Եթե դուք գերհոգնում, երբեմն նեղսրտում եք ձեր երեխային դպրոց, երաժշտական դպրոց, արտադպրոցական խմբակների տանելուց ու ողջ օրը ծանրաբեռնելուց, պարզապես իմացեք, թե ինչպես է օրը սկսում ու ավարտում 8-ամյա Մենուա Մելիք-Հայկազյանը:
Մենուան սովորական երեխա է՝ օրվա անսովոր գրաֆիկով, այնքան անսովոր, որ դրանով իսկ նա արդեն անսովոր ու յուրահատուկ է:
Տղան գիտի 20 օտար լեզու, միաժամանակ նվագում է 6 երաժշտական գործիք, հաճախում է 8 սպորտաձևի, այդ թվում՝ շախմատ, հաճախում է պարի, վոկալի, նկարչության, մենթալ մաթեմատիկայի և այլն:
Մենուայի ծնողները՝ Նիկիտա Մելիք-Հայկազյանն ու Նունե Մելիքյանը, ծրագրավորողներ են, բայց նրանց օրվա գլխավոր խնդիրը որդիներին՝ Մենուային ու Արամեին, այդ անսովոր գրաֆիկին ընտելացնելն ու նրանց համար բազմակողմանի կրթություն ու զարգացում ապահովելն է:
Մայրը պատմում է, որ երեխաների զարգացմամբ զբաղվում են ծննդյան օրվանից:
«Երբ Մենուան ծնվեց, սկսեցինք նրան Դոմանի կրթական մեթոդով զարգացնել (Դոմանի մեթոդը կիրառվում է զարգացման հապաղում և լիարժեք զարգացում ունեցող երեխաների դեպքում): Օրինակ՝ այս մեթոդով Մենուան 9 ամսականից արդեն առանց բռնվելու քայլում էր»:
Երբ Մենուան սկսում է խոսել, հայրը նրան զուգահեռ անգլերեն ու ռուսերեն է սովորեցնում: Մեկ տարեկանում Մենուայի համար անգլերենն ու ռուսերենը մայրենիին հավասար էին: 2-3 տարեկանում գիտեր նաև ֆրանսերեն, գերմաներեն: 4 տարեկանից արդեն սկսում է չինարեն սովորել, հետո՝ հնդկերեն, ապա սանսկրիտ (հնդկերեն հին գրական լեզու՝ բարդ սինթետիկ քերականությամբ), որից հետո՝ պարսկերեն, արաբերեն և այդպես շարունակ:
«Տարածված կարծիք կա, թե երեխային մի քանի լեզու զուգահեռ սովորեցնելը սխալ է, իբր դա վատ է անդրադառնում բոլոր լեզուների վրա: Սուտ է, նման բան չկա: Ընդհանրապես, ճապոնական կրթական մեթոդի համաձայն՝ երեխային սովորեցնելու լավագույն տարիքը մինչև 3 տարեկանն է՝ կլինի լեզու, թե մեկ այլ բան»,-ասում է մայրը:
Մինչև դպրոց գնալը Մենուան արդեն հաճախում էր նկարչության, պարի, լողի, կառատեի, գեղասահքի, մենթալ թվաբանության և այլ խմբակներ: Պարզվում է՝ լեզուները նրան օգնում են նաև հաշվելու գործում: Ընդամենը 8 տարեկան է, բայց 8 նիշանոց թվերը հանգիստ հիշում է ու հաշվում: Մենթալ թվաբանության մրցույթում 5 տարեկանում առաջին տեղն է զբաղեցնում, 7 տարեկանում մասնակցում է միջազգային մրցույթի և ստանում չեմպիոնական գավաթը:
Երբ ընդունվում է դպրոց, նրա գիտելիքները դեռ շատ ավելին էին: Ուսուցիչը նրա հետ առանձին ծրագրով էր պարապում, երկրորդ դասարանի վարժություններ էր տալիս: Երեխան էքստեռն քննություններ է հանձնում և առաջին դասարանի երկրորդ կիսամյակից տեղափոխվում երկրորդ դասարան: Իհարկե այստեղ էլ իր հասակակիցներից առաջ էր, բայց այլևս չէին կարող էքստեռն կարգով առաջ անցնել, քանի որ 2 անգամ թույլ չէր տրվում: Բայց դպրոցի տնօրինությունը համոզված էր՝ երեխան կարող է նույնիսկ 5-րդ դասարանում սովորել:
Լեզուներից ու թվերից բացի Մենուայի տարերքը երաժշտությունն է: Երաժշտական դպրոց սկսել է հաճախել 4,5-5 տարեկանից:
«Դաշնամուրից ենք սկսել,-ասում է մայրը, հետո ավելացան բլոկֆլեյտան ու հարվածային գործիքները, ավելի ուշէ ևս 3 գործիք՝ կիթառ, ջութակ, ֆլեյտա: Ընդհանուր առմամբ այս պահին 6 գործիք է նվագում»:
Նոր էր դաշնամուրի գնում, երբ «Արտ մյուզիք» միջազգային փառատոնում 2-րդ տեղը գրավեց, հետո մեկ այլ մրցույթում ստացավ առաջին մրցանակը: «Գլոբալ Արթ ֆեստ» հանրապետական մրցույթում առաջին մրցանակին արժանացավ միաժամանակ 3 գործիքից՝ դաշնամուր, ֆլեյտա և մարիմբա: «Ջութակն այս տարի ենք սկսել, մյուս տարվանից կմասնակցի մրցույթների»:
Մենուան ոչ միայն նվագում է, այլև երաժշտություն է գրում: Առաջին երաժշտությունը գրել է 6 տարեկանում: Նաև հրաշալի նկարում է: Իսկ 5 տարեկանից հաճախում է պարի՝ «Բարեկամություն» մանկապատանեկան համույթում:
Պակաս բուռն ու հետաքրքիր չեն երեխայի սպորտային հետաքրքրությունները: Հաճախում է 8 խմբակ՝ շախմատ, գեղասահք, մեծ թենիս, բասկետբոլ, լող, այկիդո, այկիկենդո, կենդո: Շախմատի նկատմամբ հատկապես մեծ է հետաքրքրությունը: 5 տարեկանից մասնակցում է շախմատի մրցույթների և որակավորման մրցաշարերի: Այս տարի միանգամից ստացել է 4-րդ և 3-րդ կարգ:
Ինչ խոսք, 8-ամյա երեխայի համար այս գրաֆիկն առաջին հայացքից, մեղմ ասած, անհավանական է թվում: Բայց տղայի մայրը վստահեցնում է՝ երեխան ժամանակ է ունենում նաև խաղալ հասակակիցների հետ, բակում հեծանիվ, ռոլիկ քշել, զբաղվել կիրիգամիով և օրիգամիով (թղթի միջոցով տարբեր առարկաների պատրաստում), գրքեր կարդալ: «Շատ է սիրում հատկապես տարբեր լեզուներով հեքիաթներ կարդալ»:
Մենուայի մայրը ժամանակակից հայ ծնողներին խորհուրդ է տալիս չխուսափել երեխային ծանրաբեռնելուց, հատկապես, երբ նրանք փոքր են: «Երբ մեծանում են, նրանց համար ավելի ու ավելի դժվար է դառում սովորելը: Ինչքան փոքր, այնքան հեշտ: Երեխան սկզբում կարող է ընդվզել, չուզենալ, բայց երբ համառում ես, հետո սկսում է սիրով գնալ: Մեզ մոտ այդպես եղել է, օրինակ, դաշնամուրի և շախմատի դեպքում»:
Այսքան բազմազան զբաղմունքների մեջ Մենուան դեռ չի կողմնորոշվել՝ որն է իրեն ամենաշատը դուր գալիս: «Բոլորը,-ասում է նա: Հարցին, թե ինչ է ուզում դառնալ, պատասխանում է. «Ամեն ինչ»: Իսկ լեզուներից, օրինակ, ամենաշատը չինարենն է սիրում: «Դժվար է, դրա համար եմ սիրում»,-ասում է:
Մայրն իր որդուն համարում է սովորական երեխա: Ավելին, այն չափանիշները, որ իրենք դրել են որդիների առաջ, այնքան բարձր են, որ դրանց հասնելու համար դեռ շատ պետք է աշխատեն: «Ոչ մի արտառոց բան չեմ գտնում երեխայի այս գրաֆիկի մեջ: Ինձ համար միջին երեխան պետք է այսպես լինի: Մենք իրեն էլ միշտ ասում ենք, որ դեռ շատ աշխատելու տեղ ունի»:
Թե ինչ կդառնա Մենուան ապագայում, այս պահին չեն մտածում: «Երեխան չգիտի, թե ինչ պոտենցիալ ունի, պետք է նրան ամեն ինչ տալ, որ հետո ինքը կորոշի, թե որն է իր համար ավելի հարազատ: Իհարկե կուզենք, որ մեր ուղղությամբ գնա և ծրագրավորող դառնա»,-ասում է մայրն ու ձեռքի հետ հիշում, որ որդին արդեն ծրագրավորում էլ է սովորում: