Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն անհրաժեշտ է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, իսկ այժմ արժի շեշտը դնել տարածաշրջան խաղաղ կյանքը վերադարձնելու վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:
«Դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք տվյալ փուլում հավանաբար չպետք է խառնեն կարգավիճակի խնդիրը, այլ աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, այն բանին, որ հայերը և ադրբեջանցիները սկսեն ապրել միասին անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, ես վստահեցնում եմ ձեզ, երկու-երեք տարի անց, եթե մենք նման կյանք ապահովենք, բոլոր հարցերը, կապված կարգավիճակի հետ, շատ ավելի հեշտ կլուծվեն»,- բացատրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
Реалист գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի մոտեցումը Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը.
«Իրո՞ք, Սերգեյ Վիկտորովիչ: Ռուսական դիվանագիտությունն արդեն յոթերորդ տարին է, ինչ փորձում է համոզել աշխարհին, որ Ղրիմի ռուսներն ինքնորոշվել են և դուրս եկել Ուկրաինայի կազմից օրինական հիմքերով, իսկ Արցախի հայերին, որոնք դեռ 1991 թ. դեկտեմբերի 10-ին են քվեարկել հանրաքվեում իրենց անկախության համար, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության բոլոր դրույթներին, դուք առաջարկում եք ուշադրությունը չսևեռե՞լ կարգավիճակի վրա:
Եթե դուք պայքարում եք ազգերի իրավասուբյեկտության սկզբունքի համար, որի վրա է կառուցված այսօր ՄԱԿ-ը, ապա բարի եղեք հետևողական մնալ բոլոր դեպքերում: Չի կարելի մի դեպքում պահանջել աշխարհի առաջադեմ վերաբերմունք սեփական ազգային սպասումներին, իսկ մի այլ դեպքում ներողամտորեն դուռ բացել մինիսուլթանության՝ հայկական ազգային-ազատագրական պայքարի արդյունքների վերանայման ռեակցիոն փորձերի համար:
Արցախի ճանաչումը կոնֆլիկտի գլխավոր հարցն է: Առանաց ճանաչման հարցը երբեք չի կարգավորվի:
Ֆրանսիան և ԱՄՆ-ն ստիպում են ՌԴ ԱԳՆ-ին խոսել Արցախի կարգավիճակի մասին: Ես հասկանում եմ, որ այդ հետևողականությունը լարում է ձեր ռազմավարական գործընկերներին Բաքվում և Անկարայում, բայց ժամանակն է վերջ տալ այդ մեկ դարպասով խաղին»:
Հունիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարներ Ժան-Իվ լը Դրիանի և Հայկո Մաասի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղի շուրջը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրադրությունը Բալկանյան թերակղզում:
Աղբյուրը՝ realtribune.ru