Դեռևս 2020 թվականին գերմանական ARD հեռուստատեսության լրագրող Օլիվեր Մայեր Ռութը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մի պարզ հարց էր հղել՝ ինչու՞ է Ղարաբաղն այդքան կարևոր Ադրբեջանի համար, և արդյո՞ք այս տարածքի կարևորությունը պայմանավորված է ռեսուրսների առկայությամբ թե խորհրդանշականությամբ: Ալիևի պատասխանը հետևյալն էր. «Դա արդարության, միջազգային իրավունքի խնդիր է. դա ազգային հպարտության հարց է»:
Ինչ խոսք, շատ պոպուլիստական պատասխան է, բայց ոչ անկեղծ: Իրականում արդարության և միջազգային իրավունքի մասին խոսելու իրավունք Ալիևն առհասարակ չունի: Իսկ ինչ վերաբերում է ազգային հպարտությանը, թերևս խոսքը գնում է պատերազմի օրերին Բաքվում իրենց տանն անհոգ նստած ադրբեջանցիների ազգային հպարտության մասին, այլ ոչ երբեք՝ ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար ճնշումների ենթարկվող ազգային փոքրամասնությունների, որոնք էլ, ի դեպ, այս պատերազմում տվել են ադրբեջանական կողմից զոհերի ճնշող մեծամասնությունը:
Իրականում Ղարաբաղը շատ կարևոր է Ալիևների համար, բայց այդ կարևորությունն ամենևին պայմանավորված չէ հայրենասիրությամբ։
Լեռնային Ղարաբաղի հարավային շրջաններում կան ոսկու, արծաթի, սնդիկի, պղնձի և ածխի հանքավայրեր, և հետպատերազմական փուլում ակնհայտ դարձավ, թե ովքեր են օգտվելու ստեղծված իրավիճակից: Խոսելով Ղարաբաղի տարածքում առկա ռեսուրսների մասին, պարբերաբար երևան է գալիս Մեծ Բրիտանիան և նրա հետ փոխկապակցված ընկերությունները: Մասնավորապես ՝ «Anglo Asian Mining» ոսկու արդյունահանողը արդեն հոկտեմբերի վերջին, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, սակայն Արցախի ամբողջ հարավը գրավված էր (այդ մասին չգիտեինք միայն մենք՝ հայերս, և դեռ շարունակում էինք հավատալ, որ #հաղթելուենք) ընկերությունը հայտարարեց, որ երբ պատերազմն ավարտվի, կվերականգնի մուտքը դեպի Վեջնալի (Vejnaly) ոսկու հանքեր: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ խոշոր ոսկու հանքի մասին է խոսքը, նշենք, որ հանքի տարածքն ընդգրկում է մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք և պարունակում է 6,5 տոննա C1 և C2 կարգերի ոսկի(ըստ ԽՍՀՄ դասակարգման), որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 518 միլիոն դոլար։ Վեջնալի հանքը շահագործվելու է Anglo Asian Mining-ի կողմից «արտադրության բաժանման պայմանագրով» (Production Sharing Agreement), որը կնքվել է Ադրբեջանի կառավարության հետ, հետևյալ շահութաբաժնով` Ադրբեջանին-51% և Anglo Asian Mining-ին 49%։
Հատկանշական է, որ Վեջնալի հանքավայրի երկրաբանական հետազոտությունների (5 տարի ժամկետով) և շահագործման թույլտվությունները (15 տարի ժամկետով) տրամադրվել են Anglo Asian Mining-ին դեռևս արցախյան երկրորդ պատերազմից տարիներ առաջ: Պարզվում է, որ դեռևս առաջին արցախյան պատերազմի արդյունքում 1994թ․ կնքված հրադադարից ընդամենը երեք տարի անց Դելավեր քաղաքում գրանցված մի ընկերություն՝ R.V. Investment Group Services ընկերությունը պայմանագիր է կնքել Բաքվի հետ` վեց հանքավայրերի բացառիկ իրավունքների վերաբերյալ (Օրդուբադ, Գոշա, Գեդբեկ, Սոութելի(Սոտք), Գյուզլբախ(Դրմբոն), Վեջնալի(Թոնդիրգետ)), որոնցից վերջին երեքը տեղակայված են պայմանագրի կնքման պահին Հայաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Համաձայնագիրը ստորագրած կողմերից մեկը Ռեզա Վազիրին է, Իրանի նախահեղափոխական կառավարության նախկին պաշտոնյա, իսկ այսօր Anglo-Asian Mining հանքարդյունահանող ընկերության նախագահը, գործադիր տնօրենն ու խոշորագույն բաժնետերն է։ Նշենք, որ ընկերությունը գործում է բացառապես Ադրբեջանում:
Ավելին, 2020 թվականի հոկտեմբերին Anglo Asian Mining-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ստացել է նաև Soutely (Սոտք) և Gyzilbulakh (Դրմբոն) հանքավայրերի երկրաբանական հետազոտությունները և շահագործման թույլտվությունները։ Ըստ ադրբեջանական հաշվարկների Սոտքի պաշարները կազմում են մոտ 60 տոննա (C1 + C2), իսկ շահագործման ժամկետը 16 տարի է, որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Հայկական կողմը պնդում է, որ Սոտքի հանքավայրի կեսը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց է պատկանում հանքավայրի 74 %-ը։ Ակնհայտ է, որ այս հարցը, ինչպես շատ այլ հարցեր երկու երկրների միջև, բանակցություններով լուծելը գրեթե անհնար է, ուստի պետք է պատրաստ լինենք պայքարել Սոտքի հանքավայրի մեր բաժնի համար, թեև ստեղծված իրավիճակը հուշում է, որ ադրբեջանցիները ազատորեն կարող են մտնել և իրենց տիրապետման տակ վերցնել ողջ հանքավայրը։ Ընդ որում, Սոտքի հանքավայրը ամենախոշորն է վերոհիշյալ 6 հանքավայրերի մեջ։ Նշենք, որ «Սոթքը» վաստակել է 126 միլիոն դոլար 2019 թվականին։ GeoProMining ընկերության կայքում ասվում է, որ 2018-ին հանքավայրը տվել է 3,6 տոննա ոսկի, և այն շահագործման ենթակա կլինի ևս 18 տարի:
Ցանկացած իրավիճակում Anglo Asian Mining ընկերությունը շահավետ դրության մեջ է լինելու, քանի որ այն վայելում է Ալիևների անմիջական աջակցությունը։ Այն ժամանակ, երբ գրեթե բոլոր հանքարդյունաբերողների վարկային դիմումները մերժվում էին ադրբեջանական բանկերի կողմից, ընկերությունը Բաքվի «Փաշա բանկ»-ից 3 միլիոն դոլար վարկային գիծ ստացավ: Բանկի վերջնական շահառուներն, ի դեպ, Ալիևա քույրերն ու նրանց մայրական պապին են։ Առկա է նաև տեղեկություն, որ Anglo Asian Mining-ի վերջնական շահառուն ևս Ալիևների ընտանիքն է։
Նման ինֆորմացիայից հետո փոքր ինչ դժվար է հավատալ Ալիևի խոսքերի անկեղծությանը, թե Ղարաբաղն իր համար ազգային հպարտության հարց է։ Այն Ալիևի հերթական բիզնես նախագիծն է, որը լայն աջակցություն է ստանում Մեծ Բրիտանիայի կողմից։
Իսկ ազգը, ում համար Արցախն իսկապես ազգային արժեք է, հայրենիք ու տուն, շատ շուտով հետ կվերադառնա, այլևս չհեռանալու վճռականությամբ։