Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվի Ուկրաինայում և Վրաստանում բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև կիբերտարածքում և տիեզերքում փոխգործակցությունը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը։
«Գագաթնաժողովում որոշումներ կկայացվեն երկու նոր ոլորտներում՝ կիբերտարածքում և տիեզերքում: Ակնկալում եմ, որ դաշնակիցները կհամաձայնվեն ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության պաշտպանության նոր ծրագրի շուրջ, քանի որ այստեղ ավելի ու ավելի շատ մարտահրավերներ են առաջանում: Տիեզերքը նույնպես շատ կարևոր տարածք է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն ի վիճակի է «արդյունավետ անվտանգություն ապահովել» այդ տարածքներում:
Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են իրենց ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայում և Վրաստանում բարեփոխումներին աջակցելու վրա:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: