Սա գուցե ոմանց համար իսկապես հաճելի ու իրատեսական է, բայց չմոռանանք, որ մեր գոյաբանական խնդրի լուծումն ու թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակներն արմատական հակասության մեջ են և երբևէ չեն կարող համընկնել: Հետևաբար միակ ճանապարհն այս պահին ազգային ուժերի համախմբումն ու լևոնանիկոլականության բացառումն է իշխանության որևէ մակարդակում։