«Արարատ կոնյակ» կամ «հայկական կոնյակ» արտահայտությունը շուտով պատմության գիրկը կանցնի: ՀՀ իշխանությունները երկրի խորհրդանիշներից մեկը վաճառեցին Եվրամիության կողմից հատկացվող գրոշների դիմաց: 2021 թ. հունիսի 10-ին կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի ապրիլի 7-ին և մայիսի 19-ին ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին» որոշումը, որն այնուհետև պետք է ներկայացվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` հաստատման համար:
Ըստ էության ՀՀ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը չի շշալցնի այս կախարդական ըմպելիքը, և դրա համար կտրամադրվի ... 3 միլիոն եվրո: Ինչպիսի ճոխություն Եվրամիության կողմից:
Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասված է.
Ֆինանսավորման համաձայնագրի հատուկ նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու հարցում, մասնավորապես՝ աջակցելով հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու և շուկայահանելու հարցում։
Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ներքին և արտահանման ավանդական շուկաներում հասնելու հայկական կոնյակի նոր անվանման ճանաչելիությանը։
Ֆինանսավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:
Շշալցումն իհարկե կշարունակվի: Բայց այլևս կլինի ոչ թե «կոնյակ», այլ ինչ-որ բրենդի: Կամ կգտնվի մեկ այլ հարմար բառ:
Պետք է նշել, որ սա այսօրվա պատմություն չէ: Եվրոպացիները մի քանի տասնամյակ համառորեն առաջ էին տանում իրենց գիծը` պայքարում էին կոնյակ անվանման համար: Նրանք պնդում են, որ այն շշալցվում է միայն Ֆրանսիայում, միայն համանուն նահանգում և միայն այնտեղ իսկ աճող խաղողից: Մնացած ամեն ինչ՝ ներողություն, կոնյակ չէ, այլ` բրենդի:
Հայկական կոնյակը բրենդի վերանվանելու պահանջը Եվրոպան առաջին անգամ առաջ է քաշել դեռևս 1959թ-ին: Այդ ժամանակից սկսած ԽՍՀՄ-ը կոնյակ անունով ալկոհոլային խմիչքը եվրոպական երկրներ արտահանելու խնդիր ուներ։ Այն ժամանակ հայկական կոնյակն արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» անվամբ:
Երկրորդ նման պահանջը Հայաստանին ներկայացվեց արդեն անկախացումից հետո` 1998թ-ին: Այդ ժամանակ խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. Խմիչքը նախկին ԽՍՀՄ տարածք շարունակեց արտահանվել որպես «կոնյակ», իսկ Եվրոպական երկրներ` որպես «բրենդի»:
2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» անցումային դրույթների 237 հոդվածում նշվում է, որ Հայաստանը աստիճանաբար պետք է հրաժարվի ապրանքանիշից: Հոդվածում մասնավորապես նշվում է` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, 24 տարի անցումային ժամկետում «Կոնյակ» անվանման օգտագործումը ՀՀ-ից ծագող և երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա չի բացառվում, եթե տվյալ երկրի օրենքները և կանոնակարգերը թույլ են տալիս։ Նշված ժամկետից հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել։
Չորս տարի երկրի իշխանությունները դիմադրություն էին ցույց տալիս: Բայց 2021 թվականի հունիսի 10-ին Կառավարությունն իր համապատասխան որոշմամբ, կարծես հաստատեց, որ առարկություններ չունի Եվրամիության այն պնդման հետ, որ կոնյակը բացառապես ֆրանսիական է: Դեռ մի բան էլ գումար է ստանում` ռեբրենդինգի համար:
Ինչպես նշվեց վերևում, փոփոխությունը տեղի կունենա աստիճանաբար: Այսինքն՝ արտադրողները կկարողանան այս նվիրական տառերը պիտակների վրա գրել մինչև 2032 թվականը: Իսկ մինչև 2043 թվականը այդ պիտակներով բոլոր ապրանքները պետք է վաճառված լինեն: Արդյո՞ք կհասցնեն, դա արդեն Եվրամիության խնդիրը չէ:
Փաստացի, եվրոպացիները հասան իրենց նպատակին` զրկելով Հայաստանն իր ևս մի խորհրդանիշից: Իսկ նրանց տրամադրած գումարն իրականում գրոշ չարժե` համեմատած հայկական կոնյակի համբավի հետ, որը սիրված է և ճանաչված է ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, որտեղ այն հիմնականում մատակարարվում է, այլ ամբողջ աշխարհում: Նույն Չերչիլը, ինչպես հայտնի է, նախընտրում էր հայկական կոնյակը աշխարհի ցանկացած այլ ըմպելիքից, և հավանաբար պարզապես սարսռաց գերեզմանում, իսկ նրա արձանից գլորվեց մի արցունք` ի վշտակցություն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ: