Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է անել բոլոր հնարավորը, որպեսզի լուծի ծովային լորձի խնդիրը. ջրիմուռների լորձը, որն Ստամբուլի մոտ ծածկել է Մարմարա ծովի ափերը։ Այդ մասին գրում է BBC-ն։ Ֆիտոպլանկտոնի շագանակագույն լորձի հաստ շերտը սպառնում է ծովային օրգանիզմների կյանքին և խանգարում ձկնորսությանը։
Առաջին անգամ Թուրքիայում այդ ֆենոմենը գրանցվել է 2007 թվականին։ Այդ ժամանակ այն նկատվել էր նաև Հունաստանում։ Սակայն Մարմարա ծովի ափերին լորձի ներկայիս տարածումն ամենամասշտաբայինն է պատմության մեջ:
Էրդողանը հայտարարել է, որ լորձն սպառնում է նաև Սև ծովի էկոհամակարգին։ «Ես հույս ունեմ, որ մենք կփրկենք մեր ծովերն այդ աղետից, որը կապված է լորձի հետ։ Ես վախենում եմ, որ այն կտարածվի նաև Սև ծովում… դա մեծ խնդիր կլինի։ Պետք է անմիջապես գործել»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Նա կոչ է արել հետաքննել երևույթի պատճառները՝ այն կապելով դեպի ծով կոյուղու արտահոսքի և ջրի բարձրացող ջերմաստիճանի հետ։ Թուրքական կառավարությունը արդեն իսկ 300 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել, որը պետք է ուսումնասիրի իրավիճակը։
Ծովային լորձը բնության երևույթ է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ֆիտոպլանկտոնի կենսազանգվածը, բարձր ջերմաստիճանի և ծովի աղտոտվածության պատճառով, չափից շատ է աճում։ Փորձագետների խոսքերով՝ վերջին 40 տարիներին այդ խնդիրը ավելի սուր է դարձել։ Մարմարա ծովում նավերը ստիպված լողում են լորձի հաստ շերտի միջով։ Որոշ ձկնորսանավեր չեն կարող ծով դուրս գալ, քանի որ դրանց շարժիչներն ու ցանցերը խրվում են լորձի մեջ ։ Քանի որ ծովի մակերևույթը պատված է լորձով, թթվածնի բացակայության պատճառով ձկներն ու ծովային աշխարհի մյուս ներկայացուցիչները զանգվածաբար սատկում են։
Թուրք փորձագետները Agence France-Presse- ին հայտնել են, որ ցեխը առկա է ոչ միայն ծովի մակերևույթում, այլ տարածվում է 25-30 մետր խորության վրա:
BBC- ին տված հարցազրույցում Թուրքիայի ծովային հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Բայրամ Օզթյուրքը ասում է, որ լորձի խնդիրը չի վերանա, քանի դեռ իշխանությունները ավելի շատ ներդրումներ չեն կատարել Ստամբուլից կեղտաջրերի մաքրման ծրագրի մեջ:
«Լորձի գերաճը սպառնում է ծովային տարբեր օրգանիզմների, այդ թվում ՝ ոստրեներին, միդիաներին և ծովաստղերին: Սա իսկական աղետ է», - ասում է փորձագետը:
Թուրք գիտնականների կարծիքով, Դանուբից հարևան Սև ծով մտնող վնասակար արտանետումները լրացուցիչ բեռ են ստեղծում նաև Մարմարա ծովի էկոլոգիայի համար: