Անցած շաբաթ ռուս փորձագետը փորձում էր հասկանալ, թե ինչ է շշնջացել Բլինկենը Ալիևի ականջին, որ վերջինս կտրուկ փոխել է վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ և նոր առաջարկներ է սպասում նրանից (տե՛ս «Ի՞նչ է խոստացել Բլինկենը Ալիևին»): Ամերիկացի փորձագետը, փաստերը կողք կողքի դնելով, հասկացել է:
Նախագահ Ջո Բայդենն անցած ամիս հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ. պաշտոնապես ճանաչեց ցեղասպանություն՝ չնայած Թուրքիայի կատաղի լոբբիին այդ քայլը կանխելու համար: Սակայն դրանից ընդամենը մի քանի օր անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էապես խախտեց ներկայիս ԱՄՆ վարչակազմի բարոյական դիրքորոշումը՝ հրաժարվելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման երկարաձգումից, որը բոլոր վերջին տարիներին արգելում էր ռազմական օգնությունն Ադրբեջանին:
Եթե անցյալում Սպիտակ տունը և պետդեպարտամենտը կարող էին պնդել, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետևել է ղարաբաղյան կոնֆլիկտի դիվանագիտական ջանքերին, որի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, և ներկայանում էր որպես ամերիկյան դաշնակից միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ապա փաստերը հերքեցին դա անցյալում և այս տարի, գրում է մայիսի 27-ին Մայքլ Ռուբինը՝ Ամերիկայի ձեռնարկատիրության ինստիտուտի գիտաշխատողը (տե՛ս Is the Biden administration fueling a new Caucasus crisis? ):
«Նավթով հարուստ դիկտատուրայի անակնկալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և շփումները սիրիական վարձկանների հետ (նկատի ունի այն զինյալներին, որոնց Թուրքիան Սիրիայից Ադրբեջան բերեց 2020 թ. Ղարաբաղի պատերազմի ժամանակ- խմբ), որոնք «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների վետերաններ էին, խախտեցին Բաքվի ստանձնած պարտավորությունները: Բլինկենի հրաժարումն էլ 907-րդ ուղղումից ԱՄՆ օրենքի խախտում դարձավ, և Կոնգրեսը պետք է շտկի դա, եթե թե՛ Կոնգրեսը, թե՛ ԱՄՆ-ի քաղաքականությունը ցանկանում են պահպանել տարածաշրջանում իրենց նկատմամբ վստահությունը»,- նշում է փորձագետը:
Բլինկենի հասկացնելուց հետո, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան Ադրբեջանի համար հետևանքներ չի ունենա, այսինքն՝ իրական ֆինանսական պարգևատրումից հետո Իլհամ Ալիևը եկավ այն եզրակացության, որ կարող է իր ծրագրերն ավելի առաջ տանել: 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջաանական զորքերը առաջացան Հայաստանի խորքերը ավելի քան 3 կմ: Հաջորդող բանակցությունների փորձերը դրանք դուրս բերելու համար հաջողությամբ չպսակվեցին: Այս շաբաթ, շարունակում է իր վերլուծությունը Մայքլ Ռուբինը, իրավիճակը զգալիորեն սրվեց, երբ ադրբեջանական ուժերը կրակ բացեցին հայկական զորքերի վրա սահմանի հայկական կողմում՝ սպանելով հարևան երկրի մի զինվորի: Այնուհետև ադրբեջանցիներն առևանգեցին 6 հայ զինվորի:
«Պետդեպարտամենտում ակնառու է ագրեսորների և զոհերի միջև հավասարության նշան դնելու միտումը: Բլինկենի թիմը, ակնհայտ է, Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտել է ոչ թե պատմական սխալի շտկում և դրա համար բարոյական պատասխանատվության ընդունում, այլ ավելի շուտ զիջում Հայաստանին… Փոխանակ խթաներ Մինսկի խմբի դիվանագիտությունը կոնֆլիկտի (ղարաբաղյան) հանգուցալուծման, համակեցության խրախուսման, մշակույթի պահպանման և Հայաստանի ադրբեջանական ու թուրքական շրջափակմանը վերջ դնելու համար, Բլինկենը հասկացրեց Ալիևին, որ նրան կներվի բառացիորեն ամեն ինչ»,- կարծում է ամերիկացի փորձագետը:
Նրա կարծիքով՝ Պետդեպարտամենտի ղեկավարը կրկնում է այն սխալը, որ թույլ տվեց Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Էյփրիլ Գլասպին՝ 1990 թ. կանաչ լույս վառելով Սադամ Հուսեյնի առաջ Քուվեյթ ներխուժելու համար, և այն սխալը, որ թույլ տվեց Ջեյմս Ջեֆրին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հատուկ լիազոր ներկայացուցիչը և Թուրքիայում նախկին դեսպանը, երբ կանաչ լույս վառեց Սիրիայի քրդերով բնակեցված շրջաններ թուրքերի ներխուժման և էթնիկ զտումների համար:
«Բլինկենը կարող է իրեն խաղաղարար համարել, բայց ամերիկյան քաղաքականության բարոյական արժեքների անտեսումը նրա կողմից, համենայն դեպս Հարավային Կովկասում, հակառակ արդյունքն է տալիս»,- ամփոփում է Մայքլ Ռուբինը:
Աղբյուրը՝ EurAsia Daily