ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դիլիջանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատահական չէ, որ վարչապետի ժպ-ն առանձնահատուկ հակակրանք ունի հենց այս ֆակուլտետի և դրա շրջանավարտների հանդեպ: Դա ունի իր հիմնավոր, խորքային պատճառները:
Իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարել էր արդարադատության համակարգում ՙբարեփոխումների՚ անհրաժեշտության մասին: Անհրաժեշտությունը, ըստ երևույթին պայմանավորված էր նրանով, որ Փաշինյանին պետք էր տոտալ վերահսկողություն հաստատել արդարադատություն իրականացնող մարմինների և դրանց աշխատակիցների նկատմամբ:
Որպեսզի հետագայում իր օգնական Աննա Վարդապետյանն առանց կաշկանդվելու միջամտեր քննիչի գործերին՝ ուղղորդելով, թե ում նկատմամբ և ինչպես հարուցել շինծու քրեական գրոծեր:
Որպեսզի ՀՔԾ պետ Սասուն Միքայելյանը և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դատավորի հետ քննարկեին Քոչարյանի գործի մանրամասները, ապա զեկուցեին իրեն:
Որպեսզի դատավոր Աննա Դանիբեկյանը իրեն ձեռնտու ժամանակահատվածում կալանքի տակ պահեր Ռոբերտ Քոչարյանին:
Օրինակներն անթիվ են, հարկ չենք համարում անգամ անդրադառնալ դրանց բոլորին:
Բայց պարզվում է, որ Փաշինյանը դժգոհ է իրավաբաններից: Գուցե դա պայմանավորված է այն պարզ պատճառով, որ թերևս հենց իրավաբանների համայնքն այս 3 տարիների ընթացքում իրեն դրսևորեց որպես հասարակության ամենապետականամետ, գիտակից և կշռադատված խումբը: Պարզվում է, դատավորներից ոչ բոլորն են պատերի տակ վնգստացող, ոչ բոլոր քննիչներն են համաձայն հարցուցել շինծու քրեական գործեր՝ անգամ աշխատանքը կորցնելու գնով, ոչ բոլոր դատախազներն են կալանավորման միջնորդություն ներկայացնում ըստ իշխանության ցանկության:
Եթե ՀՀ նավը դեռ ընթացքի մեջ է ապա դրա մեջ իրենց մեծ լուման ունեն նաև իրավաբանները:
Սակայն Փաշինյանին այս պահին այնքան էլ չի անհանգստացնում իր քաղաքական հետապնդման հրամանների անտեսումը:
Հիմնական պատճառը, որ Փաշինյանն այսօր որոշել է անդրադառնալ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետին (ԵՊՀ-ն այդպես էլ չավարտած նախկին լրագրողն անգամ ֆակուլտետի ճիշտ անվանումը չգիտի) այն է, որ նա արդեն գիտակցում է, որ շատ կարճ ժամանակ անց իր կաշվի վրա է զգալու այդ ֆակուլտետի շրջանավարտներից ոմանց գիտելիքների հիմնավորությունը: Նա գիտի, որ արդարադատությունից չի փախչելու՝ աշխարհի որ ծայրում էլ լինի: Ընդ որում խոսքը գնում է ոչ միայն իր, այլ իր բոլոր մեղսակիցների մասին, այդ թվում նաև՝ իրավաբան մեղսակիցների:
Ինչևէ, Փաշինյանը ճիշտ կաներ շատ քննադատաբար չխոսեր իրավաբանների մասին, չէ որ հենց վերջինների անկախությունից, անաչառությունից և պրոֆեսիոնալիզմից է կախված լինելու իր ճակատագիրը: