Երևի շատերդ հիշում եք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանով մեկ ծածանվում էին երեք պետությունների դրոշներ, այդ թվում՝ Թուրքիայի և Պակիստանի: Ի դեպ, բոլորը խոսում են Էրդողանի դերակատարության մասին՝ անուշադրության մատնելով Պակիստանի ղեկավարի հայտարարությունը Հայաստանը աշխարհի քարտեզից ջնջելու, իսկ հայերիս Կովկասից քշելու մասին: Կա ևս մեկ լրջագույն խաղացող, որ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան հակահայկական եռյակ դաշինքը դարձնում է առնվազն քառակողմ, ֆինանսավորողն է՝ Քաթարը:
Այս պետությունը վերջին տարիներին Էրդողանի սուլթանատի մերձավոր դաշնակիցն է և առևտրատնտեսական ռազմավարական գործընկերը: Դեռևս ամիսներ առաջ Քաթարը հեղուկ գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր կնքեց եռյակի մյուս անդամի՝ Պակիստանի հետ: Ավելի ճիշտ վերակնքվեց պակիստանյան կողմի համար առավել ձեռնտու պայմաններով տարիներ առաջ կնքված պայմանագիրը, որով Իսլամաբադը տարեկան կտնտեսի մոտ 300 միլիոն դոլլար:
Մի հետաքրքրական հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն դարձնել: Արաբական աշխարհում զգալի ռազմաքաղաքական ազդեցություն ունեցող Քաթարը գազի համշխարհային շուկայում առաջատար խաղացող է, բնական գազի պաշարներով աշխարհում երրորդն է Ռուսաստանից և Իրանից հետո: Հավելեմ, որ այս պետությունը տևական ժամանակ է համարվում է Մահմեդական եղբայրների գլխավոր հովանավորներից մեկը:
Ինչո՞ւ եմ այս մասին գրում: Նախընտրական քարոզչության շրջան է, ունեցել ենք պատերազմական պարտություն, բայց չկա որևէ մեկ ուժ, որ ներկա իրավիճակի և ապագա հնարավոր զարգացումների մասին կոմպետենտ վերլուծությամբ հանդես գա ու ձևակերպի ծրագրային մոտեցումներ:
Վերջ տվեք այս ընտրական թատրոնին, պետություն կառավարելու հավակնություն ներկայացնելուց առաջ փորձեք գիտակցել, թե ի՞նչ պատասխանատվություն պետք է ստանձնեք և արդյո՞ք կարող եք: