Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է մահմեդականների դիվականացման ռազմավարության մեջ, ինչի պատճառով էլ Արեւմուտքում իսլամաֆոբիա է տարածվում։ Գրում է Ria.ru-ն։
«Սեպտեմբերի 11-ի (2001 թ.) ահաբեկչություններից հետո ԱՄՆ իշխանությունները սկսեցին մուսուլմանների դիվականացման ռազմավարություն վարել, ինչը հակաիսլամական տրամադրությունների տարածում առաջացրեց շատ հասարակություններում, որտեղ իսլամի ատելության վիրուսն արդեն առկա էր»,- հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում իսլամաֆոբիայի դրսեւորումների թեմային նվիրված սիմպոզիումի ժամանակ:
Նրա խոսքերով` իսլամաֆոբիան քաղցկեղի նման տարածվում է ամբողջ աշխարհում, հատկապես` Արեւմուտքում, իսկ իսլամի հանդեպ թշնամանքն արտահայտվել է բազմաթիվ ողբերգություններում՝ Բոսնիայից եւ Հերցեգովինայից մինչեւ Մյանմար: Արմատական հոսանքները, որոնք նախկինում մարգինալ էին համարվում, այժմ ազդում են քաղաքական օրակարգի վրա, եւ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Արեւմուտքը ճահճի մեջ է` ավելի ու ավելի խրվելով այդ վտանգավոր տենդենցի մեջ, ասել է Էրդողանը:
«Նրանք, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների ցեղասպանությունը հատուկ բացառություն են համարում, այսօր համալրում են հակաիսլամական շարքերը: Իրականում նրանք դեմ չեն իսլամին, այլ դեմ են իրենց ապագային»,- հավելել է Թուրքիայի նախագահը: