f

Անկախ

«Խնդրում եմ բոլորիդ Ձեր ձայնը տալ «Հայաստան» դաշինքին». Սարչապետի նախկին համայնքապետի ուղերձը


Լոռու մարզի Սարչապետ համայնքի նախկին ղեկավար Արգամ Պողոսյանը նախընտրական ուղերձ է հղել. նա հորդորում է քաղաքացիներին՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

«Հարգելի համագյուղացիներ, համերկրացիներ եւ ընդհանրապես Հայ մարդիկ, որ հիմա ընթերցում եք այս տեքստը

Ինձ իրավունք եմ վերապահում դիմելու Ձեզ՝ պարտավորված զգալով անելու դա, քանզի պահն օրհասական է, եւ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր հայ պարտավոր է մասնակցել մեր հայրենիքում՝ Հայաստանում տիրող իրավիճակի ազգանպաստ հանգուցալուծմանը:

Կարճ նախապատմություն. 2018թ. եղել եմ հայտնի իրադարձությունների հորձանուտում՝ ֆիզիկական, բարոյական եւ նույնիսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով համաժողովրդական շարժմանը: Ինձ ճանաչողները գիտեն,որ այսպես ասած «ընդդիմադիր հոսանքի» մեջ տարբեր ինտենսիվությամբ եղել եմ դեռեւս 2008-ից, եւ 2018-ը ընդամենը պայքարի եզրափակիչ ակորդն էր: Մեկ տասնամյակ տեւած ընդվզումը հանգամանքների բերումով այդ պահին գլխավորեց եւ տրամաբանական ավարտի հասցրեց Ն. Փաշինյանը՝ գործիչ, որին հայ հանրությունը իրապես սիրում էր, եւ որին դյուրահավատորեն, առանց երկմտանքի վստահեց պետության ղեկը՝ ամենեւին չկասկածելով նրա մղումների ազնվությանն ու հայրենիքին նրա նվիրվածությանը: Բայց այդ շարժումը մի նրբերանգ ուներ,որի մասին Փաշինյանը երբեք չի խոսել եւ չի խոսելու: Այդ շարժմանը մասնակցող մարդկանց 90-92 տոկոսը դեմ էր Ս.Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը, եւ ոչ թե Փաշինյանի կողմնակիցներն էին: Հայ հանրությունը կտրականապես դեմ էր Սարգսյանի 2014թ. նախաձեռնած Մայր օրենքի արմատական փոփոխությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու եւ իր իշխանավարումը անհայտ ժամկետով երկարաձգելուն, իսկ Փաշինյանը,որպես փորձառու եւ հմուտ ընդդիմադիր գործիչ, կարողացավ այդ շարժումը վերածել իր իշխանության գալու գործընթացի՝ հընթացս,թեթեւ ձեռքով հարյուրհազարավոր բողոքավորներին հռչակելով իր կողմնակիցներ: Ինչեւէ, լինելիքըը եղավ, եւ Փաշինյանի իշխանության գալը հայ հանրությունը ընդունեց որպես հույսի բացված պատուհան, որն ընդլայնվելով պետք է ապահովեր մեր երկրի բարձր անվտանգությունն ու հանրության իրապես իրավահավասար եւ բարեկեցիկ գոյությունը: Բայց հաջորդող մի քանի օրերի եւ շաբաթների ընթացքում սկսեցին նշմարվել պետության ղեկավարին հակացուցված նրա բնավորության գծերը, որոնք շատ կարճ՝ 2-3 տարվա ընթացքում պատճառ դարձան ազգային եւ պետական խոշոր աղետի, որում հիմա գտնվում ենք բոլորս, անխտիր բոլորս:

Զղջում եմ 2008-18թթ.ընդդիմադիր դիրքորոշմանս համար. Ոչ,եւ կրկին անգամ ոչ, քանի որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա համարում եմ, որ այդպես շարունակել այլեւս անհնարին էր, եւ այն ինչ եղավ, օրինաչափ էր: Այդպես չհամարեի, 2008թ.-ին հրաժարական չէի տա եւ մինչ օրս կլինեի Սարչապետ համայնքի ղեկավար՝ «շառից,փորձանքից հեռու», եւ «դինջ կվայելեի» այդ պաշտոնի ընձեռնած հնարավորությունների վրա հիմնված «կուշտ ու հոգսազերծ» կյանքը: Վստահ եմ, որեւէ մեկը չի կարող առարկել ասածիս:

Չկամենալով ծավալվել թեմայի շուրջ ավելին,քան ասվեց, ընդամենը կամենում եմ նշել, որ պարզապես Ն. Փաշինյանը այն գործիչը չէր, որը պետք է գլխավորեր այդ համաժողովրդական ընդվզումն ու դառնար երկրի ղեկավար: Ինչպես ցույց տվեց կյանքը, նա «պրոֆեսիոնալ քաղաքական աճպարարի» որակներին հմտորեն տիրապետող եւ այդ որակները չափազանց խնամքով քողարկած, փառասիրության հիվանդագին մոլուցքով տառապող մի սովորական ավանտյուրիստ էր, որին ամենադիպուկը բնորոշեց առաջին նախագահը՝ անվանելով «ազգակործան պատուհաս»: Անձամբ ես,երկրի ղեկին գտնվելու նրա անհամատեղելիության մասին սկսել եմ բարձրաձայնել դեռեւս 2018թ. հունիս-հուլիս ամիսներից՝ արժանանալով «հեղափոխական» ընկերներիս եւ բարեկամներիս կշտամբանքին եւ կոշտ հակադարձմանը : Յուրաքանչյուր խելամիտ ոք դեռեւս այդ շրջանից սկսած կարող էր տեսնել նրա եւ նրա «անհայրենիք թիմակիցների» դեպի անդունդ տանող քայլերի նախանշանները, որոնք կանխել,ցավոք հնարավոր չեղավ:

Հիմա ներկայի մասին: Մի քանի օրից ընտրություններ են, եւ առանց դույզն իսկ չափազանցնելու կարող եմ ասել, որ դրանք կյանքի եւ մահվան ընտրություններ են: Յուրաքանչյուր հայ դեռեւս ունի հնարավորություն մահվան ճիրաններից փրկելու արնաքամ լինող Հայաստանը, կամ էլ կամա թե ակամա դառնալու նրա գերեզմանափորներից մեկը: Ես անկեղծորեն եւ համառորեն չեմ կամենում հավատալ, որ մենք մեր ձեռքով գերեզման կդնենք հայ էթնոսի վերջին հազարամյակի հավաքական ամենակարեւոր ձեռքբերումը՝ մեր Պետությունը, եւ այդ պատճառով է, որ դիմում եմ բոլոր ինձ ճանաչողներին Հայրենիքի, Պետության կողքին լինելու կոչով՝ լինեք Հայաստանում թե արտերկրում:

Ն.Փաշինյանի եւ իր ապաշնորհ թիմի հետագա իշխանավարումը մի քանի տարվա ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստի. դա այնքան պարզ ճշմարտություն է, որ բնավ կարիք չունի ապացուցման, եւ այս պատեհ շրջանում նրանց անցնցում եւ անարյուն հեռացումը միակ հնարավորությունն է կործանումից փրկելու այն, ինչ մնացել է Հայաստանի եւ Արցախի պետականությունից: Նրա եւ իր թիմի հետագա իշխանավարումը այլեւս վտանգավոր է ՀՀ տարածքային ամբողջականության համար. դրա ապացույցն է աղետալի վիճակը, որում գտնվում ենք: Նրան կրկին իշխանություն վստահելու պարագայում միգուցե մի օր արթնանանք եւ տեղեկանանք, որ մենք այլեւս բնակվում ենք ոչ թե ՀՀ Լոռու մարզում, այլ Վրաստանի Բորչալուի գավառում: Քավ լիցի, ասածիս մեջ ամենեւին սարկազմ չկա ,այլ կա նման իրական սպառնալիք եւ այդ սպառնալիքն այսօր կախված է ՀՀ բազմաթիվ բնակավայրերի եւ ամբողջ Հայաստանի գլխին: Թուրք-ադրբեջանական տանդեմն, իր ահռելի ռեսուրսների գործադրմամբ ամեն ինչ անելու է նրան, որպես «հայկական Էլչիբեյի», իշխանության ղեկին պահելու համար, եւ մեզ՝ հայ հանրության համար այլեւս կենսական պահանջ է Ն.Փաշինյանին քաղաքակիրթ ձեւով հեռացնելը այդ ղեկից:

Ես, որպես համայնքի ղեկավարի թեկնածու, երեք անգամ մասնակցել եմ ընտրությունների, որից երկուսում հաղթել եմ: Երեք ընտրությունների ժամանակ երբեւէ, որեւէ ընտրողից ձայն չեմ խնդրել. Թե՛ անհատական շփումներում, եւ թե՛ հանրային հանդիպումների ընթացքում բացառապես օգտագործել եմ «հայցում եմ Ձեր աջակցությունը» եզրույթը, ինչը կհաստատի այդ ընտրությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք: Ինձ համար սկզբունքի հարց է եղել երբեք ձայն չխնդրել ընտրողից: Այսօր ես մի կողմ եմ դնում իմ բոլոր տեսակի սկզբունքներն ու համոզմունքները եւ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ բոլորիդ Ձեր ձայնը տալ «Հայաստան» դաշինքին եւ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանին: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ արտերկրում բնակվող իմ բոլոր հայրենակիցներին կապվել այստեղ բնակվող հարազատների եւ մտերիմների հետ եւ նույն խնդրանք-հորդորը ուղղել նրանց :

Քարկոծեք ինձ Ռ. Քոչարյան գործչի բացասական եւ Ձեզ համար անընդունելի որակների համար, քննադատեք նրան ինչքան սրտներդ կամենա, բայց ընտրեք նրան եւ «Հայաստան» դաշինքին, քանզի այս պահին նա միակ գործիչն է, որն ի զորու է կանգնեցնելու Հայոց Պետականության գահավիժումն ու նվազագույն կորուստներով դուրս բերելու երկիրն ու հանրությանը այս աղետալի վիճակից : Ցավալի է, բայց այսօր չկա այլ ուժ կամ գործիչ, ով հավակնի պետության ղեկավարի պաշտոնին եւ կրի այն որակները ,որն ունի Ռ. Քոչարյանը՝ բնատուր ուժեղ կամք, սառնասրտություն, հաշվենկատություն, հավասարակշռվածություն, հաղթողի հոգեբանություն: Գումարած այդ ամենին նրա կուտակած ահռելի եւ խիստ անհրաժեշտ փորձը՝ ճգնաժամային կառավարման, կորպորատիվ կառավարման եւ իհարկե վարչապետական-նախագահական կառավարման: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ նրա առկայությունն ու գործընթացին մասնակցելու ցանկությունը այս ծանրագույն շրջանում ինքնին բարեբախտություն է մեր երկրի համար:

Սա այն պահն է, երբ բոլորս պետք է մի կողմ դնենք մեր նախասիրություններն ու առաջնորդվենք բացառապես պետական շահով: Քաղաքական նախասիրությունների եւ բանավեճերի ժամանակ ու հնարավորություն մենք դեռ կունենանք, միայն թե հիմա ամրագրենք մեր Պետության հետագա գոյության իրավունքը, ու Աստված մի արասցե` չկորցնենք մեր պետականությունը:

Ավելորդ չհամարեմ նշել, որ չունեմ ոչ մի անձնական շահագրգռվածություն նման խնդրանքով Ձեզ դիմելու: Ընտրությունների հետ կապված որեւէ պաշտոնական գործընթացներում ընդգրկված չեմ, որեւէ պաշտոն զբաղեցնելու մղում, ցանկություն եւ ժամանակ չունեմ, եւ իմ խոսքը՝ ուղղված Ձեզ, ընդամենը Հայ մարդու, հայաստանցու սրտի խոսք է եւ ոչինչ ավելի:

Ալամ աշխարհի հարգելի սարչապետցիներ, համերկրացիներ, արժանապատիվ հայեր, հայոց պետականության հետագա գոյությունը իրապես վտանգված է, եւ ցանկացած բան առ ոչինչ է պետականության կորստի հետ համեմատած։Այսօր պետականության պահպանությունը գլխավոր հարցն է, որը մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է տարբերակել մնացած բոլոր հարցերից, որոնք այս պարագայում երկրորդական են, երկրորդական են անխտիր բոլոր հարցերը: Այս ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չեն. այստեղ վճռվում է մեր եւ մեր սերունդների ազատ հայ մնալու, թե թուրքահպատակ, կամ էլ չգիտեմ ինչահպատակ դառնալու հարցը, վճռվում է Հայրենիք ունենալու կամ կորցնելու՝ Հայաստանի լինել-չլինելու հարցը։

Մեր կյանքի երեք ամենակարեւոր հասկացություններ են Աստված, Հայրենիք եւ Ընտանիք: Այսօր վտանգված է Հայրենիքի գոյությունը, ինչը ուղիղ կերպով կապակցված է մեր Ընտանիքների գոյության հետ:

Բարօրություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին՝ անսալով Ձեր ողջախոհությանը»,- նշվում է ուղերձում։

Հայաստան Արգամ Պողոսյան Լոռու մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնում եք բախտորոշ ժամանակաշրջանում. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Արգենտինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները. Իշխող մեծամասնությունից ԱԺ նախագահի թեկնածուն կոչ արեց միավորել ջանքերը
Իմ՝ այստեղ գտնվելը հասարակության բուժման նպատակով է․ Արմեն Չարչյան
Անվտանգությունն առաջին հերթին է, իսկ մենք միշտ կմնանք ինքնիշխան պետություն. Խաչատուր Սուքիասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները որպես բողոքի նշան լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Արծվիկ Մինասյան. Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և «Ազատություն» ռադիոկայանը կողմնակալ են
Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
«Արմենիա»-ն օգոստոսին կիրականացնի 4 լրացուցիչ չվերթ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ
՛՛168 ժամ՛՛․Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել
Եվս 35 զինծառայողներ կամ նրանց ընտանիքի անդամներ հատուցում են ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
Կայացել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը
Կամ սրանով ուզում են ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ ուղղակի սարսափած են ընդդիմությունից. Վանեցյան
«Հայաստան». Իշխանությունները մոռացել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ նախկին վարչապետի միջնորդության մասին
Ադրբեջանը կարող է ձեռքերը հասցնել մեր պետական մարմիններին, գործիչներին՝ օգտագործելով քաղաքական իրավիճակը․ Արսենյան
Հայաստանի առջև բացվում են միջուկային տեխնոլոգիաների կիրառման շրջանակն ընդլայնելու անսահմանափակ հնարավորություններ
Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին. Վանեցյան
Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը
Ինչից է մահացել զորամասը լքած զինծառայողը․ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բուհերի մասին» օրենքը
Բարեփոխումները 1-2 օրվա խնդիր չեն. Խաչատուր Սուքիասյան
ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագրերը. Նոր կառավարությունն ունի փոխվարչապետ և 3 նախարար
Գնել Սանոսյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
Մեր գործընկերների առաքելությունն է՝ կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը. Աշոտյան
Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան
Ավելին
Ավելին