f

Անկախ

Մաթեմատիկան Դավիթի տարերքն էր, իսկ պատերազմում՝ ճակատագիրը


Դավիթ Յակովլև, 19 տարեկան։ Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին՝ սմերչի հարվածից։

Վիճակագրության վերածված այս նախադասության տակ թաքնված է լուսավոր մի կյանք, եզակի խելք ու արժեքավոր ռեսուրս, որը վաղը պիտի Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկը դառնար։ Բայց պատերազմը խլեց բացառիկներից ևս մեկին։

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցի սանը, որի համար բնական գիտությունները՝ հատկապես մաթեմատիկան, ֆիզիկան, թվերն ու հաշվարկը, ուղղակի տարերք էին, դեռ տարիներ առաջ կանխազգացել ու բարձրաձայնել էր իր ճակատագիրը։ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերն էին։ Դավիթն այդ ժամանակ 15 տարեկան էր։ Ուսուցիչը դասարանում քննարկում է կազմակերպում պատերազմի թեմայով։ Դավիթն ասում է․ «Սա պարզապես վարժանք է, իսկ բուն պատերազմը դեռ հետո է լինելու։ Լինելու է այն ժամանակ, երբ ես ծառայության մեջ կլինեմ։ Ես ծառայելու եմ Արցախում, մասնակցելու եմ այդ պատերազմին ու հետ չեմ գալու, զոհվելու եմ հանուն հայրենիքի․․․»։

Այս մասին ուսուցիչը Դավիթի մորը պատմել է վերջերս, երբ նրա դաժան կանխատեսումն իրականացել էր․․․

2019 թվական։ Բացառիկ ընդունակությունների տեր Դավիթ Յակովլևն ավարտել էր ֆիզմաթ դպրոցն ու մաթեմատիկայից ամենաբարձր միավորներ հավաքելով՝ ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան։ Բայց ինքնուրույն որոշում է, որ ՏՏ մասնագետի համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորելը, որից հետո կրթությունը կկարողանա շարունակել աշխարհի լավագույն բուհերից մեկում, ապա կվերադառնա հայրենիք։ Հունիսին Դավիթն ընդունվում է ԵՊՀ, իսկ հուլիսին՝ զորակոչվում բանակ։

Մայրը՝ Սոֆի Հայթայանը, պատմում է, որ Դավիթը դեռ մանկուց շատ ինքնուրույն էր, պլանավորում էր իր կյանքն՝ ինչպես հասուն տղամարդ։ Նրա ամեն մի օրը, ամեն մի քայլը հաշվարկված էր ու միտված դեպի ապագա, դեպի նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ։ Փոքրուց նրան հետաքրքրում էր աստղագիտությունը, մաթեմատիկան, ֆիզիկան, ինժեներիան։ Նրա դատողությունները զարմացնում ու հիացնում էին բոլորին։ Մրցույթների, օլիմպիադաների ֆավորիտներից էր։ Նրա համար երկրորդ տեղն արդեն իսկ պարտություն էր, միայն առաջին տեղի համար էր պայքարում։

Այդ ամենի հետ մեկտեղ այնքան լավ էր նկարում, որ բոլորին թվում էր, թե Դավիթը նկարչությունն է ընտրելու։ Բայց դպրոցում աչքի էր ընկնում ոչ միայն գիտելիքներով․ էմոցիոնալ խառնվածքը, լիդերությունն ու իրադարձությունները կառավարելու հմտությունը հաճախ ծնողներին դպրոց կանչելու ու Դավիթից բողոքելու պատճառ էին դառնում։ Բայց մեկ է, բոլորը նրան հենց այդպիսին էին սիրում։ Դեռ 16 տարեկանում «Ասում էր՝ մամ, եթե դասղեկիս բնութագիրը տեսնեն, ինձ հենց հիմա բանակ կտանեն»։ Պատրաստի տղամարդ էր՝ ամրակազմ, հասուն, հայրենասեր, մինչև վերջ գնացող․․․

Ապագա փայլուն ծրագրավորողը

13-14 տարեկանում Դավիթն արդեն Թումոյի ռոբոտաշինության դասընթացի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։ Մինչ դպրոցն ավարտելը հասցրել էր հաջողությամբ ավարտել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հատուկ դասընթացը, որտեղ միակ դեռահասն էր։ Իսկ «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնում յուրացրել էր ծրագրավորման լեզուներ, որակավորում  ստացել «ՄՏՍ Հայաստանի» կարիերայի կողմնորոշման ծրագրի շրջանակում։ Գերազանց տիրապետում էր բազմաթիվ ծրագրավորման լեզուների, որոնցից շատերն ինքնուս էր սովորել։

Այդ ամենին զուգահեռ 15-16 տարեկանից արդեն աշխատում էր Վեբ ծրագրավորման ոլորտում՝ պատրաստելով կայքեր։ Նրա ստեղծած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ խաղերը, մեծ հավանումներ էին ստանում վիրտուալ տիրույթում։ «Երբ առաջին գումարը վաստակեց, ասաց, որ ինձ համար ուզում է  մնայուն մի նվեր գնել և ժամացույց նվիրեց»,-հիշում է մայրը։

Պատերազմից մի քանի օր առաջ խնդրել էր արհեստական բանականության մասին գիրք ուղարկել

Դավիթը սկզբում ծառայության է անցնում Լուսակերտում, ապա բոլոր քննությունները գերազանց հանձնելով և ստանալով հրետանավորի դասային որակավորման 3-րդ կարգ՝ տեղափոխվում է Արցախ՝ իբրև կրտսեր սերժանտ։ Մաթեմատիկան, հաշվարկը Դավիթի տարերքն էին, բայց ոչ ոքի մտքով չէր անցնի, որ դա նրա համար ճակատագրական է դառնալու։

Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 7։30-ին, Դավիթը զանգում է տուն և ասում․ «Պատերազմ է ու շատ լուրջ է»։ Եթե Դավիթն ասում էր՝ լուրջ է, ուրեմն իսկապես լուրջ էր։ Ծնողները լավ գիտեին նրա խոսքի արժեքը։

Դավիթը Հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար էր։ Պատերազմից մի քանի օր անց Դավիթին ու ընկերներին ուղարկում են դեպի Հադրութ, որտեղ թեժ մարտեր էին։ Ճանապարհին ինքնագնաց կայանքների մի մասը փչանում է ու տեղ չի հասնում։ Դավիթինը՝ նույնպես։ Տղաները մի քանի օր մնում են ճանապարհներին, բաց երկնքի տակ՝ թշնամու հարվածներից անպաշտպան։ Բայց կայանքները չեն լքում, ինքնակազմակերպում ու սպասում են օգնության։ Իսկ օգնությունն ուշանում էր։ Բաց դաշտերում ամայի մի տուն են գտնում, մի քանի օր պատսպարվում այնտեղ՝ մի կերպ սնունդ հայթայթելով, մինչև նրանց օգնության են գալիս։

Հետո արդեն ընկերները պիտի պատմեին, որ 19-ամյակը նոր բոլորած Դավիթն, ինչպես կյանքում, այնպես էլ ռազմաճակատում, ամենաթեժ կետերում էր, ամեն ինչ իր կառավարման տակ էր վերցնում, ինքնուրույն որոշումներ կայացնում ու ելք գտնում։

Մի օր դիրքերում սնունդը վերջացել էր։ Դավիթը վեր է կենում, մի դանակ ու մի զենք վերցնում, դուրս գալիս։ Ասում է՝ շուտով կվերադառնա։ Կամավորներից մեկը նրան է միանում։ Գնում են, քիչ անց վերադառնում մի քանի աքլորով։ Դավիթն արագ կազմակերպում է, աքլորները մորթում են, մաքրում, դնում կրակին։ Երբ արդեն պատրաստ էր, սկսում է լցնել ափսեների մեջ ու հերթով բաժանել։ Ամենավերջում, երբ ափսեն մտցնում է կաթսայի մեջ, որ իր ու ընկերոջ համար էլ բաժին հանի, ափսեն դատարկ է դուրս գալիս։ Միսը վերջացել էր։ Առանց սրտնեղելու ասում է․ «Ոչինչ, մենք էլ «բուլյոնը» կխմենք, կարևորը՝ էսքան մարդ կշտացավ»։

Մայրը հիշում է՝ այդ օրը խոսել էին, ասել էր՝ էսօր լավ հաց ենք կերել, աքլորի խորոված։

«Բարդի 1» հատուկ գործողություն

Մարտունիում՝ Շեխերում, հայկական կողմը պատրաստվում էր խիստ գաղտնի հատուկ գործողության։ Դավիթը գիտեր այդ մասին և որոշում է կամավոր ինքն էլ մասնակցել։ Ընկերը խնդրում է չգնալ։ Դավիթն ասում է․ «Գիտեմ, որ էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք...»։

Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր, իսկ հարազատների հետ արդեն կապ չկար։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների ու ճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամու թիրախներն անվրեպ խոցվում էին։ «Պատմում են, որ այդ գործողության ընթացքում ռադիոկապը ձեռքից բաց չէր թողնում․ թիրախն ընդունում էր, հաշվարկն անում, ապա կենտրոնին զեկուցում, որ թիրախը վերացված է, և պահանջում էր նոր թիրախ»։

Թշնամու կողմից դա աննկատ չի մնում։ Հոկտեմբերի 26-ին Դավիթն իր 11 ընկերների ու հրամանատարի հետ զոհվում է սմերչի հարվածից՝ բունկերում։ 

Դավիթ Յակովլևը հետմահու արժանանում է ԱՀ Մարտական ծառայության և արիության համար մեդալի։

Եթե ողջ լիներ, չէր համակերպվի պարտության հետ

Դավիթը ծնվել էր Երևանում, բայց պաշտում էր Արցախը և այն ամենն, ինչ կապված էր Արցախի հետ։ Մայրը վստահ է՝ եթե ողջ մնար, չէր համակերպվի Արցախի կորստի հետ։ «Լինելով չափազանց ազնիվ, արժանապատիվ և արդարամիտ՝ նա չէր կարող ներել դավաճանությունը, որին զոհ գնացին մեր զավակները»։

Դավիթը հրաշալի գիտեր Արցախի ամեն մի բնակավայրի, տեսարժան վայրի պատմությունը։ Հատուկ վերաբերմունք ուներ Արցախյան ազատամարտի հերոսների նկատմամբ։ Նույնիսկ արցախցի աղջիկներն էին նրա աչքին յուրահատուկ։ «Դեռ չէր ծառայում, գնացել էր Արցախ, մեկ էլ զանգեց, ասեց՝ մա՛մ, արցախցի աղջիկներն էնքան սիրուն են․․․»։

Մայրը հիշում է՝ պատերազմի թեժ օրերին Դավիթի հետ խոսում էին, և ամուսինը որդուն ասում է, որ լուրեր են պտտվում՝ շուտով խաղաղապահ զորք է տեղակայվելու Արցախում, և կողմերը կանգնելու են այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում են։ Դավիթը լսում է, մի պահ այլայլվում ու ասում․ «Պապ, ի՞նչ ես խոսում, մեր տղերքը զոհվել են, որ մենք հող հանձնե՞նք, դու հասկանում ե՞ս, թե ինչ ես ասում։ Մենք մինչև վերջ գնալու ենք»։

Հայրը հերթական մի հեռախոսակապի ժամանակ ասում է, որ լուրեր են պտտվում, թե ռուսները շուտով Արցախի ողջ օդը պիտի փակեն։ Դավիթը ոգևորված ասում է․ «Ես կնստեմ իմ «սամախոդկեն» ու առանց ոչ մեկի կգնամ Կասպից ծովում լողալու։ Մենակ թող օդը փակեն, մինչև Բաքու կհասնեմ»։

Կրկնօրինակ եղբայրը, որ ծնվեց նրա խնդրանքով

Դավիթն իրենից փոքր երկու եղբայր ունի։ Արեգը, որ նրանից փոքր է երկու տարով և Արամը, որ ծնվեց նրա խնդրանք-պահանջով, երբ ինքը 11 տարեկան էր։ Խենթի պես սիրում էր փոքր եղբորը։ Ինչքան էլ ծանրաբեռնված լիներ, Արամի համար միշտ ժամանակ էր գտնում։ Իսկ Արամն ասես Դավիթի կրկնօրինակը լիներ։ Նման էր ոչ միայն տեսքով, այլև բնավորությամբ ու խառնվածքով։

Մայրը հիշում է՝ պատերազմի ժամանակ, երբ անհանգիստ ողջ օրը լրահոսին  էին հետևում, մի անգամ Արամը մորն ասում է․ «Մամ, կարողա՞ Աստված պապիկը ինձ Դավիթին էդքան նման է ստեղծել, որ ես իր տեղը լինեմ»։ Մայրը քարանում է, նույնիսկ բարկանում երեխայի վրա՝ ասելով, որ էլ երբեք նման բան չասի․ «Ասացի՝ ամեն մեկդ ձեր տեղն ունեք, դու չես կարող Դավիթի տեղը լինել, Դավիթն էլ քո տեղը չի կարող լինել։  Ու դրանից հետո անընդհատ փորձում էի վանել այդ միտքը»։

Արամն արդեն 9 տարեկան է։ Դավիթի դեպքից հետո փորձում է նրա մասին շատ չխոսել, իսկ ցավն ու կարոտն արտահայտում է բանաստեղծությունների միջոցով։

«Ո՞վ եմ ես, մա՞րդ թե թռչուն,

Կատու՞ թե՞ շուն,

Կամ մի խոտ եմ սովորական:

Թե՞ մի ծաղիկ բուրավետ,

Թե՞ մի մարդ եմ կախարդական,

Որ կպայքարի չարի դեմ…»։

Դավիթը հունիսի 18-ին կդառնար 20 տարեկան։ Ցավոք, նրա փայլուն կյանքն ընդհատվեց 19-ում, բայց նա հասցրեց ապրել այնպես, որ շատերին չի հաջողվի ապրել մի ողջ կյանքի ընթացքում։ Դավիթն ասես պայծառ գիսաստղ լիներ, որ մի ակնթարթում ֆանտաստիկ լույս ճառագեց՝ լուսավորելով աշխարհն ու այդ լույսի հետագիծը դրոշմելով մարդկանց սրտերում։

 

 

Դավիթ Յակովլև հերոսներ Պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում
Գորիսում Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառում. հիմնականում դպրոցներից են բերելու. Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Բացահայտվել է սպանության հերթական դեպքը. Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. 5 պարկուճ են գտել
Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից․ հայտարարություն
Ուշակով. Պուտինը եւ Բայդենն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին
Փոխմարզպետն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Մենք բարձր ենք գնահատում մեր շանսերն ընտրություններում. «Լուսավոր Հայաստան»
Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ. Նիկոլ Փաշինյան
63-ամյա տղամարդը 12 տարին չլրացած բնակչի հետ սեքսուալ գործողություններ է կատարել
Ինչո՞ւ. Երեք պատմութիւն, մէկ Հարց. Մովսես Ծիրանի
Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին
ՀՀ-ն արձանագրել է քաղաքական ուժեղ կամք ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով. Պետդեպի ներկայացուցիչ
Ավինյանը նոր նշանակում է արել կառավարությունում
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով. Այն հիմա 6.5 տոկոս է
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ
Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ
Եվս մի հայկական արժեք վաճառվեց... այս անգամ` 3 միլիոնով
Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1․ նրա կերպարն ամենավտանգավոր բայրաքթարն է․ ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից
Փաշինյանը երևի ուզում է՝ էդ մուրճը ձեռքից վերցնենք, գլխին տանք, որ հասկանա՝ ինչ է․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիա-Շվեդիա` 0:0. Եվրո-2020
Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելու համար նախատեսված  տուգանքի մասին
ՄԻՊ․Խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներից Կասպարովը, Մանուչարյանը մասնակցում են մարզչական դասընթացին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Ավելին
Ավելին